Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է
00:00, August 30, 2006 | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱռաջին անգամ օգոստոսի 30-ը Հարավային Կովկասում /Բաքվում, Երևանում, Թբիլիսիում, Գյանջայում, Վանաձորում և Ստեփանակերտում/ նշվեց 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից:
2003 թ-ից նիդերլանդական Միջեկեղեցական Խաղաղության Խորհուրդ խաղաղասիրական կազմակերպության աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Լեռնային Ղարաբաղի Հելսինկյան նախաձեռնություն °92 կազմակերպության, ՀՔԱ Ադրբեջանի և Վրաստանի կոմիտեների, ՀՔԱ Գյանջայի գրասենյակի հետ միասին իրականացնում է «Դեղին կակաչներ» ծրագիրը, որն ուղղված է տարածաշրջանային բախումների հետևանքով անհայտ կորածների խնդիրների լուծմանը:
Ծրագրի շրջանակներում մշակվել է «Անհատ կորածների տեղեկատվական բյուրոյի» մասին օրենքի նախագիծը, որով կիրականացվի Հարավային Կովկասի 3 երկրների կողմից ժնևյան կոնվենցիաներով սահմանված սկզբունքների ամրագրումը ազգային օրենսդրության մեջ: Միաժամանակ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով:
Կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի երևանյան գրասենյակի, անհայտ կորածների խնդիրներով զբաղվող միջազգային Classen խմբի, իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:
Չնայած այս ամենին, դեռևս անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի մասին նրանց հարազատների տեղեկություն ստանալու իրավունքը ստորադասվում է տարածաշրջանային բախումների քաղաքական կարգավորման խնդիրներին: Կարևորելով Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի ջանքերը և անգնահատելի դերը ռազմագերիների փոխանակման, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ՝ գտնում ենք, որ հակամարտության մեջ գտնվող կողմերի դիրքորոշումների հումանիզացիայի վրա էական ազդեցություն կարող է ունենալ Եվրոպայի Խորհրդի ներգրավումը այդ գործընթացներում:
Այս տարի առաջին անգամ Հարավային Կովկաս ժամանեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետը, որի կողմից նախապատրաստվում է Հարավային Կովկասի հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների խնդիրներին նվիրված հատուկ զեկույց: Զեկույցը պետք է ներկայացվի 2007 թ-ի հունվարին Եվրոպայի Խորհրդի վեհաժողովում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ողջունելով Եվրոպայի Խորհրդի վեհաժողովի ներկայացուցչի հերթական այցը Հարավային Կովկաս 2006 թ-ի սեպտեմբերին, կարևորելով զեկույցի դերը անհայտ կորածների իրավունքների պաշտպանության բնագավառում, կոչ է անում հակամարտությունների մեջ ընդգրկված կողմերին
* հավատարիմ մնալ ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության 32 և 33 հոդվածներով սահմանված պարտավորություններին
* դրսևորել քաղաքական կամք և դիտարկել անհայտ կորածների գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկության ձեռքբերման գործողությունները որպես զուտ մարդասիրական խնդիր և կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացներից տարանջատ