ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
00:00, July 5, 2006Մոսկվա, Վաշինգթոն, Փարիզ, 3-ը հուլիսի, 2006 թ.
Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում տեղի գտած ենթադրությունները` Մինսկի խմբի համանախագահողների կողմից երկու կողմերին առաջարկված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ, անհրաժեշտ է անել հետեւյալ պարզաբանումները:
Հունիսի 22-ին Մինսկի խմբի համանախագահները զեկուցեցին ԵԱՀԿ Մշտական խորհրդին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ վերջին ամիսներին տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերավերյալ: Նրանք զեկուցեցին վերջին 7 ամիսների իրենց ակտիվ միջնորդական աշխատանքների մասին, որոնց նպատակն էր համաձայնություն ձերք բերել խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Այս աշխատանքները ներառել են համանախագահների այցելությունները Բաքու եւ Երեւան` երեք անգամ համատեղ եւ մի քանի անգամ առանձին, երկու հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ, եւ երկու վեհաժողով նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ, առաջինը փետրվարին Ռամբույեում, իսկ երկրորդը հունիսի սկզբին Բուխարեստում: Ի լրացումն, համանախագահող երկրների ներկայացուցիչները` արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, համատեղ այցով մայիսին եղան տարածաշրջանում: Միջնորդական աշխատանքների ընթացքում համանախագահները ինչպես միշտ շեշտել են իրենց երկրների եւ միջազգային հանրության համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ կարգավորումն է: Նրանք նաեւ շեշտեցին, որ երկու երկրների ղեկավարները իրենց ժողովրդներին պետք է նախապատրաստեն խաղաղության ու ոչ թե պատերազմի:
Համանախագահների միջնորդական ջանքերի արդյունքում նախագահներ Քոչարյանին ու Ալիեւին առաջարկվեց հիմնարար սկզբունքների արդարացի, հավասարակշռված եւ գործունակ մի փաթեթ, որը կարող է երկու կողմերի համար ճանապարհ հարթել կարգավորման հեռանկարային համաձայնագրի մշակման համար: Այդ սկզբունքները հիմնված են հետեւյալի վրա` Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրս բերում, հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ (ներառելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցք), այդ տարածքների ապառազմականացում, եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման համար հանրաքվե կամ բնակչության քվեարկություն, որի ժամկետը եւ ձեւաչափը կորոշվի հետագա բանակցությունների ընթացքում: Կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր եւ կստեղծվի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողով. միջազգային աջակցություն կապահովվի ականազերծման, վերականգնողական աշխատանքների ու ներքին տեղահանվածներին նախկինում օկուպացված ու Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած տարածքներում վերաբնակեցնելու նպատակով: Որոշակի միջանկյալ պայմանավորվածություններ կլինեն, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ: Կողմերը կհրաժարվեն ուժ կիրառելուց կամ ուժ կիրառելու սպառնալիքներից, ու կապահովվեն միջազգային ու երկկողմ անվտանգության երաշխիքներ ու հավաստիացումներ: Ինչ վերաբերում է քվեարկությանը , որը կորոշվի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը, համանախագահները ընդգծեցին, որ պետք է լինեն համապատասխան նախադրյալներ, որպեսզի քվեարկությունն անցկացվի մի միջավայրում, որտեղ չկա պարտադրանք, իսկ իրազեկ քաղաքացիներն ունեն իրենց դիրքորոշումները կշռադատելու լայն հնարավորություններ հրապարակային եռանդուն բանավեճերից հետո:
Դժբախտաբար, Բուխարեստում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում նախագահներին չհաջողվեց համաձայնության գալ խնդրի կարգավորման այս սկզբունքների շուրջ: Համանախագահները շարունակում են հավատալ, որ բանակցությունների վերջին երկու տարիների ընթացքում մշակված առաջարկները լավագույն հնարավորությունն են ընձեռում խնդրի արդարացի եւ տեւական կարգավորմանը հասնելու: Նրանք խորապես համոզված են, որ եկել է ժամանակը, որպեսզի երկու երկրների նախագահները հիմնվելով այս սկզբունքների վրա ձեռնամուխ լինեն կարգավորման գործընթացում առաջխաղացում կատարելուն: Նախագահների պատրաստակամության դեպքում` համանախագահները պատրաստ են աջակցել կողմերին ավարտին հասցնելու համաձայնության գործընթացը: Չնայած մոտ ապագայում համանախագահների աջակցությամբ կողմերի համար լրացուցիչ հանդիպումներ նախատեսված չեն, այնուամենայնիվ, նրանք պատրաստ կլինեն նորից մասնակցել, եթե կողմերը որոշեն շարունակել բանակցություններն այն քաղաքական կամքով, որը մինչ այժմ բացակայել է:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=40629