Ստեփանավանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մարմնական վնասվածք պատճառելու համար
00:00, December 20, 2008 | Մամլո հաղորդագրություններՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում շարունակվում է Ստեփանավանի քաղաքապետ Ս.Ղարաքեշիշյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Ս.Ղարաքեշիշյանը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2008 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ստեփանավանի բնակիչ Արմեն Գրիգորյանն իր հորեղբոր դուստր՝ Ստեփանավանի մշակույթի եւ ստեղծագործության կենտրոնի գործավար Լիաննա Գրիգորյանին աշխատանքից ազատելու համար, Ստեփանավանի քաղաքապետ Ս.Ղարաքեշիշյանից պարզաբանում ստանալու նպատակով, գնացել է Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորան: Այնտեղ, առանձնանալով Ս.Ղարաքեշիշյանի առանձնասենյակում, Ա.Գրիգորյանը նրանից պահանջել է իր քրոջը աշխատանքում վերականգնել, սակայն, մերժում ստանալով, սպառնացել է եւ հեռացել:
Շուրջ մեկ ժամ անց՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ա.Գրիգորյանն իր ընկերներ Ա.Աղաջանյանի, Ա.Հակոբյանի, Ս.Գագինյանի, Կ.Իշխանյանի, Կ.Ղարաջյանի եւ երեք եղբայրներ՝ Ալեքսանյանների հետ վերադարձել է «Դրախտ» ռեստորան, որտեղ, Ս.Ղարաքեշիշյանին առանձնասենյակից դուրս հրավիրելով, նույն հարցի կապակցությամբ պարզաբանումներ է պահանջել նրանից: Առաջացած վիճաբանության ընթացքում Ա.Գրիգորյանը, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ունեցած կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է Ս.Ղարաքեշիշյանին, որից հետո, վերջինս իր կյանքը վտանգավոր ոտնձգությունից պաշտպանելու համար, իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ՄՌ02446-0290 համարի ատրճանակով, որը նախապես վերցրել էր ավտոմեքենայից եւ պահել մոտը, կրակել է Ա.Գրիգորյանի աջ ազդրին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս եւ զինաթափել նրան:
Այնուհետեւ, ստեղծված իրադրությունը եւ իր կյանքին սպառնացող վտանգի էությունը ճիշտ չգնահատելով, Ա.Աղաջանյանի, Ա.Հակոբյանի եւ մյուսների հնարավոր հարձակումը կանխելու շարժառիթով ու պաշտպանության այլ եղանակ չընտրելով՝ Ս.Ղարաքեշիշյանն անկանոն կրակել է վերջիններիս ուղղությամբ՝ գոտկատեղից ներքեւ: Այդպիսով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ Ստեփանավանի քաղաքապետը Ա.Հակոբյանի եւ Ա.Աղաջանյանի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:
Նախաքննական մարմինը ձեռք բերված ապացույցների հիման վրա դեկտեմբերի 18-ին Ստեփանավանի քաղաքապետ Ս.Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար:
Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.genproc.am/main/am/49/5325/