Քաղաքացիական հանրությունն ու իշխանությունը դեմ առ դեմ
19:58, April 9, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունք– Պարոն Սաքունց, հետընտրական զարգացումներում քաղաքացիական հասարակությունը ի՞նչ դերակատարություն է ունենում, ի՞նչ առանձնահատկություններ նկատեցիք 2008-ի համեմատությամբ:
– Ի տարբերություն 2008-ի՝ այս նախագահական ընտրությունները մի կարևոր առանձնահատկություն ունեին. 2008-ից առաջ քաղաքացիական նախաձեռնությունների այսպիսի հարուստ դաշտ գոյություն չուներ: Հանրային ընկալման տեսանկյունից քաղաքացիական հասարակությունը մնում էր միայն առանձին ՀԿ-ների մակարդակով, բացակայում էին քաղաքացիական նախաձեռնությունները, իսկ այս նախագահական ընտրություններից առաջ քաղաքացիական նախաձեռնությունների պաշար կար. թե՛ «Թեղուտը», թե՛ «Մաշտոցի պուրակը», թե՛ «Բանակն իրականումը», թե՛ «Հարսնաքարը» և այլ քաղաքացիական նախաձեռնություններ ակնհայտորեն հանրային դաշտում իրենց դերակատարումն ունեցան: Նախագահական ընտրություններին նախորդող ընթացքում աննախադեպ էր քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվությունը, որոնք, ըստ էության, որոշակի և՛ մթնոլորտ, և՛ իրավիճակ էին ձևավորել, և բնական է, որ այդ ռեսուրսն իր ազդեցությունը պետք է ունենար: Մյուս կողմից՝ դա ոչ միայն ազդեցություն ուներ, այլ անխուսափելիորեն պետք է համարվեր քաղաքական ուժերի համար ռեսուրս՝ իրենց քաղաքական նպատակներն օգտագործելու տեսակետից: Սա է 2013-ի նախագահական ընտրությունների հիմնական առանձնահատկությունը, որը էական նշանակություն ունեցավ նաև նախագահական ամբողջ ընտրությունների գործընթացում:
Ի դեպ, նույնիսկ խորհրդարանական ընտրությունները չկտրեցին քաղաքացիական նախաձեռնությունների գործողությունները, ինչպես Զատիկը կտրեց հացադուլը: Ապրիլի 9-ի երդմնակալության արարողությունը, համոզված եմ, որ էլի էական նշանակություն չի ունենալու քաղաքացիական հասարակության զարգացման միտումների համար: Սրանով ամրագրում ենք, որ, այնուամենայնիվ, երկու հետաքրքիր գիծ կա. մեկը՝ պայմանական ասած, քաղաքական դերակատարումների խաղ, և մյուսը՝ քաղաքացիական դերակատարումների գործողություն, որոնց միջև մեկը մյուսի վրա ազդելու կոմունիկացիաները բավական ֆրագմենտար, հատային, ոչ ինստիտուցիոնալ բնույթ ունեն: Դեռևս չի ձևավորվել քաղաքացիական և քաղաքական սեկտորների համագործակցության, երկխոսության կամ մեկը մյուս վրա ազդելու մշակույթը: Այդ տեսանկյունից գտնում եմ, որ հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ մշտապես որոշակի քաղաքական ուժեր իրենց շահերի և կամ նպատակների համար փորձում են օգտագործել քաղաքացիական հասարակության ռեսուրսները, որովհետև նախ իրենց քաղաքական ռեսուրսներն այլևս սպառված են, երկրորդ՝ սպառված են ոչ միայն նրա համար, որ մտքի, դիրքորոշման պոտենցիալ չունեն, այլ նաև քաղաքացիական հասարակության ներքին պոտենցիալը, դրսևորումները, զարգացումները իրենք են ավելի շատ դոմինանտ դեր խաղում, և քաղաքականության համար հնարավորության դաշտը հենց քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվության շնորհիվ արդեն փոխվել է, ուստի արդեն ուզած-չուզած՝ պետք է հաշվի նստեն:
