Ռոլանդ Թմոյանի գործով որոշումը կհրապարակվի նոյեմբերի 17-ին
16:56, November 1, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Առաքելյանի, կայացավ 2014 թ. մայիսի 13-ին Մաշտոցի պուրակից ձերբակալված և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին տեղափոխված Ռոլանդ Թմոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Վերջինս ՀՀ Վարչական դատարանի 2015թ. հուլիսի 2-ի որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ՀՀ Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
ՀՀ Վարչական դատարանի վկայակոչված որոշման կայացումից հետո Ռ. Թմոյանն իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, և կազմակերպությունն ստանձնել է Ռ. Թմոյանի խախտված իրավունքների պաշտպանությունը:
2015թ. հոկտեմբերի 28-ի դատական նիստին մասնակցում էին սկզբնական գործով հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը, վերաքննիչ բողոք ներկայացրած Ռ. Թմոյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ով դատական նիստի ընթացքում ճանաչվեց որպես Ռ. Թմոյանի ներկայացուցիչ:
Նախագահող դատավոր Ա. Առաքելյանը, հանդես գալով զեկուցումով, ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմքում ընկած փաստական ու իրավական հիմնավորումները: Մասնավորապես, բողոքաբեր կողմը վերաքննիչ բողոքով գտել է, որ դատարանը սխալ է գնահատել գործում առկա ապացույցները, քանի որ գործով չեն հիմնավորվել անմիջականորեն Ռ. Թմոյանին օրինական պահանջ ներկայացնելու, ինչպես նաև այդ պահանջը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասպան ներկայացնելու հանգամանքները: Վերաքննիչ բողոքով հիմնավորումներ էին ներկայացվել նաև գործով ձեռք բերված ապացույցների պատշաճ գնահատում չկատարելու և նոր ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու մասին: Հաշվի առնելով ներկայացված հիմնավորումները՝ բողոքաբեր կողմը պահանջել էր` բեկանել ՀՀ Վարչական դատարանի 2015թ. հուլիսի 2-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացված հայցը:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանը նշեց, որ առարկում է ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ, օրինական է համարում ՀՀ Վարչական դատարանի որոշումը և պնդում է գործի քննության ընթացքում իր կողմից ներկայացված փաստարկները:
Այսպիսով, Դատարանը գործի քննությունը համարեց ավարտված՝ նշելով, որ դատարանի որոշումը կհրապարակվի 2015թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ին: