Հացադուլի մեջ գտնվող Հովհաննես Ղազարյանին ՀՀ ՀՔԾ 2016 թ. նոյեմբերի 25-ի որոշմամբ թույլատրվել է տեսակցել մերձավոր ազգականների հետ
17:27, December 1, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սասնա ԾռերՄենք արդեն տեղեկացրել ենք, որ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակից, «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Հովհաննես Ղազարյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ, հացադուլ է հայտարարել՝ իրեն արդարացնելու և ազատ արձակելու պահանջով:
Կալանքի վերցնելու պահից վարույթն իրականացնող մարմնի կողմից, առանց որևէ հիմնավորման, արգելանք էր դրվել վերջինիս տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա, ինչը անազատության մեջ գտնվող անձի համար ծանր հոգեբանական հետևանքներ կարող է ունենալ:
Այսօր արդեն Հովհ. Ղազարյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն ստացել է Հովհաննես Ղազարյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը մերձավոր ազգականների մասով վերացնելու 2016 թ. նոյեմբերի 10-ի միջնորդության վերաբերյալ ՀՀ Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով թույլատրվել են տեսակցությունները՝ մերձավոր ազգականների հետ, իսկ հեռախոսազանգերի մասով սահմանափակումը մնացել է ուժի մեջ:
2016թ. հուլիսի 17-ից հետո տեղի ունեցած դեպքերով կալանավորված անձանց, այդ թվում նաև՝ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ կիրառված տեսակցությունների սահմանափակումը նրանց նկատմամբ իշխանությունների տարբերակված մոտեցման դրսևորումներից մեկն է:
Տեսակցությունների արգելքը և ամիսներ շարունակ կալանքի տակ պահելը, մեր գնահատմամբ, պատժի միջոց է այն անձանց նկատմամբ, ովքեր այդ օրերին «համարձակվել են» իրացնել հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքները: