Փաստաբան. Հայաստանում Բահրեյնի քաղաքացու անհետացման հետեւում իրավապահ մարմիններն են կանգնած
09:55, February 2, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՓաստաբան Տիգրան Սաֆարյանը Հայաստանում գտնվող Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ Ֆադհել Ռադհիի հարցով այսօր դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ՄԻԵԴ-ի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն՝ խնդրել են անհապաղ միջամտություն եվրոպական դատարանից, որպեսզի Հայաստանի կառավարությունից պահանջեն չարտահանձնել Ֆադհել Ռադհիին:
Նա տեղեկացրեց, թե ՄԻԵԴ-ից տեղեկացրել են, որ ստացել են դիմումը եւ 39-րդ կանոնի համաձայն՝ պետք է շատ արագ արձագանքեն: «Այնտեղ իրեն իրական վտանգ կա, որ ինքը խոշտանգումների կենթարկվի: Բացի այդ՝ նաեւ հայտնել ենք, որ երեկոյան շատ ուշ, մեզ համար շատ կասկածելի պայմաններում, Ֆադհել Ռադհին, ըստ էության, անհետացել է: Մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ այդ անհետացման արդյունքում նրան փորձելու են այլ ճանապարհներով ուղարկել Բահրեյն»,- մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Ֆադհել Ռադհիի անհետացման առնչությամբ այսօր հայտարարություն է տարածել նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Հաղորդագրությունում նշված է, որ հունվարի 30-ին նա պետք է ազատ արձակվեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, քանի որ լրանում էր կալանքի ժամկետը: Սակայն երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրել են, որ Ռադհիին «ընկերներն» են դիմավորել եւ տարել են:
Տիգրան Սաֆարյանին հարցրեցինք, թե ո՞վ կարող է կանգնած լինեն Ռադհիի անհետացման հետեւում: Նա պատասխանեց, թե իրենց ունեցած փաստերով՝ «միանշանակ է, որ երկրի անվտանգության, իրավապահ մարմինները միայն կարող էին այդ ամեն ինչը կազմակերպել եւ անել:
Այլ ուժ դա չի կարող անել»: Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Ռադհիին Հայաստանում ցանկանում են անպայման արտահանձնել Բահրեյն, պարոն Սաֆարյանը պատասխանեց, որ չի հասկանում. «Չեմ կարող բացատրել: Կար հնարավորության մեր օրենսդրության, միջազգային օրենսդրության շրջանակներում քննարկելու ու լուծելու արտահանձնման հարցը: Դա որոշակի գործընթաց է ենթադրում: Եթե Արդարադատության նախարարը կգտներ, որ պետք է արտահանձնել, ապա պետք է դատարան, դատարանի որոշման հիման վրա արտահանձնեին»:
Նա նշեց, որ դատարանում որոշակի գործընթաց պետք է ընթանար, իրենք կկարողանային իրենց հակափաստարկները ներկայացնեին եւ եթե որեւէ կողմ դժգոհ լիներ որոշումից, կարելի կլիներ բողոքարկել. «Բայց դուրս է գալիս, որ Հայաստանի կառավարությունն, իշխանությունները որոշեցին այդ երկար, դժվար ճանապարհը չանցնել եւ այսպես լուծել խնդիրը»: