Կալանավորի պահման պայմանները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
10:52, May 1, 2015 | Այլ, Հայտարարություններ2015 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ընթացքում հանդիպել է նաև Գևորգ Սաֆարյանին: Գևորգ Սաֆարյանը այցելության պահին հացադուլից դուրս էր եկել և տեղափոխվել էր նոր խուց։ Խցում Գ․ Սաֆարյանը գտնվում էր մենակ (առկա էին 4 մահճակալներ), խցի պայմանները բարվոք էին։ Սաֆարյանի առողջական վիճակը իր գնահատմամբ բավարար է: Գ. Սաֆարյանի նոր խցային պայմաններն առավել բարենապստ են քան նախկինում: Գ. Սաֆարյանը ներկայիս դրությամբ գտնվում է ՔԿՀ-ի բժշկական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների անձնակազմի հսկողության տակ:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 14, 16 և 21-ին դիտորդական Խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ այցելությունների ընթացքում հանդիպել է Գևորգ Սաֆարյանի հետ և արձանագրել նրա պահման պայմանները ։
Ապրիլի 14-ին կատարված այցելության ընթացքում դիտորդները արձանագրել էին, որ Գ. Սաֆարյանի պահման պայմանների հետ կապված առկա են խնդիրներ՝ մասնավորապես խցակիցների հետ համատեղելիության հետ կապված: Նշենք նաև, որ 68 խցում (որտեղ պահվում էր Գ. Սաֆարյանը) առկա էր 8 մահճակալ և 1 բազմոց, իսկ խցում պահվում էր 15 անձ։ Դիտորդական Խումբը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը ներկայացրեց իր մտահոգությունը այդ փաստի առթիվ:
2015 թվականի ապրիլի 16-ից Գ. Սաֆարյանը հայտարարեց հացադուլ` իր դեմ հարուցված քրեական գործի հետ չհամաձայնվելու պատճառով։ Դիտորդական Խմբի անդամները «Նուբարաշեն» ՔԿՀ կրկին այցելություն կատարելու ընթացքում հանդիպեցին Գ․Սաֆարյանի հետ դիտարկելու նրա պահման պայմանները։ Գ. Սաֆարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս չնշեց, թե որքան ժամանակ է ցանկանում մնալ հացադուլում: Հացադուլավորների խցում նա գտնվում էր 5 այլ հացադուլավոր կալանավորների հետ (խցում առկա էր 6 մահճակալ):
2015 թվականի ապրիլի 21-ին դիտորդական Խումբը կրկին այցելություն կատարեց «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության պահին Գ. Սաֆարյանը գտնվում էր հացադուլավորների խցում։ Նա որևէ բողոք չներկայացրեց խցային պայմանների վերաբերյալ: Այցելության ընթացքում դիտորդական Խմբի անդամները զրուցեցին նաև մյուս ներկա հացադուլավորների հետ, որոնք գտնվում էին նույն խցում:
Հասարակական դիտորդական Խումբը արձանագրում է, որ Խմբի կողմից Գ.Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ ունեցած մտահոգությունների ուղղությամբ ՀՀ Արդարադատության նախարարությունը և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն կատարել են անհրաժեշտ գործողությունները և միջոցառումները, որը կարևոր օրինակ է համագործակցության տեսակետից:
Ցանականում ենք նշել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շարունակում է արդի մնալ գերբնակեցվածության խնդիրը, որի մասին Խումբը բազմիցս բարձրաձայնել է: 2015թ. ապրիլի 29-ի դրությամբ՝ այցելության պահին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվում էին 1000 ազատազրկված անձ (որոնցից 800-ից ավելին կալանավորված անձիք էին), սակայն, ըստ լրակազմի այն նախատեսված է 840 ազատազրկաված անձանաց համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ դիտորդական Խումբը կշարունակի իր առաքելությունը ինչպես Գ. Սաֆարյանի, այնպես էլ այլ կալանավորված և դատապարտված անձանց պահման պայմանների վիճակի նկատմամբ հասարակական վերհասկողությունը:
Աղբյուր՝www.pmg.am