Նոյեմբերի 5-ին հանրությունն ականատես եղավ ոստիկանական բեսպրեդելին
08:07, November 8, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ոստիկանություն«Ձերբակալվածների նկատմամբ բռնության գործադրման փաստը՝ քրեական հանցագործություն է, որի համար անձամբ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ոստիկանապետ Վովա Գասպարյանն ու նրա տեղակալ Հունան Պողոսյանը» ,- այսօր Մեդիա Կենտրոնում նոյեմբերի 5-ի ոստիկանների և ակտիվիստների միջև բախումների շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորիգրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանն անգամ կասկածի տակ չդրեց ՀՀ ոստիկանապետի և նրա տեղակալի կողմից Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ ՁՊՎ-ում բռնություն գործադրելու մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Հիշենք Վարդգես Գասպարիի օրինակը, երբ ոստիկանապետը վերջինիս բերման էր ենթարկել իր աշխատասենյակ և բռնությունների ենթարկել։ Հասարակությունը չպիտի բավարարվի Վովայի հերքելով, այլ պետք է քննություն հայտարարվի, դա քրեորեն պատժելի արարք է ,- ընդգծում է իրավապաշտպանը՝ նշելով, որ ինքը չի տեսնում հանրության մեջ ոստիկանապետի կողմից կիրառած բռնությունների զանգվածային դատապարտումը, փոխարենը ուղղորդված լրատվամիջոցների և ռեժիմի քարոզչամեքենայի արդյունքում հասարակությունը ֆիքսվել է Շանթ Հարությունյանի արարքին խուլիգանական գնահատական տալու վրա։
«Վերջին հաշվով, եթե ոստիկանությունը գտնում էր, որ Շանթ Հարությունյանի հայտարարությունները սպառնալիք են, գործողություններն էլ՝ խուլիգանություն, ապա կարող ենք փաստել, որ ՀՀ ոստիկանությունը կանխամտածված անգործություն ցուցաբերեց դրանք կանխարգելելու ուղղությամբ, ինչպես նաև գիտակցված բռնություն՝ հասարակության նկատմամբ»,- հայտարարեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանի գնահատմամբ նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանությունը գործես ԿԳԲ-ի բնորոշ մարտավարությամբ սադրիչներ ներգրավվելով, արհեստականորեն քաոսային վիճակ ստեղծելով հասունացրեց իրավիճակը՝ ապա առավել ցավոտ հարված հասցրեց։
Նոյեմբերի 5-ին հանրությունն ականատես եղավ «ոստիկանական բեսպրեդելի», երբ 40 ցուցարարների դեմ հանվեցին կարմիր բերետավորներ, հատուկ ջոկատայիններ, ջրցան մեքենաներ, բերման ենթարկեցին գրեթե բոլոր մասնակիցներին և անգամ իրադարձություններին հետևող ականատես քաղաքացիներին։
Ասուլիսին ներկա Դավիթ Գևորգյանն, ով իրադարձություններին միացել էր բավականին ուշացումով, պատմեց իրեն բերման ենթարկելու մասին՝ հիշատակելով ոստիկանների բռնությունները, սեռական բնույթի հայհոյանքներն ու սպառնալիքները.
«Բառացի ասում էին՝ քայլե`ք, մարդկանց վրայով քայլե`ք, բռնե`ք ու տարե`ք։ 7-8 հոգով կարմիր բերետավորները հարձակվում էին մի մարդու վրա՝ հարվածելով շպրտում ոստիկանական մեքենայի մեջ»։ Դավիթին ոստիկանությունում այդպես էլ չհիմնավորեցին՝ ինչու են բերման ենթարկել, միայն, երբ օրենքով սահմանված 3 ժամն անցավ, եկան և հայտարարեցին, որ նրան ձերբակալում են՝ մեղադրելով տխրահռչակ 316-րդ հոդվածի 2-րդ մասով։
«Ես, սակայն, ալիբի ունեի, որ դեպքերի ժամանակ տեսախցիկներն էլ ֆիքսել են ուրիշ վայրում եմ եղել իմ գործերով»,- երիտասարդի պատմելով, նա զգուշացրել է քննիչներին, որ իր դեմ կեղծ ցուցմունք տված ոստիկնանը կհայտնվի ճաղերի հետևում, քանի որ ինքն ունի իր անմեղությունը փաստող ապացույցներ։
Միայն դրանից հետո Դավիթ Գևորգյանին ազատ արձակեցին։ Վերջինիս փաստորեն ոստիկանությունում պահեցին 6-7 ժամ, ինչն օրենքի կոպտագույն խախտում է։ Արթուր Սաքունցն անդրադառնալով ակտիվիստի պատմածին՝ փաստեց, որ մեր երկրում , այս իշխանությունների ստեղծած ռեժիմի պայմաններում իր իրավունքների, արդարության և հետևապես ռեժիմի դեմ պայքարող անհատը, քանի դեռ միանգամից չի ապացուցել իր անմեղությունը, հեշտությամբ կարող է հայտնվել անազատոթյան մեջ:
«Գալիս են, կեղծ թղթեր ստորագրում, ոստիկանների կեղծ ցուցմունքները լսում, դատում ու կալանավորում մարդկանց»։
Ասուլիսին ներկա տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի համար էլ զարմանալի էր այն փաստը, որ Անոնիմուս պայքարի ձևը, ինչի մասին հայտարարել էր Շանթ Հարությունյանը, դեռևս տարածում չի գտել, և արտահայտվեց միայն նոյեմբերի 5-ին: Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ, իշխանությունների, ինչպես նաև ընդդիմության սառած և պասիվ վիճակում բնական է որ պիտի ստեղծվեն երիտասարդների միավորումներ, որոնց ձեռ չի տալիս նման պասիվ վիճակը։
«Ինձ համար անգամ զարմանալի է, որ հայաստանում Անոնիմուս պայքարի ձևը դեռևս թափ չի առել։ Ի դեպ, ցուցարարները պիտի պատրաստ լինեն ոստիկանությունների կողմից բռնությանն ու ծեծին, ոստիկաններն էլ իրենց հերթին պետք է գիտակցեն, որ քարեր են նետվելու իրենց կողմ ևս»։ Ասուլիսին մասնակցող քաղաքագետ Էդգար Վարդանյանի համոզմամբ Շանթ Հարությունյանը բավականին սթափ և ադեկվատ գնահատականներ տալով քաղաքական այժմյան իրավիճակին, իր ազնիվ և պայքարող տեսակով արժանացել է հասարակության բավականին լայն շրջանակների համակրանքին։
«Իշխանությունն էլ այս ամենն իմանալով՝ փորձում է վարկաբեկել վերջինիս գործողությունները՝ որակելով դրանք իբրև խուլիգանություն»։
Քաղաքագետը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցածը չի կարող որակվել իբրև խուլիգանություն, քանի որ դա սահմանադրությամբ և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ամրագրված ընդվզման իրավունքի դրսևորում է։ Երբ իշխանություններն իրենց ոչ իրավական գործելակերպով հասարակությանն այլընտրանք չեն թողնում, վերջինս կարող է և իրավունք ունի դիմել ընդվզման։
Էդգար Վարդանյանը հույս հայտնեց նաև, որ հասարակության նմանատիպ պայքարի արդյունքում ՀՀ իշխանությունները և մասնավորապես ոստիկանությունը վերջապես կգիտակցի և կընդունի իր իսկ երկրի Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիական անհնազանդություն իրականացնելու իրավունքը։
Ասուլիսի վերջում իրավապաշտպան Արթուր Սաքունցը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին մասնակցել շաբաթ օրը ժամը 12-ին Ազատության հրապարակից մեկնարկող երթին, որի պահանջն է Շանթ Հարությունյանի և մյուս ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումն ու ՀՀ ոստիկանապետին և նրա տեղակալին քրեական պատասխանատվության ենթարկելը։
Աղբյուրը` http://jfhr.am/?ln=1&id_=29&page_id=67
Այս մասին այլ նյութեր`
Շանթի «հաշտվեք, որ ի՞նչ անեք»-ը, «անոնիմոս» Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանական «բեսպրեդելը» -aravot.am