Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով յոթերորդ դատական նիստի մասին
20:12, March 1, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի փետրվարի 26-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի յոթերորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Այս դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով ներգրավված վկաներ, սահմանապահ ուղեկալի վարորդ Արա Աթոյանը, սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Ալեքսանդր Կրուգլովը և ջոկի ավագ սպա Իգոր Բրագան:
Ս. Մերզլիկինը իր ցուցմունքում նշեց, որ 2015 թ. հունվարի 12-ի գիշերը, տեղեկանալով, որ զինվոր է փախել, վերցրել է ամենալավ որսորդական շանն ու սկսել որոնողական աշխատանքները: Ռազմաբազայի տարածքում հայտնաբերելով Պերմյակովի սաղավարտն ու ոտնահետքերը՝ հասել են մինչև Գյումրի քաղաքի սեփական տներից մեկի մոտ, որտեղ հայտնաբերվել են Պերմյակովի ոտնահետքերը: Վկան կարծիք հայտնեց, որ այդտեղ Պերմյակովը չի կողմնորոշվել:
Վկա Ս. Մերզլիկինի ցուցմունքի համաձայն՝ կեսգիշերին, Բայանդուրի ուղեկալի կապիտան Խաչատրյանի հետ կապ հաստատելով, տեղեկացել է, որ տարածքում նկատվել է քաղաքացիական հագուստով անձ, որը շատ նման է Պերմյակովին: Իրենք այնպիսի տպավորություն են ստացել, որ Պերմյակովը ցանկացել է Թուրքիա գնալ:
Այնուհետև Պերմյակովին տարել են իր աշխատասենյակ, անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո հանձնել են ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկուն:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների հարցերին ի պատասխան՝ վկան նշեց, որ հայ իրավապահներին տեղյակ պահելու պարտավորություն կրում է ոչ թե ինքը, այլ այն կառույցը, որից փախուստ էր կատարել Պերմյակովը:
Ս. Մերզլիկինը հայտնեց նաև, որ ճանաչողական զննություն կատարելու ժամանակ իր աշխատասենյակում են եղել հայ իրավապահներ, սակայն Շիրակի կամ Գյումրիի ոստիկանապետը նրանց մեջ չի եղել: Ապա հավելեց, որ որոնողական աշխատանքները առանց հայ իրավապահների սկսելը պայմանավորված է նրանով, որ շատ մարդկանց ներկայությամբ շունը արդյունավետ չի «աշխատում»:
Ս. Մերզլիկինի պնդմանը, թե Պերմյակովին սպանության մեջ կասկածելու մասին լսել է հեռուստատեսությունից, փաստաբանները հակադարձեցին՝ վկայակոչելով մյուս վկաների ցուցմունքներն այն մասին, թե իմացել են Պերմյակովի՝ կասկածյալ լինելու մասին: Ս. Մերզլիկինը պատասխանեց, որ մթության մեջ չէր կարող վստահ լինել, որ ձերբակալվածը Պերմյակովն է, և նրա ինքնությունը պարզվել է միայն ճանաչողական զննություն կատարելու ժամանակ:
Վկայի ցուցմունքի համաձայն՝ իր հարցին, թե ինչու է սպանել մարդկանց, Պերմյակովը պատասխանել է, որ դա ինքը չի արել, ապա շարունակելով պատասխանել հարցերին, նշել է, որ թաքնված է եղել ոչ հեռու, զենքը ևս թաքցրել է, նշել է նաև, որ տաքսիստը իրեն ուտելիք է բերել:
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Ալեքսանդր Կրուգլովի ցուցմունքի համաձայն՝ հունվարի 13-ին՝ ժամը 0։15-ին, իրեն հեռախոսով հայտնել են, որ բազայից փախած զինծառայողին ձերբակալել են Բայանդուր ուղեկալի մոտ, տեղեկությունը ճշտել է Ս. Մերզլիկինից, ապա նրա հրահանգով գնացել ձերբակալման վայր:
Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև ջոկի ավագ սպա Իգոր Բրագան, որը հայտնել է, որ Պերմյակովի դասալքության մասին տեղեկացել է 2015 թ. հունվարի 12-ին՝ ժամը 9:00-ին, իսկ նրա՝ սպանության մեջ կասկածվելու մասին տեղեկացել է ժամը 13:00-ի սահմաններում մամուլից:
Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. մարտի 4-ին՝ ժամը 12:00-ին: