Ոչ աշխատանքային «Մեռելոցը» կրոնական խտրականության դրսևորում է. իրավապաշտպան
06:23, September 18, 2012 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատություն«Մենք նպատակ ունենք դատական կարգով բողոքարկելու տարվա մեջ որոշ եկեղեցական տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային համարելու՝ կառավարության որոշումը: Դա բավական լուրջ խնդիր է ՀՀ քաղաքացիների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նրա խոսքերով՝ նման որոշումը նախևառաջ պետության կողմից անհարկի միջամտություն է խղճի ազատության իրավունքին. «Կառավարությունը որոշում է՝ ես երբ հիշեմ իմ ննջեցյալներին: Դա իմ անձնական գործն է, թե շաբաթվա մեջ քանի անգամ կհիշեմ նրանց կամ որ օրերին կհիշեմ»:
Ըստ Սաքունցի՝ դա հանդիսանում է նաև Հայ Առաքելական եկեղեցու տոների կատարման դեմ ուղղված գործողություն. «Տարբեր կրոնական կազմակերպություններ կարող են լինել, և դա կրոնական կազմակերպությունների դաշտում խտրականության դրսևորում է»:
«ՀՀ դատական իշխանության այսօրվա պայմաններում դժվար է որևէ կանխատեսում անել, սակայն եթե հարցը համապատասխան լուծում չստանա, ապա կբարձրացվի մինչև Սահմանադրական դատարան, անհրաժեշտության դեպքում՝ նաև եվրոպական դատարան»,- հավելեց իրավապաշտպանը: