Շանթ Հարությունյանի դիմումը մերժվել է
12:35, December 25, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | ՔաղբանտարկյալներՈստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը մերժել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի դիմումը` հարազատների կողմից իրեն տեսակցելու արգելանքի վերացման վերաբերյալ: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը` նշելով, որ պաշտոնապես մերժումը դեռ չեն ստացել և միայն հեռախոսով են տեղեկացրել:
Հարցին, թե արդյոք պատրաստ են դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության արդյունքները, փաստաբանը բացասական պատասխանեց: «Վարչությունից մեզ տեղեկացրին, որ իրենք էլ դեռ չեն ստացել»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է համարում հունվարի 5-ին Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետի երկարաձգումը, փաստաբանը դժվարացավ պատասխանել:
«Վարույթ իրականացնող մարմինը այս ընթացքում Շանթի հետ կապված որևէ քննչական գործողություն չի իրականացնել` բացի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելուց, այսինքն` կարելի է եզրակացնել, որ, ըստ էության, Շանթին ոչինչ էլ չկա պահելու, բայց այնուամենայնիվ հստակ չեմ կարող ասել»,- ասաց փաստաբանը:
Նոյեմբերի 5-ի երեկոյան Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված Շանթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Նրան մեղադրանք էր առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով: Նոյեմբերի 19-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում բավարարել էր քննիչի միջնորդությունը` Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառելով դատահոգեբուժական փորձաքննություն: Նոյեմբերի 20-ին նա տեղափոխվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա, իսկ դեկտեմբերի 10-ին` «Երևան-Կենտրոն» ՔՀԿ: Հունվարի 5-ին լրանում է Շանթ Հարությունյանի երկամսյա կալանքի ժամկետը:
Աղբյուրը՝ http://civilnet.am/2013/12/24/shant-harutyunyan-appeal-denied/