Կրոնական խնդիրները զինված ուժերում
17:51, July 2, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Զինված ուժերՀայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը բարձրաձայնում է, որ Զինված ուժերում վերջին շրջանում այլ կրոնական կազմակերպության անդամ զինվորների նկատմամբ իրականացվում է հավատաքննություն, ինչը շատ վտանգավոր է հենց զինված ուժերում ներքին անհանդուրժողականության և խտրականության դրսևորման տեսանկյունից: Նա մեջբերել է պաշտպանության նախարարի՝ ապրիլին «Պայքար աղադների դեմ» քննարկմանն արտահայտած այն միտքը, որ պետք է շարժվել այն ուղղությամբ, որ բանակում աղանդավորներ չլինեն:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով մասնակցել է ապրիլյան կոնֆերանսին, Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ կոնֆերանսին նախարարի ասածը մեկն էր՝ մենք պետք է հասկանանք, թե որ զինվորին կարող ենք զենք վստահել, քանի որ բանակ գալիս են, մենք չգիտենք ինչ կրոնական և հավատքային մարդիկ են, չափազանց շատ են խոսում այն մասին, որ որոշ կրոնական ուղղություններում տարածված է 19-20 տարեկաններին ինքնասպանության մղելու հանգամանքը:
«Եթե կա նպատակ, օրինակ, որ քո հավատքին համապատասխան քեզ վերաբերվեն, դա էլ է նպատակ և վատ նպատակ չէ, ինչպես օրինակ շատ բազմակրոն երկրներում մահմեդականին չտալ խոզի միս: Բայց ոչ ոք չի հավատա, որ Հայաստանում նման խնդիր է դրված: Չգիտեմ՝ հարցում անողն ով է, ինչ կարգի հարցեր են տալիս, և ընդհանրապես Հայաստանի ռեալությունները հաշվի առնելով, այո, իմ մեջ էլ է առաջանում տագնապ, որ բանակում կրոնական բնույթի հարցեր տալը և պարզելը կարծես թե դրական հարցադրման հեռանկար չի առաջացնում»,- նշել է Հրանուշ Խառատյանը:
Հարցին, թե բանակում արդյոք որևէ ինքնասպանության դեպք մինչև այժմ եղել է կրոնական հողի վրա, Հրանուշ Խառտյանը պատասխանել է, որ նման խոսակցություն հրապարակ չի եկել: Նա նկատել է, որ մեզ մոտ հետաքննություններն այնքան մակերեսային են անում ինքնասպանությունների հետ կապված, որ դրանց պատճառների ոչ մի վիճակագրություն կամ ամփոփում չկա. տեսանելի մակարդակում դրանց մեծ մասը սոցիալական հողի վրա են՝ անհուսություն, երեխաներին կերակրելու անկարողություն, արժանապատվության նվաստացում:
«Առհասարակ հավատաքննությամբ մարդուն ստուգում են, թե ինքը որ չափով է հավատում այն կրոնին, որի մասին ինքը խոսում է, ես իմ ուսանողների մեջ էլ հետազոտություններ եմ անում, մենք ուզում ենք հասկանալ՝ հավատը մակերեսայի՞ն է, տեղյա՞կ է ինքն արդյոք դավանանքի խնդիրներին, թե ուղղակի մակերեսի վրա է: Սրանք հետազոտական հարցեր ենք, որոնք միշտ կարևորում եմ», հավելել է Հրանուշ Խառատյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշել է, որ հավաքակայանում արդեն վաղուց են զորակոչիկներին գրանցում ըստ կրոնական պատկանելության, բայց ավելի մտահոգիչ է պաշտպանության նախարարի տեսակետը, որը պաշտպանության տեսակետից վտանգ է տեսնում զինվորների՝ բողոքական եկեղեցուն պատկանելու մեջ: Այդ մասին Սաքունցին իրենց մտահոգությունն են հայտնել բողոքական եկեղեցու մի շարք ներկայացուցիչներ: Նրանք որևէ խնդիր չեն ունեցել զինվորական ծառայության հետ կապված, այդ խնդիրները հիմնականում կապված են «Եհովայի վկաներ» կազմակերպության հետ, որոնք իրենց կրոնական համոզմունքներից ելնելով հրաժարվում են զենք վերցնել, և այդ հարցը լուծվել է:
Այլընտրանքային ծառայության մասին օրենքի փոփոխություններից հետո անցած տարվա հունիսից այդպիսի խնդիր այլևս չկա, բայց, իրավապաշտպանի դիտարկմամբ, դրանից հետո այդ թեման զինվորական ծառայության շրջանում հրահրելն առնվազն տարօրինակ է: Պետության համար իր քաղաքացիների կրոնական պատկանելությունը պետք է կարևոր չլինի, կարևոր է միայն այն, թե զինվորական ծառայության ընթացքում զինվորն իր պարտականությունները բարեխիղճ կատարում է թե ոչ, մանավանդ որ, ըստ սահմանադրության, եկեղեցին անջատված է պետությունից:
Ինքնին հարցումն արդեն հավատաքննություն է, քանի որ չպետք է պետության համար անձի, քաղաքացու կրոնական պատկանելությունը հանդիսանա քննության առարկա պետության համար՝ զինվորական ծառայության հետ կապված, եթե անձը չի դիմել այլրտրանքային ծառայության համար: Եթե կրոնական պետություն լինեինք, այլ կլիներ, բայց Հայաստանն աշխարհիկ պետություն է: Պաշտպանության նախարարը հանդես է գալիս որպես հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ զինված ուժերում, ինչը մտահոգիչ է: Երկու մեծ ֆեոդալ կա Հայաստանում, մեկը եկեղեցին է, մյուսը՝ իշխանությունը, ասել է նա:
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տրամագծորեն հակառակ կարծիքի է, որ եթե հանկարծ կոլեկտիվում լինում է ինչ-որ այլադավան մարդ, ընդ որում իր հայացքները և իր կրոնը ակտիվ քարոզող, դա է առաջացնում տարաձայնություն կոլեկտիվում, քան եթե հանկարծ փորձեն կոլեկտիվից ինչ-որ մարդու առանձնացնել: Մինչև հիմա կոլեկտիվի մեջ որևէ այլադավանի առանձնացնելը կոլեկտիվում բարոյահոգեբանական մթնոլորտի անկում չի բերել աշխարհի ցանկացած բանակում, և հակառակը, եթե կոլեկտիվի մեջ մեկը լինում է այլադավան և սկսում է իր քարոզը տանել, կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտը շեշտակի ընկնում է:
Հարցին, արդյոք ունե՞նք բանակում մեկը, ով փորձում է իր կրոնական հայացքները քարոզել, Արծրուն Հովաննիսյանը պատասխանել է, որ բարեբախտաբար՝ ոչ, որովհետև այլընտրանքային ծառայության մասին օրենքը բավական հեշտացրել է խնդիրը, և մարդկանց նախնական զտումից հետո նրանք իզոլացվում են իրենց առանձին հնարավորություններով և տեղերով: Եթե ինչ-որ մեկը փորձի քարոզ իրականացնել, ամենայն լրջությամբ, նրան պետք է կոլեկտիվից առանձնացնել, որպեսզի նա կոլեկտիվի մթնոլորտ չփչացնի: Հավաքակայանից սկսած զինվորին իր կրոնի ընտրության հարցը տրվում է իր կամքով, և հանկարծ, Աստված մի արասցե, ինքը փորձի քողարկել, ապա ծառայության ընթացքում հրամանատարները և սպաները նրա համար են, որ նման երևոււյթները արագ հայտնաբերվեն: Վերջին 5-6 տարում որևէ խնդիր չի եղել: Ինչ լիբերալ կանոնները մտել են, կրոնական հողի վրա ոչ մի ինքնասպանության կամ սպանության դեպքեր չեն լինում, քանի որ նրանց արագ առանձնացնում են: Ոմանք հրաժարվում են ծառայությունից, նրանց դատում են, մի մասն էլ գնում է այլընտրանքային ծառայության, ասել է ՊՆ խոսնակը:
Աղբյուրը՝ www.lragir.am