ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը մերժվեց
14:11, September 14, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Քրեակատարողական հիմնարկներ2012 թ. սեպտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքը՝ անհիմն լինելու հիմքով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատարանից պահանջում էր ՀՀ դատախազությանը պարտավորեցնել կատարել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թ. մայիսի 30-ի որոշումը:
Որոշման համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է երեք հասարակական կազմակերպությունների վերաքննիչ բողոքի քննությունը։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ները պահանջում էին բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2011 թ. որոշումը և պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը վարույթ հարուցել գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետի դեմ՝ անձին ապօրինի կալանավորելու և կալանքի տակ պահելու հիմքով:
Չնայած այս ամենի, ՀՀ դատախազությունը չի կատարել դատարանի որոշումը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման պատճառաբանություններ բաժնում նշվում է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից բաց է թողնվել օրենսդրի կողմից բողոքարկման համար սահմանված ժամկետը, ուստի այն ըստ էության քննելու հիմքերը բացակայում են և պետք է բողոքը մերժել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանը 2010 թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ն առանց օրենքով նախատեսված հիմքերի պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այդ փաստը հայտնաբերել են երեք ՀԿ-ների ղեկավարները, ովքեր՝ որպես քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբի ներկայացուցիչներ, այցելել էին «Նուբարաշեն»:
Կից ներկայացվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: