Մատաղիսի գործ. ապտակ Ջհանգիրյանին
07:33, December 19, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Մատաղիսի գործ»-ով այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման վճիռը հասարակության մեծ մասին ուրախացրել է: Սակայն, դատավճռին, որը ըստ էության, ապտակ էր նախկին զինդատախազ և նույն գործի կնքահայր համարվող Գագիկ Ջհանգիրյանին, նրա արձագանքը հասարակությանը բավականին վրդովեցրել է: Պարզվում է` Ջհանգիրյանի պաշտոնավարման ժամանակայս գործի քննությունը սխալ ընթացք է ունեցել:
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ, ԶԻՆԴԱՏԱԽԱԶ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ.
-Պարոն Կոստանյան, «Մատաղիսի գործ»-ով արդարացման վճիռ կայացվեց: Ինչպե՞ս եք մեկնաբանում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
-Ինձ համար ինչ-որ արտառոց բան տեղի չի ունեցել: Համենայնդեպս` կարող եմ ասել, որ ես շատ օրինաչափ եմ համարում, որ մեղադրող կողմի դիրքորոշումը կարող է չհամընկնել դատարանի դիրքորոշման հետ: Դա իրոք, օրինաչափ է: Այսինքն` մեղադրամքի կողմը գտնում է այլ կետ, իսկ դատարանը այլ որոշում է կայացնում: Ընդամենը կարող եմ ասել մի բան. դատավճռին ծանոթանալուց հետո նոր, մենք կորոշենք, թե համապատասխան վերաքննիչ, վճռաբեկ բողոք ներկայացնելու ենք, թե ոչ: Ընդամենը կարող եմ փաստել մի բան, որ մենք պնդում ենք, գտնում ենք, որ առնվազն դատաքննության ընթացքում հետազոտված և ձեռք բերված ապացույցների համակցության արդյունքում մեր գնահատմամբ, մենք իրոք գործ ունենք հանցակազմի առկայության հետ: Այս առումով շատ կարևոր է այն հանգամանքը, որ դատարանը որոշումը կայացրել է ապացույցների անբավարարության հիմքով: Այսինքն, մենք չենք խոսում հանցակազմի բացակայության մասին, մենք խոսում ենք ապացույցների անբավարարության մասին: Այսինքն կան ապացույցներ, որոնք հիմնավորում են մեղքը, բայց դրանք բավարար չեն, որպեսզի մեղադրական դատավճիռ կայացվի: Այս իմաստով, ինձ համար ինչ-որ արտառոց փաստ տեղի չունեցավ: Ընդամենը, այն ապացույցները, որոնք մենք համարում էինք բավարար, դատարանը համարեց անբավարար: Ընդ որում, այստեղ մի կարևոր փաստ էլ պետք է նկատի ունենանք, որ հիմնական այն ապացույցները որոնց վրա կառուցված էր մեղադրանքը ձեռք էին բերվել նախաքննության սկզբնական ժամանակահատվածում: Այդ ապացույցների հիմնական մասը Վճռաբեկ դատարանի կողմից այն ժամանակ ճանաչվել էին անընդունելի: Մենք դատաքննության ընթացքում այդ ապացույցների հետազոտման արդյունքում որոշեցինք, որ պետք է պնդենք մեղադրանքը: Բայց կարծում եմ, որ բոլորի համար էր ակնհայտ, որ ոչ թե սպանության, այլ ծանր մարմնական վնասվածքը հիմնավորող մեղադրանք էր ներկայացվել: Այսինքն` իմ գնահատմամբ, մենք գործ ունեինք ոչ թե սպանության, այլ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի հետ, որոնք առաջացրել էին տուժողների մահը: Այսինքն, սպանության մասին խոսք լինել չէր կարող:
-Ասացիք, որ կծանոթանաք դատավճռին և նոր միայն կորոշվի` բողոքարկում եք, թե՞ ոչ: Որքանո՞վ է հավանականությունը, որ կբողոքարկեք վճիռը:
-Հավանականությունը շատ մեծ է, և ես վճռին ծանոթանալուց հետո հստակ դիրքորոշում կարող եմ հայտնել: Բայց այն ապացույցները, որոնց վրա մենք հիմնվել ենք մեղադրանքը պաշտպանելիս, այդ ապացույցները բավարար էին, որպեսզի անձանց մեղադրեինք դիտավորությամբ մարդկանց ծանր վնասվածք հասցնելու և ոչ թե սպանության մեջ:Շեշտում եմ ծանր վնասվածք հասցնելու մասը, որովհետև նախորդ ժամանակներում խոսքը գնացել է սպանության մասին: Ի սկզբանե սպանության մասին իմ դիրքորոշումը փոխված է եղել: Իսկ բողոքարկման մասին որոշում կարող է կայացվել վճռին ծանոթանալուց հետո` հասկանալու, թե որ ապացույցները դատարանը գնահատեց ոչ թույլատրելի, որ ապացույցները գնահատեց ոչ վերաբերելի, որ ապացույցները դատարանը գնահատեց անարժանահավատ: Այս ամբողջ համադրության արդյունքում ես կարծում եմ, որ հնարավորություն կլինի հստակ գնահատել բողոքարկելու հնարավորությունը:
-Պարոն Կոստանյան, դուք նշեցիք, որ գործով ձեռք բերված ապացույցներն անբավարար են եղել: Ի՞նչն էր պատճառը:
-Ապացույցների էական մասը, 99 տոկոսը, հիմնված են եղել նախկինում ձեռք բերված ապացույցների հիման վրա: Ես կարող եմ փաստել, որ նախկինում այդ ապացույցների ձեռք բերման ճանապարհը, աղբյուրները, այդ ապացույցների թույլատրելիության սահմանները սխալ են դրվել, որի արդյունքում, մենք այսօր կարող էինք ունենալ անթույլատրելի ապացույցներ: Ինչո՞ւ: Վճռաբեկ դատարանը որոշման արդյունքում բեկանեց և ամբողջ գործը ուղարկեց նոր քննության` անթույլատրելի համարելով բազմաթիվ ապացույցներ, որոնք իրենց հիմքում ունեին ամբողջ մեղադրանքը: Դատարանը անթույլատրելի ճանաչեց դրանք, որովհետև դրանց մի մասը ձեռք էր բերվել խոշտանգումների արդյունքում, ըստ դատարանի որոշման, մյուս մասի անարժանահավատության խնդիր էր դրված և այլն: Եթե ժամանակին պատշաճ գնահատական տրվեր այդ ապացույցների թույլատրելիության խնդրին, ես կարծում եմ, որ այսօր մենք չէինք կանգնի այս խնդրի առաջ: Այդ ապացույցներն այնուամենայնիվ, հետազոտվել են, Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա քննություն է իրականացվել: Եթե ժամանակին թույլատրելիության վերաբերյալ խնդիրները պատշաճ գնահատվեին, մենք չէինք կանգնի այդ փաստի առաջ և կունենայինք մեղադրական դատավճիռ:
-Փաստորեն, Պարոն Կոստանյան, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարությամբ քննչական խումբը սխալ քննչական գործողություննե՞ր է կատարել, որ հիմա Դուք փաստի առաջ եք կանգնել:
-Ես խորին հարգանք ունեմ իմ նախորդների և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ: Այնուամենյանիվ, իրավագիտությունը ճշգրիտ գիտություն չէ, բայց ես այլ կերպ կվարվեի: Դա չի նշանակում, որ ես որևէ կերպ նսեմացնում եմ նախորդ նախաքննության մարմնի կատարած աշխատանքը: Համենայնդեպս ես, որպես զինվորական դատախազ, սկզբունքորեն այլ կերպ կվարվեի նման իրադրության պարագայում: Միաժամանակ, կարող եմ ասել. այս մեղադրանքը պաշտպանվել է և այս մեղադրական ճառը ներկայացվել է ինձ հետ համաձայնեցնելու արդյունքում: Գտնում եմ, որ կարող եմ դատական մյուս ատյաններին ներկայացնել, իմ գնահատմամբ, բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն, որ մեր դիրքորոշումը ապացուցազուրկ չէ: Դատարանի այս որոշումը ևս փաստում է, որ ապացույցների անբավարարության մասին է խոսքը և ոչ թե հանցակազմի բացակայության: Այսինքն, նախաքննության մարմինը չի կարողացել ներկայացնել այնպիսի ծանրակշիռ, անբեկանելի ապացույցներ, որոնք կհիմնավորեին մեր ամբաստանյալի մեղքը:
-Բացի երեք ամբաստանյալներից, այլ մարդու մեղավորությունը ևս չե՞ն հիմնավորում Ձեր ունեցած ապացույցները:
-Ես կարծում եմ, որ դատական ատյաններում, դատական համակարգում բոլոր միջոցները սպառվելուց հետո, բոլոր դեպքերում պետք է ձեռնամուխ լինենք նոր նախաքննության իրականացմանը և այդ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը: Այդ արդյունքում միայն կարող ենք ասել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ընդ որում, ունենք մի շարք վարկածներ, որոնք կրկին ստուգման անհրաժեշտություն ունեն: Եթե անգամ, այդ այսպես կոչված, լրացուցիչ նախաքննության արդյունքում հանգենք այնպիսի եզրակացության կամ այնպիսի ապացույցներ ձեռք բերենք, որոնք կարող են հիմնավորել կրկին այս մեր ամբաստանյալի մեղավորությունը, օրենսդրությունը մեզ թույլ է տալիս, որ նոր երևան եկած հանգամանքների ուժով մենք կրկին մեղադրանք առաջադրելու հնարավորություն կունենանք: Շատ կարևոր մի բան ասեմ` թե դատախազը և թե դատարանը իրենց լիազորություններն իրականացնում են իրենց ներքին համոզմամբ ապացույցների հիման վրա: Շատ կարևոր հանգամանք է դա: Անկախ նրանից, թե իմ համոզմունքը, որպես զինդատախազ, ինչպիսին է ես անպայման լսում եմ մեղադրող դատախազներին, ովքեր ներկա են եղել հարցաքննությանը, տեսել են մեղադրյալներին, վկաներին և երբ իրենց հետ խոսում եմ նրանց հետ ու իրենք պնդում են, որ մեր համոզմունքն է, որ իրենք մեղավոր են, ապա ես իրենց համոզմունքը հարգում եմ: Նրանք ներկա են լինում ամեն պրոցեսներին, շփվում են այդ մարդկանց հետ, ուշադրություն դարձնում նրանց ժեստերին և այլն, դա ամբողջությամբ այլ բան է: Արդարադատությունը իրականացվում է ոչ միայն փաստաթղթերի հիման վրա, այլև թե դատախազի, թե դատարանի ներքին համոզման հիման վրա: Իմ որոշումը պնդելու մեղադրանքը պայմանավորված էր հսկող և մեղադրանքը պաշտպանող դատախազների ներքին համոզմամբ, որը ես հարգում եմ:
-Այսինքն` հնարավոր համարո՞ւմ եք մի իրավիճակ, երբ այլ անձ ներգրավվի գործում որպես ամբաստանյալ:
-Չեմ բացառում: Գործի նախաքննության հենց ամենասկզբից եղել են և կան այնպիսի վարկածներ, որոնք կրկին, դատարանի որոշման հիման վրա առնվազն ստուգման կարիք ունեն:
-Պարոն Կոստանյան, տուժող կողմի իրավահաջորդները պնդում են, որ այս գործում գլխավոր դերակատարը նույն զորամասի նախկին հրամանատար Իվան Գրիգորյանն է: Դուք որքանո՞վ եք հնարավոր համարում նրա մասնակցությունն այդ ամենին:
-Հնարավոր վարկածներ կան և այդ վարկածները ժամանակին նախաքննության ընթացքում քննարկման առարկա եղել են: Այս դատարանի որոշման հիման վրա բոլոր այն վարկածները, որոնք քննարկման առարկա են դարձել և ոչ միայն դրանք, քննարկման առարկա դառնալու են: Այդ թվում քննարկվելու է հրամանատարի կամ առանց նրա մասնակցության վարկածը:
-Պարոն Կոստանյան, ինչո՞ւ մեղադրանքը փոխվեց դատական գործընթացի վերջում:
-Ցանկացած ապացույց, երբ ձեռք ես բերում, դրանց վերաբերյալ վերջնական գնահատականը տալիս ես դատաքննության արդյունքում: Երբ դատաքննությունն ավարտվեց և դրա ողջ ընթացքում ձեռքբերված ապացույցները ես ի վիճակի եղա գնահատելու, նոր միայն եկա այն եզրակացության, որ այստեղ սպանության մասին խոսք չկա:
-Գագիկ Ջհանգիրյանն այսօր հայտարարել էր, որ ամբաստանյալ երեք տղաները մարդասպաններ են:
-Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական գործիչ է: Ես կարծում եմ, որ մեղադրանքի կողմ հանդես գալու պարագայում Ջհանգիրյանը ավելի զուսպ կգտնվեր իր գնահատականների մեջ, իսկ որպես քաղաքացի և քաղաքական գործիչ նա ազատ է իր գնահատականների մեջ: Ես որպես մեղադրանքի կողմ, գտնում եմ, որ մենք այս պահի դրությամբ չունենք մարդասպանությամբ ձևավորված և ապացուցված գնահատական: Այլ կրկնվեմ` մենք ունենք ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք:
-Գագիկ Ջհանգիրյանը անմեղության կանխավարկա՞ծ է խախտել:
-Ես խորին հարգանք ունեմ իմ նախորդների և անձի, և իրենց անցած ճանապարհի նկատմամբ` անկախ նրանից այդ անցած ճանապարհը ճիշտ է, թե ոչ:
Աղբյուրը՝ http://www.panorama.am/am/interviews/2012/12/18/kostanyan-interview