Ոստիկանական բռնության դեմ բողոքի համար կարող էր ենթարկվել քրեական պատասխանատվության
19:13, May 2, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2014թ.-ի հունիսի 4-ին ՀՀ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցում Ալեքսանդր Ցվերյանովի դիմումի հիման վրա:
2012թ.-ի նոյեմբերի 30-ին, ժամը 07:30-ի սահմաններում Ալեքսանդր Ցվերյանովին Երևանի Էրեբունու բաժնի ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել բաժին և, բռնությունների ու սպառնալիքների գործադրմամբ, նրան ստիպել են խոստովանական ցուցմունքներ տալ տարբեր գողությունների կատարման վերաբերյալ:
Ի դեպ, նույն Ալեքսանդր Ցվերյանովը, 2014թ.-ի մայիսի 30-ին դատարանի վճռով ճանաչվել է անմեղ ինքնախոստովանված բոլոր 16 գողությունների կատարման մեջ և արդարացվել է:
2014թ.-ի դեկտեմբերի 11-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը և Ալեքսանդր Ցվերյանովի վերաբերյալ արդարացման դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Զուգահեռաբար, ՀՔԾ-ի կողմից Ալեքսանդր Ցվերյանովի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների կատարման գործով քննության արդյունքում 2015թ.-ի մարտի 31-ին ՀՔԾ-ի Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վ. Ավետիսյանը կայացնում է որոշում, որ քրեական հետապնդում չի իրականացվելու ոստիկանության աշխատակիցների նկատմամբ և, նաև, Ալեքսանդր Ցվերյանովի նկատմամբ՝ թվարկված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Այսպիսով՝ ՀՀ առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները գտել են, որ անհիմն է Ալեքսանդր Ցվերյանովի նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Հետևաբար, անհիմն է Ալեքսանդր Ցվերյանովի կողմից 16 գողությունների կատարման վերաբերյալ բոլոր ապացույցները: Իսկ դա նշանակում է, որ կամ Ալեքսանդր Ցվերյանովն ինքն իր կամքով խոստովանել է չկատարած հանցագործությունները, կամ ստիպել են, որ խոստովանի, կամ էլ ոստիկանները և քննիչը հորինել են ապացույցները:
Անկախ այս ամենից՝ նշված դեպքերում առնվազն բավարար հիմքեր կան ոստիկանության գործողությունները ապօրինի որակելու համար:
Կամ ՀՔԾ-ն պետք է քրեական գործ հարուցեր թե՛ առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ դատարանների դատավորների նկատմամբ, որոնք ըստ ՀՔԾ-ի քննիչի որոշումից բխող տրամաբանության, արձակել են արդարադատությանը հակասող վճիռներ:
Փաստը մնում է այն, որ Ալեքսանդր Ցվերյանովն անհիմն ազատազրկման մեջ է գտնվել առնվազն 19 ամիս և ոչ ոք պատասխանատվություն չի կրելու դրա համար:
ՀՔԾ-ի որոշումը բողոքարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որը, սակայն, մերժել է բողոքը:
Ներկայումս պատրաստվում է բողոք ՀՔԾ-ի քննիչի որոշումը դատարանում բողոքարկելու համար: