Ռուբեն Հայրապետյանի պատասխանը Արթուր Սաքունցին
00:00, October 15, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Տեղական ժողովրդավարություն«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը երկու հայց է ներկայացրել ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, Վանաձորի համայնքի ավագանու և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի:
Հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2010 թ. Հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը:
Համաձայն նշված որոշումների` ՀՖՖ-ն պարտավորորություն էր ստանձնել Վանաձոր քաղաքում կառուցելու ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր, ինչպես նաև երեք տարվա ընթացքում ամբողջությամբ վերակառուցելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու Վանաձորի մարզադաշտը, որն այս պահին գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում և իր նպատակային նշանակությանը չի կարող ծառայել:
Հայաստանում ֆուտբոլը զարգացնելու նպատակով, ՀՖՖ կողմից մշակվել և կյանքի են կոչվել բազմապիսի և բազմաթիվ ծրագրեր, որոնց մեջ ներառված է նաև մարզական տարբեր ենթակառուցվածքների և համալիրների կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացումը:
Դրա վառ օրինակն է, ի թիվս այլ ենթակառուցվածքների, Ավանում կառուցված ֆուտբոլի ակադեմիան, որն ամբողջությամբ համապատասխանելով միջազգային ամենաբարձր չափանիշներին, հնարավորություն է տալիս`
1. ապահովելու երիտասարդության և հատկապես մանուկների ֆիզիկական կրթության բնականոն գործընթացը,
2. կտրելով նրանց փողոցից, զերծ պահել տարաբնույթ բացասական ազդեցություններից:
ՀՖՖ-ն ծրագրել է հիմնադրել նմանատիպ մարզական համալիրներ նաև Հայաստանի բոլոր մարզերում:
ՀՖՖ կողմից Վանաձորում իրականացվելիք ներդրումները, մասնավորապես` ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիրի կառուցումը, ինչպես նաև Վանաձորի մարզադաշտի վերակառուցումը, առաջին հերթին հենց Լոռու մարզի բնակչության շահերից են բխում: Նման պայմաններում ակնհայտ է, որ, թեև դատական գործընթաց ձեռնարկված սուբյեկտները փորձում են այն ներկայացնել, որպես բնակչության շահերից բխող, իրականում խոչընդոտում են Լոռու մարզում վերը նշված մեծածավալ ներդրումների իրականացմանը:
Այսպիսով, անընդունելի համարելով ՀՖՖ դեմ ներկայացված հայցն, պաշտոնապես հայտարարում եմ, որ Լոռու մարզում ՀՖՖ կողմից ծրագրված մեծածավալ աշխատանքների հնարավոր ձախողման ողջ պատասխանատվությունը այսուհետ ընկնում է նման դատական գործընթաց ձեռնարկած սուբյեկտների վրա:
Ռուբեն Հայրապետյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: