Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում տարածաշրջանային համաժողով
00:00, November 23, 2006 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱնհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում
տարածաշրջանային համաժողով
/Վանաձոր, 24-25 նոյեմբերի, 2006թ/
2006թ-ի նոյեմբերի 24-25-ը Վանաձորի Արգիշտի հյուրանոցում /Բաթումի 3 հասցեում/ տեղի կունենա «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում» տարածաշրջանային համաժողովը:
Տարածաշրջանային համաժողովին հրավիրված են մասնակցելու ադրբեջանական գործընկերներ, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան Նախաձեռնություն-92» կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի, ՀՔԱ Վրաստանի Ազգային Կոմիտեի և «Մոլոդինի» /«Սպասում»/ կազմակերպությունների, անհայտ կորածների խնդիրներով զբաղվող միջազգային Classen Group-ի, Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհայտ կորածների ծնողներ:
Համաժողովի ընթացքում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի գործընկերները կներկայացնեն «Դեղին Կակաչներ» ծրագրի շրջանակներում կատարված գործունեության արդյունքները անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկատվության հայթայթման վերաբերյալ իրադրությունը անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ Ժնևյան մեխանիզմների կիրարկումը ազգային օրենսդրության մեջ:
Նախատեսվում է համաժողովի արդյունքում մշակել հետևյալ փաստաթղթերը.
ուղերձ՝ պետական կառավարական և միջազգային կառույցներին՝ անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ:
Առաջարկություններ՝ անհայտ կորածների խնդիրների մասին Եվրոպայի խորհրդի ներկայացուցչի զեկույցի վերաբերյալ:
Հետագա քայլեր՝ անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ:
2001թ-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խաղաղասիրական գործունեության, անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ծրագրեր է իրականացնում ՀՔԱ Հարավային Կովկասի ցանցի կազմակերպությունների հետ:
Արդեն երրորդ տարին է ՀՔԱ Վանաձորի և Գյանջայի գրասենյակների, ՀՔԱ Ադրբեջանի և Վրաստանի ազգային կոմիտեների, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն 92» կազմակերպությունների կողմից Միջեկեղեցական Խաղաղության խորհրդի (IKV, Նիդեռլանդներ) աջակցությամբ իրականացվում է անհայտ կորածների խնդիրներին ուղղված «Դեղին կակաչներ» ծրագիրը:
Տարածաշրջանային համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Արմինե Սադիկյանին: