Հ. Ալումյան. Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրողների մեջ կան բազմաթիվ անմեղ մարդիկ, իսկ իրական հանցագործները դրսում են
08:55, November 30, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր2012 թ. նոյեմբերի 29-ին Ուրբաթ մամուլի ակումբում տեղի ունեցավ «Մատաղիսի գործով դատախազությունը փակուղուց դուրս գալու ելքեր է փնտրում՝ խտրականություն չդնելով միջոցների մեջ» խորագրով մամուլի ասուլիս:
Ասուլիսին որպես բանախոսներ մասնակցում էին գործով փաստաբան Հայկ Ալումյանը, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը: Ասուլիսին ներկա էին նաև տուժողներից մեկի ծնողները, զինված ուժերում սպանված զինվորների ծնողներ:
Փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց գործի պատմությունը. «2003 թ. դեկտեմբերին, երկու զինծառայող անհետացել են Մատաղիսի զորամասից և երկար ժամանակ փնտրելուց հետո երկուսի դիակները հայտնաբերել են զորամասի հարեւանությամբ գտնվող ջրամբարում: Իհարկե ցավալի դեպք է, սակայն դատախազությունը ոչինչ չի անում իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, այլ հակառակը վերցրել է մի հատ գիծ, գործը կոնկրետ ուղղությամբ կոնկրետ մարդկանց վրա բարդելու համար: Արդեն ութ ու կես տարի է, ինչ գործով մեղադրվում են նախկին երեք զինծառայողներ, որոնց անմեղությունն արդեն դառնում է ակնհայտ: Բոլորի համար պարզ է, թե որտեղ պետք է փնտրել իրական մեղադրողներին:
Դատախազությունը, չունենալով ապացուցներ, որոշել է զարտուղի ճանապարհներով «փրկել» մեղադրանքը, որը ինչպես օրենքի, այնպես էլ բարոյականության տեսանյունից արդեն քննադատելի են»:
«Երբ որ արդեն ոչ մի ապացույց գոյություն չուներ, և սպասում էինք, որ դատախազությունը պետք է հրաժարվի իր մեղադրանքից, հանկարծ դատարանում հայտնվեց մի երիտասարդ կնոջ դիմում, որով հայտարարվում էր, որ ամբաստանյալներից մեկը` Ռազմիկ Սարգսյանը, ով նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, իբր ասել է `«նայի դու էլ իմ զոհը չդառնաս»: Մենք՝ պաշտպանական կողմը՝ միջնորդեց, որ այդ կինը հրավիրվի դատարան և հարցաքննվի: Դատարանում կինը բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ երբեք այդպիսի բան չի լսել Ռ. Սարգսյանից, իսկ երբ մեղադրողն ասաց, թե ինչու՞ եք գրել, կինը հայտնեց. «Որովհետեւ դուք եք թելադրել, ես էլ գրել եմ»,- նշում է փաստաբանը:
Հայկ Ալումյանը ավելացրեց, որ մեղադրողի կողմից պասիվ վարքագիծ է դրսևորվում, մեկ ամիս տարբեր պատրվակներով նիստեր է հետաձգել. մի դեպքում պատրաստ չեն ճառին, այնուհետև դատախազներից մեկը հիվանդ է, մյուսը արձակուրդում է, իսկ երրորդը նշում է, որ տեղյակ չէ գործին, այնինչ այս գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում արդեն 5 տարի է՝ քննվում է:
Հ. Ալումյանը հայտնեց, որ հանկարծակի է իմացել, որ դատախազությունը պատահական չէ ձգձգում այս ամենը: Այդ ձգձգումների քողի տակ քայլեր են ձեռնարկվում, որ այդ երիտասարդ կնոջը նորից ճնշումների ենթարկեն այս անգամ մեկ այլ ամբաստանյալի դեմ վկայություն տալու համար: Անդրադառնալով նրան, թե ով է այդ կինը՝ փաստաբան Ալումյանը նշեց, որ Ռ. Սարգսյանի նախկին ընկերուհին է, որը Ռ. Սարգսյանի՝ մեկ այլ աղջկա հետ նշանադրվելուց հետո սկսել է սուտ վկայություն տալ այն մասին, որ նախ Ռ. Սարգսյանը բռնաբարել է իրեն, այնինչ նրանք երեք տարի շարունակ ապրել են միասին: Այնուհետև մեղադրել է նրան գողություն կատարելու մեջ, սակայն մեղադրանքները հետագայում չեն հիմնավորվել:
Հայկ Ալումյանը հայտարարեց, որ ինքը և իր պաշպանյալները համոզված են եղել, որ նոր զինվորական դատախազությունը կաշկանդված չի լինի նախորդ զինվորական դատախազության թույլ տված սխալները դատական գործընթացներում ուղղելու, սակայն այսօր համոզվում էեն, որ զինորական դատախազության ղեկավարությունը փոխվել է, սակայն չի փոխվել գործելաոճը:
Սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը` Մովսես Մկրտումյանը, անդրադառնալով գործին, ներկայացրեց եղելությունը. «Ըստ նախաքննության, 2003 թ. դեկտեմբերի 24-ին իմ որդին կորում է զորամասից, բայց ինձ՝ որպես ծնողի չեն զգուշացնում: Նոր դեկտեմբերի 31-ին ինձ խաբար են անում, որ իմ տղան մի զինվորի հետ փախել ա ու չկա: Ես զանգում եմ Մարտակերտի ոստիկանություն, որտեղից ինձ ասում են, որ ձեր տղան ոստիկանությունում ա: Ես ուրախանում եմ, որ երեխես գտնվել ա, բայց անցնում ա երեք օր, հունվարի 2-ին, զանգում են, թե թյուրիմացություն ա` ձեր երեխեն չկա: Դրանից հետո ես գնում եմ Ղարաբաղ, և 2004 թ. հունվարի 9-ին առաջինը իմ որդու դիակը գտնում են ջրից: Դեմքից, մարմնից երևում ա, որ ինքը մի քանի օր առաջ սպանված ու քցած ա ջուրը: Իսկ դրա հաջորդ օրը` 2004 թ. հունվարի 10-ին, հանում են մյուս դիակը, էլի նույն տեղից, բայց մյուս դիակը լրիվ քայքայված, մի խոսքով, ավելի շուտա մահացած»:
Մովսես Մկրտումյանը վստահ է. «Նրանք երկուսն էլ նույն օրը չեն մահացել: Իմ երեխեն էդ օրը, դեկտեմբերի 24-ին չի մահացել, բայց էս երեխեքին դատում են էդ օրն արված սպանության համար»:
«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը, անդրադառնալով գործին, նշեց, որ 2005 թ. բազմաթիվ ակցիաներով, հանդիպումներով և միջոցառումներով փորձում ենք ցույց տալ, որ գործը կառուցված է միայն մեկ խոստովանական ցուցմունքի վրա և հիմնված է անհեթեթությունների վրա: Ըստ նրա՝ Մատաղիսի գործը բացառություն չէ, մյուս զինվորական գործերն էլ են այս գործի նման:
Հայկ Ալումյանը, եզրափակելով իր խոսքը, հայտնեց. «Հավատեցեք, այսօր քրեկատարողական հիմնարկներում պատիժ կրողների մեջ կան բազմաթիվ անմեղ մարդիկ, իսկ իրական հանցագործները դրսում են: Պատճառը և’ նախաքննության մարմինների, և’ դատախազության ոչ որակյալ քննությունն է և դատարանների կախվածությունը այդ մարմիններից:
Ցանկացածիս հետ կարող է նման դեպք պատահել, քանի դեռ հասարակությունն անտարբեր է այս երևույթների նկատմամբ»:
Նշենք նաև, որ Մատաղիսի գործի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: