ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը հայցադիմումի մեջ լրացումներ կատարելու միջնորդություն է ներկայացրել
12:04, February 23, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Զինված ուժեր2012 թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը հայցադիմումի մեջ լրացումներ կատարելու միջնորդություն է ներկայացրել:
Միջնորդության մեջ մասնավորապես նշվում է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրաժարվում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի՝ իր պահանջից և պնդում իր բարի/գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջը: Հայցվորը շարունակում է մնալ այն կարծիքին, որ խնդրո առարկա հրապարակումներում Պատասխանողի կողմից հնչեցված որոշ արտահայտություններ արատավորող են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որդիներ կորցրած ծնողների պատվի և արժանապատվության համար: Այդուհանդերձ, գիտակցելով այն հանգամանքը, որ այսօրինակ դատավարություններում այդ ծնողների մասնակցությունը՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով էլ ավելի մեծ վնաս կհասցնի առանց այն էլ մեծ վիշտ և վիրավորանք ապրած այդ անձանց զգացմունքներին և ցանկանալով զերծ պահել նրանց ևս մեկ դատավարությունում ներքաշվելու հեռանկարից՝ հրաժարվում է իր հայցադիմումի՝ հիշյալ ծնողներին վերաբերող պահանջից: