Հայաստանի Հանրապետության համար Շաքրո Մոլոդոյը ցանկալի անձ է, իսկ Ժեան Բապտիստե Օզկիրիսյանը՝ անցանկալի
17:54, February 2, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ջ. Բ. Օզկիրիսյան (Շանթ Ոսկերչյան)2016 թվականի հունվարի 5-ին armlur.am լրատվական կայքը տարածել է «Օրենքով գող Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան, ովքեր են նրան դիմավորել» վերնագրով նյութ, որում նշվում է որ նրան դիմավորել են ՀՀ ՀՀԿ անդամներ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրված 2016 թվականի հունվարի 12-ի գրությամբ խնդրել է տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչ պատճառով է, առանց խոչընդոտի, թույլատրվել օրենքով գող Շաքրո Մոլոդոյի մուտքը Հայաստան, իսկ Ժեան Բապտիստե Օզկիրիսյանի /Շանթ Ոսկերչյան/ մուտքը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվել, քանի որ վերջինս համարվում է անցանկալի անձ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության 2016 թվականի հունվարի 25-ի պատասխան գրության մեջ նշվում է, որ օտարերկրացիների մուտքը ՀՀ արգելվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում են, որ Ժեան Բապտիստե Օզկիրիսյանի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ արդեն պատասխաններ տրվել են:
Այսպիսով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գտնում է, որ օրենքով գող Շաքրո Մոլոդոյը ցանկալի անձ է Հայաստանի Հանրապետությունում, իսկ Հայկական վերածնունդ կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Ժեան Բապտիստե Օզկիրիսյանը՝ անցանկալի:
Հիշեցնենք, որ Կազմակերպության հարցումներին ի պատասխան ՀՀ ԱԱԾ-ից նախ հայտնել էին, որ Ժ. Բ. Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյանի) մուտքը ՀՀ արգելվել է՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում նրա տվյալների՝ ներառված լինելու հիմքով, ապա տեղեկացրել էին, որ Ժ. Բ. Օզկիրիսյանի նկատմամբ ՀՀ մուտքի արգելքը կիրառվել է անժամկետ և այն կարող է հանվել մուտքի արգելքի համար հիմք ծառայած հանգամանքները վերանալու դեպքում՝ այդպես էլ չներկայացնելով Ժ. Բ. Օզկիրիսյանի՝ ՀՀ մուտքի արգելքի կիրառման համար հիմք ծառայած հանգամանքները: