Սահմանադրության փոփոխության գործընթացը լեգիտիմ չէ
05:49, September 6, 2013 | Նորություններ | Իրավունքների չարաշահման արգելում, Սոցիալական իրավունքներ | Քաղաքացիական վերահսկողությունՍերժ Սարգսյանը իրավունք չուներ սահմանադրական փոփոխությունների միանձնյա հանձնաժողով ստեղծելու մասին որոշում կայացնել առանց ՀՀ քաղաքացիներին տեղյակ պահելու, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել ՀՀ սահմանադրությունում փոփոխություններ կատարելը, եւ թե ինչ նպատակ է նա այդ քայլով հետապնդում: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Բարձրագույն իրավական փաստաթղթի փոփոխությունների վերաբերյալ միանգամից նման քայլ է կատարվում` առանց հանրությանը իրազեկելու, թե ինչով է պայմանավորված սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Ճիշտ այնպես, ինչպես Մոսկվայում մի 15 րոպեում փոխեց որոշում կամ որոշեց, որ մտնելու է Մաքսային միություն, այդպես էլ վայրկենական որոշում կայացրեց, որ Սահմանադրություն է փոխելու: Այն, որ Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ մտցվի, դա մշտական քննարկման թեմաներից մեկն է լինելու, բայց այս պահին ինչո՞վ է պայմանավորված դրա անհրաժեշտությունը: Երբ որ չեն ներկայացվում հիմնավորումներ, որ այս-այս նպատակներով են փոփոխությունները անհրաժեշտ, դուրս է գալիս, որ Սահմանադրության մեջ փոփոխությունները որոշել են մի խումբ մարդիկ եւ ակնկալում են, որ այդ փոփոխությունները նպատակ ունեն սեփական շահերը բավարարելու: Եթե ինքը այդ փոփոխությունների մասին չի իրազեկում հանրությանը, որը պետք է սահմանադրական փոփոխություններ կատարի հանրաքվեի միջոցով, նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն բավարարելու խմբակային շահերը: Ի՞նչ են ուզում անել, ի՞նչ փոփոխություններ էլ կատարեն, եթե չի նշվում նպատակը, ի՜նչ հանճարեղ միտք էլ ծագած լինի նրա գլխում, այդ փոփոխության գործընթացը լեգիտիմ չենք կարող համարել: Բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթի փոփոխությունների անհրաժեշտության եւ նպատակահարմարության մասին պարտավոր է իրազեկել եւ հիմնավորել»:
Ա. Սաքունցը առանձին անդրադարձավ նաեւ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձեւավորված կազմին՝ նշելով, որ այնտեղ ընդգրկված են Սերժ Սարգսյանին խիստ հաճո մարդիկ:
«Իսկ այդ հանձնաժողովի կազմում ոնց որոշեց, որ հենց իրանք պետք է ընդգրկված լինեն այդտեղ, որոնք, ըստ էության, պաշտոնատար անձինք են, մասնագետների խումբ, փորձագետներ չկան, կամ ասենք ՀՀ գլխավոր դատախազը չկա եւ զինդատախազը կա, որը իսկապես զարմացնող է: Հարց է ծագում՝ ինչու՞….»:
Ստորեւ՝ հանձնաժողովի կազմը.
Հանձնաժողովի նախագա՝ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ (համաձայնությամբ)
Գագիկ ՂԱԶԻՆՅԱՆ «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասա րակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում (համաձայնությամբ):
Աղբյուր՝ http://www.galatv.am/news/view/serj-sargsyan-new_0509.html