Տոնոյանն ասել էր, թե ինքն է լխկել
00:00, November 30, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն– Թող Տոնոյանը իր լխկածի համար պատասխան տար: Մեկուսարանի մոտ մեր ներկայությամբ գլուխ էր գովում, ասում էր ես եմ լխկել Խալաֆյանին, – դատավճռի հրապարակումից հետո Չարենցավանի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանի խոսքը փոխանցեց այսօր դատարանի դատավճռով 8 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Հարությունյանի մայրը:
Քրեական հետախուզության նախկին պետի հարազատներն այսօր դատարանից արդարացում էին սպասում իրենց որդու համար, սակայն նրանց սպասելիքները չարդարացան:
– Դա գավառական դատարանի դատավճիռ էր, հինգ ամիս այդքան փաստեր հավաքեց ու իմ էրեխուն անմեղ դատապարտեց, երբ իրենք շատ լավ գիտեն, որ Տոնոյանն ա խփել ու սպանել էդ էրեխուն: Գլխին հարվածել ա, էդ էրեխեն մահացել ա, հետո դանակը մտցրել ա փորը արյուն չի եկել, եթե մեռած մարդը կարող ա ինքնասպան լինի, ուրեմն հալալ ա…:
– Իմ տղան Մորես Հայրապետյան չէր, որ գնար ծախեր, վերադասի վրա ցուցմունք տար,- ասում էր մայրը` փորձելով բացատրել, թե ինչու տղան դատարանում չպատմեց եղելությունը:
– Ասում են, որ Աշոտը արատավորեց ոստիկանության պատիվը, Աշոտը ոչ ոստիկանի ա ծախել, ոչ էլ իր ազգին ա դավաճանել, ապացույցներ ունեին, թող դրանով դատեին և ոչ թե սպասեին, որ Աշոտը մարդ ծախեր:
Դատարանում Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի համար ևս դատական այսպիսի ելքն անսպասելի էր. – Եթե խոսում ենք իրավական հարթության մեջ այսպիսի դատավճիռ չէի սպասում: Ես գիտեի, որ այս գործով քննարկումներ էին գնում վերևներում, գիտեի, որ գործը Աշոտ Հարությունյանով փակելու միտում կա, ինչը հայաստանյան դատարանի համար նորմալ է,- ասում էր փաստաբանը:
Դատական այսպիսի ելքի համար Սեդա Սաֆարյանն ընդգծում է պաշտոնատար անձանց` ոստիկանապետի ու գլխավոր դատախազի դերակատարումը:
– Դե եթե մինչև Աշոտ Հարությունյանի դատվելը ոստիկանապետն ու հանրապետության դատախազը իրենց կարծիքը ասել էին և իրենց կարծիքն արդեն դատարանի վզին փաթաթել, մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում վաղաժամկետ հայտարարություններ անելը: Եվ այն գործերով, որ իրենք վաղաժամկետ հայտարարություններ են արել, կյանքը ցույց է տվել, որ այդ դատավարություններն անիմաստ են: Դատարանը կրկեսի տպավորություն է թողնում:
Այսօր դատարանում հրապարակված դատավճռից դժգոհ էին նաև Խալաֆյանները: Վահան Խալաֆյանի իրավահաջորդը` Հմայակ Խալաֆյանն անընդունելի համարեց դատավճիռը, մասնավորապես երկու ոստիկանների մասով արդարացման դատավճիռ կայացնելը:
– Հերթական զավեշտալի դատավճիռը… փաստորեն կրկին անգամ համոզվեցինք, որ նա, ով պիտի իր պատիժը կրեր` չկրեց, նույնիսկ երկուսն էլ արդարացվեցին: 24 տարեկան երիտասարդ է մահացել ու նույնիսկ ազատազրկում չեն նախատեսում, այլ արդարացնում են..,- ասում էր Վահան Խալաֆյանի հորեղբայրը` նշելով, որ ինչպես ինքը նախկինում ասել էր, դատավարությունն ընթացավ նախապես գծած սցենարով:
– Սամվել Տոնոյանի անունը բազմիցս հիշատակվել էր և մենք երկրորդ անգամ միջնորդեցինք նրան դատարան հրավիրել որպես ակտիվ մասնակից, սակայն դատարանը մերժեց, այնինչ Տոնոյանի կրկին դատարան գալով հնարավոր էր որոշ հարցեր բարձրացնել և որոշակի ինֆորմացիա հստակեցնել,- նշեց տուժողի իրավահաջորդը:
Ի դեպ, Վահան Խալաֆյանի մայրը ներկա չէր դատավճռի հրապարակմանը: Դատավոր Մակյանը ավելի վաղ նրան հեռացրել էր դատարանի դահլիճից և այսօր էլ նրան թույլ չտվեց մուտք գործել դահլիճ:
-Տոնոյանին պետք է մահապատժի ենթարկեն,-դատավճռի հրապարակումից հետո Չարենցավանի փոխոստիկանապետի մասին հայտարարեց Անահիտ Խալաֆյանը:
Աղբյուրը՝ http://lragir.am/armsrc/right41313.html
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