«Մայդանում նաև մենք ենք» կարգախոսով երթ Երևանում
13:03, February 19, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՉորեքշաբթի օրը Երևանում անցկացվեց «Մայդանում նաև մենք ենք» կարգախոսով երթ Հաղթանակի զբոսայգուց դեպի Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն:
«Պուտին, գնա տուն», «Մոտենում է մարտի 1-ը, իսկ Կիևում նույն իրավիճակն է» և այլ կարգախոսներով պաստառներ պարզած՝ Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ իրենց աջակցությունն էին հայտնում Ուկրաինայում ազատության, մարդկային արժանապատվության համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին՝ խստորեն դատապարտելով Ուկրաինայի իշխանությունների կողմից կատարված բռնությունները:
«Մենք անցել ենք գրեթե նույն ճանապարհը, ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայում: Վեց տարի առաջ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համար կանգնած Հայաստանի քաղաքացիները գնդակահարվեցին Երևանի փողոցներում», – հայտարարում էին ակցիայի մասնակիցները:
Երթին մասնակցում էին հիմնականում քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներից ներկա էին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը:
«Երեկ Յանուկովիչը դադարեց լեգիտիմ նախագահ լինելուց: Յանուկովիչն ու նրա իշխանությունն այսօր ոչ թե իշխանություն են, այլ ընդամենը՝ հակամարտության կողմ», – Ուկրաինայի դեսպանատան մոտ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը՝ շարունակելով․ – «Պուտինը իր դրածո դարձած Յանուկովիչի միջոցով իր նեոկայսերապաշտական ծրագրերն իրականացնելու համար որոշել է փորձել Ուկրաինայում սահմանել բռնապետություն, իսկ Ռադան դադարել է քաղաքական մարմին լինելուց և օգտագործելով բացառապես թվաբանական մեծամասնությունը՝ նպաստում է բռնապետության հաստատմանը: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Կիևում, կազմակերպվել և իրականացվել է նույն կենտրոնի կողմից, ինչը տեղի է ունեցել Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին»:
Համոզմունք հայտնելով, որ, այնուամենայնիվ, Ուկրաինայում բռնապետությունը չի անցնի, Շահնազարյանը հավելեց, թե «երեկ Մայդանում պայթեց Պուտինի կայսերապետական քաղաքականությունը»:
Ցուցարարները պահանջում էին, որ միջազգային հանրությունը իրավական գնահատական տա «մարդկության դեմ կատարվող այս հանցագործություններին», նույնիսկ հնչում էին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Հաագայի դատարան հանձնելու կոչեր:
Ստյոպա Սաֆարյանն էլ մտահոգություն հայտնեց, որ եթե չդադարի այդ արյունահեղությունը, Ուկրաինայում կարող են քաոս և անկանխատեսելի զարգացումներ լինել:
«Ազատության» հետ զրույցում հիշեցնելով, որ Հայաստանում անցած տարվա նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին շատերն էին մեղադրում բազմամարդ ցույցը նախագահի նստավայր տանելու փոխարեն Ծիծեռնակաբերդ ուղղելու համար, Սաֆարյանը հավելեց, որ ամեն մարդ չի կարող արյան պատասխանատվության տակ ընկնել: Իսկ որ Հայաստանի իշխանությունները կանեին ավելին, քան Յանուկովիչն է այժմ անում, Սաֆարյանը չի կասկածում:
Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/25269299.html
Այս մասին այլ նյութեր՝ http://www.aravot.am/2014/02/19/433143/