– Ինչպե՞ս որոշել անվերահսկելի քաղաքացիական հասարակություն կոչված տիրույթում՝ ո՞վ ումով և ի՞նչ խնդիրներ է հետապնդում:
– Քաղաքացիական նախաձեռնություններն աչքի են ընկնում բազմազանությամբ, ինքնակառավարման կարողությամբ, իրենց վարքագծով քաղաքական սուբյեկտների համար անկանխատեսելիությամբ: Ընդհանրապես բոլոր քաղաքական դերակատարների համար շատ լավ կլիներ, որ միակենտրոն քաղաքացիական նախաձեռնություն լիներ, որ ավելի հեշտ լիներ կառավարել: Օրինակ՝ միջկուսակցական շրջանակներում մեկի հետ պայմանավորվում են, դա իրենց հարաբերությունների հետագա ընթացքը որոշում է, սակայն սա քաղաքացիական սեկտորի հետ կիրառել դժվար է, քանի որ յուրաքանչյուրի հետ ենթադրվում է առանձին-առանձին պայմանավորվածություն, բայց այդ անհատներն էլ այնքան են ինքնուրույն իրենց վարքագծով, այնքան անկանխատեսելի մյուսների համար, որ բնականաբար քաղաքական դերակատարների համար դժվարություն են ստեղծում, որպեսզի կարողանան կառավարելի դարձնել: Այսինքն՝ եթե անգամ կարողանան մի սեկտորին իրենց կողմը գրավել կամ օգտագործել, բա մնացա՞ծ սեկտորները: Չի հաջողվում ստեղծել կառավարելի քաղաքացիական դաշինք: Կոնգոները, որոնք ժամանակին օգտագործվում էին քաղաքացիական նախաձեռնությունների բացակայության պայմաններում որպես ռեսուրս քաղաքացիական նախաձեռնություններին իրական կառույցների նկատմամբ (դա հատկապես Հազարամյակների մարտահրավերների ժամանակ ցայտուն երևաց), նույնիսկ նրանք արդեն չբավարարվեցին, որպեսզի հակակշիռ ստեղծեն քաղաքացիական նախաձեռնություններին: Նախ՝ նրանք պետք է հաշտվեն իրականության հետ, երկրորդ՝ փորձեն այնուամենայնիվ, դերակատարների միջոցով մասնակցություն ունենալ և ուղղորդել քաղաքացիական նախաձեռնություններին ներսից, բայց սա եթե նույնիսկ ժամանակավոր հաջողություն ունենալու փորձեր են, այնուամենայնիվ, երկարաժամկետ տեսակետից անհաջողության են մատնված, որովհետև եթե հաշվի առնենք զուտ բնական դեմոգրաֆիական կառուցվածքի փոփոխությունը, անկախությունից հետո քսան տարի է անցել, և նոր սերունդի տեսակարար կշիռը հասարակության մեջ սկսել է էական նշանակություն ունենալ: Նոր քաղաքացիների՝ 18-21 տարեկանների (որոնք խորհրդային համակարգի պայմաններում չեն ծնվել) հետ այլևս չեն կարող որևէ բան անել, քանի որ իրենց ամբողջ պաշարը ավանդական դասական բոլշևիկյան մեթոդներով ձևավորված և շարունակվող քաղաքական ինստիտուտներն են, և իրենք պետք է հիմնվեն միայն այն մասսայի վրա, որը հենց այդ բոլշևիկյան ձևավորման դպրոց է անցել, բայց նորի վրա այդ ռեսուրսներն իրապես չունեն, որովհետև անկանխատեսելի է նրանց վարքագիծը՝ թե՛ անհատ մակարդակով, թե՛ խմբային մակարդակով:
– Քաղաքացիական հասարակության՝ Ազատության հրապարակում ցուցաբերած այդ դրսևորումներից կարո՞ղ եք նշել:
