Քանի դեռ Մարտի 1-ը չի բացահայտվել, անպատժելիությունը հաղթահարելու հույս չկա. Սաքունց
09:53, September 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինված ուժերՀայաստանի ՊՆ-ն արձագանքել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտարարությանը այն մասին, որ ապրիլյան պատերազմը պետք է դառնա խորհրդարանական լսումների թեմա, և պատրաստակամություն է հայտնել մասնակցել այդ լսումներին:
Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ողջունեց պաշտպանության նախարարության պատրաստակամությունը՝ ասելով. «Դա շատ կարևոր է այն առումով, որ նախ՝ ՊՆ-ն պատրաստ է պատասխանելու հարցերին, և երկրորդ՝ պատրաստ է հաշվետվություն տալու Ազգային ժողովին: Եվ հիմա գնդակը ԱԺ դաշտում է՝ իրենց որոշելիքն է»:
Իրավապաշտպանի խոսքով՝ այդ հանրային լսումները, սակայն, պետք է իմաստ ունենան. «Այն է՝ պաշտպանության ապահովման համար բոլոր պատասխանատու պետական մարմինները, առաջին հերթին՝ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբը պետք է անպայման ներկա լինի և հանդես գա հաշվետվությամբ»:
Անդրադառնալով ՀՔԾ հաղորդագրությանը, թե հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղի դեպքերի արդյունքում տուժել է 66 մարդ, իրավապաշտպանն ասաց. «Պետք է լիներ ոչ թե 66, այլ առնվազն 770 տուժող. դրանք այն քաղաքացիներն են, որոնք հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում առանց որևէ իրավական հիմնավորման բերման են ենթարկվել ոստիկանների կողմից: Տուժողներ պետք է ճանաչվեն ոչ միայն բեկորային վնասվածքներ, այրվածքներ ստացած անձինք, ոչ միայն լրագրողները, այլև բոլոր այն քաղաքացիները, որոնց փաստորեն առևանգել են և 18-30 ժամ պահել փակի տակ»:
Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՔԾ-ն և դատախազությունը պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեն ոստիկանության բոլոր բաժինների նկատմամբ և ցուցում տան ոստիկանապետին, որպեսզի ոստիկանության բոլոր բաժիններում զերծ մնան քաղաքացիների հետ հանդիպելուց, որի նպատակն է նրանց կամ նրանց հարազատներին համոզել չներկայացնել բողոքներ ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ:
Իրավապաշտպանի համար տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ համաձայն ՀՔԾ հաղորդագրության՝ 23 լրագրողների նկատմամբ բռնության համար մեղադրանք է առաջադրվել 6 քաղաքացիների նկատմամբ՝ առանց նշելու՝ դրանք ոստիկաննե՞ր են, թե՞ ոչ: «Ես գիտեմ, որ դրանցից առնվազն 3-ը ոստիկաններ չեն: Ես խիստ կասկածում եմ, որ էդ քաղաքացիների նկատմամբ կարելի էր քրեական հետապնդում սկսել լրագրողների գործունեության խոչընդոտման հիմքով,- ասաց Սաքունցը՝ կարևորելով նաև այն հարցը, թե ովքեր են եղել քաղաքացիական հագուստով անձանց հրահանգ տվողները:- Որովհետև մենք գիտենք, որ ոստիկանությունը փոխել է իր գործելակերպը. անմիջական բռնության հետ միաժամանակ նրանք դիմում են քաղաքացիական հագուստով մարդկանց միջոցով բռնությունների մեխանիզմին»:
Սաքունցը ակնհայտ է համարում, որ Աշոտ Կարապետյանի և Լևոն Երանոսյանի նկատմամբ արդեն իսկ պետք է սկսվեր քրեական հետապնդում: