Ռուբեն Սահակյանի մոտեցումն անբարոյական վերաբերմունք է Բուդաղյանների նկատմամբ. իրավապաշտպան
13:25, September 12, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր«Զոհին ներկայացնել որպես հանցագործ, որին կարելի է ներել, քանի որ ինչ-ինչ այլ հանգամաքներ կան, անմարդկային վերաբերմունք է: Ինձ` որպես քաղաքացի և իրավապաշտպան, շատ հիասթափեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանի մոտեցումը»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ այսօր Ռ. Սահակյանը, պատասխանելով News.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հանգուցալուծում կունենա Արտակ Բուդաղյանի հետ կապված գործընթացը, որի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել, նշել էր. «Որպես մարդ՝ ես գտնում եմ, որ եղբայրը մահացել է, ընտանիքի մյուս անդամին դատապարտելը սխալ կլինի։ Որպես իրավաբան, որը ծանոթ է գործի նյութերին, պետք է ասեմ, որ իր մեծ մեղքը կա եղբոր մահվան մեջ… եղբայրը մահացել է իր պատճառով, ինչո՞ւ վերցրեցիր զենքդ և գնացիր»: Իրավաբանության տեսակետից Ռ. Սահակյանի բացատրությունն անհասկանալի է համարում իրավապաշտպան Ա. Սաքունցը:
«Դեպքի վայրում 13 պարկուճ է հայտնաբերվել, որից 11-ը կրակված է եղել Ս. Խաչատրյանի կողմնակիցների կողմից, և ընդամենը երկուսը` Բուդաղյանների կողմից: Անհասկանալի է, թե ինչպես է այս պարագայում Ռ. Սահակյանը հիմնավորում Բուդաղյանների կողմիցհարձակման փաստը: Հետաքրքիր է` 11 կրակոցով ինչ ինքնապաշտպանություն է եղել: Բուդաղյանների հարձակումն ինչպես եղավ, որ Լիսկայի կողմից որևէ մեկը չվիրավորվեց»,- հարց է հնչեցնում Ա. Սաքունցը: Ըստ իրավապաշտպանի` այս պարագայում Ռուբեն Սահակյանի մոտեցումն անբարոյական և անմարդկային վերաբերմունք է տուժածների նկատմամբ:
Աղբյուրը՝ http://www.mamul.am