– Այս տեսանկյունից, կարծում եմ, որ շատ տիպիկ են Ազատության հրապարակում կատարվող իրադարձությունները, երբ չնայած բոլոր գործադրած ջանքերին, այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակությունը Ազատության հրապարակում էր այն ժամանակ, երբ ինքն է որոշում, և ոչ թե իրեն ասում են՝ երևա կամ ոչ: Քաղաքացիական հասարակությանն օգտագործելու փորձերն այնպես, ինչպես իրենք են ցանկանում, չստացվեց: Ավելին՝ մի դրվագ հիշեցնեմ. երբ մի պահ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կես ժամով ոստիկանությունը հոսանքի մատակարարումն ապահովում է և շնորհակալություն հայտնեց ոստիկանությունից ու հետո գնաց «Եռաբլուր»՝ ասելով՝ ով ուզում է, թող գա իմ հետևից, առանձին քաղաքացիական խմբեր մնացին հրապարակում և քննարկում էին ոչ թե՝ բա այս ինչի այսպես ասաց, կամ թե՝ ճի՞շտ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՞ սխալ, այլ քննարկում էին՝ մենք ինչ պետք է անենք, «ինչ պետք է անենք» խնդրի պատասխանը փորձելով գտնել առանձին խմբերի, նախաձեռնությունների շրջանակներում, և սա դոմինանտ նշանակություն ունեցավ: Այսինքն՝ ես գտնում եմ, որ քաղաքացիական սեկտորը չդարձավ քաղաքական ուժերի գործիք: Այսինքն՝ որևէ մեկը չի կարող իր վրա լիազորություն վերցնի և քաղաքացիական հասարակության անունից հանդես գա, քանի որ իրապես քաղաքացիական հասարակությունն իր բազմազանությամբ, իր ինքնակառավարման կարողությամբ և իր կողմից խնդիրների ձևակերպման տեսանկյունից ցույց տվեց, որ ինքը կա որպես ինքնուրույն սուբյեկտ: Բացի այդ, մի հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց, երբ քաղաքական ինստիտուտների սնանկությունն ակնհայտ դարձավ, երբ նախագահական ընտրություններին երեք խոշոր պառլամենտական ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, ոչ թե չմասնակցեցին նախագահական ընտրություններին՝ իրենց թեկնածությունները չառաջադրելով, այլ ընդհանրապես դիրքորոշում չարտահայտեցին: Քաղաքական ինստիտուտները, ըստ էության, որևէ բան չունեն ասելու, դե որ բան չունեն ասելու, ուրեմն ոչ մի բան են: Եվ հիմա քաղաքացիական հասարակությունը ունի շատ լուրջ մարտահրավեր. այն է՝ սուրբ տեղը թափուր չի մնում սկզբունքի տեսակետից որոշակի ռեսուրսներ անխուսափելիորեն պետք է գնան այդ վակուումը լրացնելու ճանապարհով:
– Այսինքն՝ ապրիլի 10-ից հետո նոր հնարավորություններ են բացվում քաղաքացիակա՞ն հանրույթի առաջ:
– Երբ ավարտվի նախագահական ընտրությունների փուլը, իրապես նոր իրավիճակ ենք ունենալու, որովհետև ամբողջանալու է պատկերը, բացի այդ՝ դե ֆակտո գործող իշխանությունը (դե յուրե ոչ լեգիտիմ) շարունակելու է և այդ իրավիճակում նույն քաղաքական ուժերի սպառվածության պարագայում ինքը իր մերկությունը ծածկելու կարիք է ունենալու, որովհետև եթե նախկինում իր մերկությունը կարողանում էր ծածկել թվացյալ իմիտացիոն պայքար ցույց տալով, հիմա նման քաղաքական պայքարը մեռել է, որովհետև այդ ինստիտուտները հրաժարվեցին քաղաքական պայքարից, այստեղ մնացել է հանրությունը և իշխանությունը, իշխանությունը պետք է իր մերկությունը ծածկի՝ քաղաքացիական որոշ ռեսուրսներով լրացնելով իր թերությունները: Ուզած- չուզած՝ պետք է հաշվի նստել պահանջարկի հետ, որ քաղաքացիական ինստիտուտները հստակ ձևակերպելու են, և ուզած-չուզած՝ իշխանությունները դրանք բավարարելու են: