Հայաստանում ԵՏՄ-ի կողմնակիցների թիվը աստիճանաբար նվազում է
16:31, September 1, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2016-ին ՀՀ բոլոր մարզերում աճել է Հայաստանի՝ Եվրոպական միություն անդամակցությանը նախապատվություն տվողների թիվը, իսկ ԵՏՄ անդամակցության կողմնակիցների թիվը նվազել է:
«Մեդիա կենտրոնում» վկայակոչելով «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք. hասարակական կարծիքի ուսումնասիրության» արդյունքները՝ սոցիոլոգ, փորձագետ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց. «Քաղաքացիների 41 տոկոսը նախապատվություն է տվել եվրոպական կառույցների անդամակցությանը, եվրասիականին՝ 25 տոկոս: 2014-ին եվրոպական կառույցներին նախապատվություն էր տալիս բնակչության 25 տոկոսը, 2015-ին՝ 24 տոկոսը, իսկ 2016-ին՝41 տոկոսը: ԵՏՄ կողմնակիցների թիվը 2014-ին 38 տոկոս էր, 2015-ին՝ 36, 2016-ին 25 տոկոս»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ստացված ցուցանիշներն այսպես պատճառաբանեց. «Հանրությունն իր այս վերաբերմունքով խոսում է այն մասին, որ ԵՏՄ-ի հետ կապված ակնկալիքները բավարարված չեն: Բոլոր տարիքային խմբերի վրա կարծիքների փոփոխություն է արձանագրվում: Անգամ 61 և ավելի տարեկանների շրջանում եվրոպական կողմնորոշման թիվը կրկնակի աճել է: Սովորաբար ԵՏՄ-ն նույնականացնում են խորհրդային ժառանգության հետ, բայց տեսնում եք, որ այդ գործոնն այլևս էական նշանակություն չունի»:
Արթուր Սաքունցը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ անգամ Ռուսաստանը բարեկամ երկիր համարողների շրջանում կրկին եվրոպական ուղղության կողմնակիցների թիվը գերազանցում է ԵՏՄ կողմնակիցների թվին»:
Ուսումնասիրությունը պարզել է նաև հասարակական տրամադրությունները արտագաղթի և երկրի ապագայի վերաբերյալ: Պատկերը մեղմ ասած լավատեսական չէ: Օրինակ՝ երկիրը լքելու հարցին «միանշանակ այո» է պատասխանել հարցվածների 42 տոկոսը, այն դեպքում, երբ 2015-ին՝ 39 տոկոսը, 2014-ին՝ 36 տոկոսը:
«Ինչպե՞ս եք տեսնում» Հայաստանի ապագան հարցի առումով երեք տարվա ընթացքում հասարակական տրամադրությունները գրեթե չեն փոխվել. հարցվողները իրավիճակը գրեթե նույնն են համարում: