Սպանության շարժառիթը եղել է Արտակին համակարգից դուրս մղելը
00:00, December 2, 2010 | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիներից մեկն էլ այս տարվա հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի մայրն էր` Հասմիկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածով դեպքը ներկայացվել էր որպես ինքնասպանություն, ինչին Արտակ Նազարյանի հարազատները չեն հավատում և պահանջում են անցկացնել անաչառ նախաքննություն:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, նշեց, որ գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանն իր որդու խոշտանգված դիակն անձամբ է ուղեկցել Երևան այն դեպքում, երբ ինքը գտնվելիս է եղել արձակուրդում: «Ինչո՞ւ»,- հարցնում է Հասմիկ Հովհաննիսյանը: Արտակի հարազատները ծանոթացել են վերջին համալիր փորձաքննության և դատահոգեբանական փորձաքննության հարցերին: Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ դատահոգեբանական փորձաքննության հարցերն ուղղորդված են: «Դա ինքնասպանություն չէ: Դա կանխամտածված, դիտավորյալ, խմբակային սպանություն է` առանձնահատուկ դաժանությամբ`գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանի գլխավորությամբ, հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանի և մյուս ստահակների մասնակցությամբ :
Ես պահանջում եմ, որ նրանց պատիժը լինի առավելագույնը»,- մեր զրույցի ժամանակ նշեց Հասմիկ Հովհաննիսյանը: Արտակի մայրը պնդում է, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, և եթե հայաստանյան դատական ատյաններում չկարողանա հասնել արդարության, ապա դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք նախաքննական մարմնից պահանջել են որոշ փաստաթղթեր և Արտակի նկարները, որպեսզի ներկայացնեն արտերկրի ձեռագրաբաններին և կարողանան պարզել` դա սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն:
Արտակ Նազարյանի մայրը հիշեցրեց, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ այդ գործի քննությունը գտնվում է իր հսկողության ներքո, սակայն գործի քննությունը ձգձգվում է, և իրենք ոչ մի փոփոխություն չեն տեսնում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Արտակի հարազատները չեն դիմել, քանի որ վստահություն չունեն այդ ինստիտուտի նկատմամբ և որևէ քայլ ՄԻՊ-ի կողմից չեն տեսել: Հասմիկ Հովհաննիսյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները բանակում կատարված սպանությունների մասին միայն իր զայրույթն էին առաջացրել:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞ւ պետք է գումարտակի հրամանատարն ու նրա տեղակալը շահագրգռված լինեին Արտակ Նազարյանի սպանության մեջ, Հասմիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Նպատակը եղել է Արտակ Նազարյանին համակարգից դուրս մղելը, քանի որ նա զինվորներին չի ծեծել ու նվաստացրել, որպեսզի նրանք վճարեն զորամասի սպայակազմին»: Հասմիկ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Արտակ Նազարյանի նոթատետրը գողացել են այն տնից, որտեղ նա բնակվելիս է եղել վարձով: Ըստ Արտակի մոր` նոթատետրի էջերը պոկված են եղել, թողել են միայն երկու էջ: «Ես համոզված եմ, որ պոկված էջերի վրա գումարտակի հրամկազմին մերկացնող փաստեր են եղել»,- ասաց մեր զրուցակիցը: