Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության պատճառով Ուկրաինայում դատապարտված ՀՀ քաղաքացին չի արտահանձնվի
13:13, June 1, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող իր եղբայրը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ուկրաինայում, ապա՝ դատապարտվել ցմահ ազատազրկման:
Միաժամանակ քաղաքացին հայտնել է, որ նախաքննության ընթացքում իր և ծնողների կողմից ՀՀ պետական իրավասու մարմիններին ուղղված դիմումները՝ եղբոր իրավունքների պաշտպանությունը և Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը կազմակերպելու ուղղությամբ, անհետևանք են մնացել:
Նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանն ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ դատապարտյալի մոր դիմումն ուսումնասիրվել է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թ. մարտի 21-ի Ստրասբուրգի կոնվենցիայի շրջանակներում, սակայն նրա փոխանցումը նպատակահարմար չի եղել՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության պատճառով:
Իրավապաշտպանների կողմից հաճախ բարձրաձայնվող խնդիրը շարունակում է գերակա մնալ:
Խիստ գերբեռնվածության պայմաններում քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք զրկված են ինչպես` պատշաճ բժշկական օգնություն ստանալու, այնպես էլ շատ այլ առաջնային պահանջմունքներ բավարարելու հնարավորությունից, իսկ իրավասու պետական մարմինները, այդ թվում և՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, շարունակում են խնդրի լուծումը տեսնել նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցելու մեջ՝ չդիտարկելով այլ տարբերակներ:
Դատավորների և դատարանների անկախ չլինելը և դրա տրամաբանական հետևանք հանդիսացող արդարացման դատավճիռների փոքր թիվն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Իսկ քրեակատարողական համակարգում առկա կոռուպցիայի պայմաններում պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտը Հայաստանում դեռևս կայացած համարել չի կարելի (Որպես կանոն՝ իրավասու մարմինները որոշում են, որ դատապարտյալը «դեռևս չի ուղղվել»):