Սաքունցը կոչ է անում, որ ՊՆ խոսնակը «հուշի, մի քիչ սովորեցնի» Վիգեն Սարգսյանին
17:01, December 2, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած ապրիլյան պատերազմի զոհերի մասին զեկույցին ՊՆ պաշտոնապես չի արձագանքել:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը.
«Չեմ ողջունում նոր նախարարի գործելաոճը, նախորդ նախարարի հետ էլ միանգամից հարթ չի եղել աշխատանքը, բայց կար որոշակի երկխոսության մշակույթ, իսկ նախարարի այսօրվա դիրքորոշումը, որը հայելային արտատպվեց նրա խոսնակի դիրքորոշման վերաբերյալ, որ ոչ թե օբյեկտիվ է կամ չէ, այլ մի խոսեք այդ թեմայի շուրջ: Մենք խոսելու ենք, շարունակելու ենք պահանջել, իսկ անհրաժեշտության դեպքում, կհանդիպենք դատարանում, իսկ այն քրեական գործերը, որոնցով չենք հասել հաջողության, պատասխանները երբ ՄԻԵԴ-ից կստանանք, այն ժամանակ նախարարը կհասկանա՝ պետք է գնա՞լ խոսակցության, թե՞ նման գնահատական տալ»,- ասաց Սաքունցը:
Սաքունցի համար անհասկանալի է, որ նախարարն առանց ստուգելու բարձրաձայնված խախտումները, գնահատական է տալիս, որի միտումը հետեւյալն է, որ «չի կարելի խոսել».
«Չի կարելի նման վերաբերմունք ունենալ պաշտպանական գերատեսչությունից էդքան հեռու գտնվող անձի կողմից, մենք պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների խնդրով զբաղվում ենք առնվազն 10 տարի, իսկ ինքը նոր է նշանակվել նախարար: ՊՆ մամուլի խոսնակին կառաջարկենք, որ նախարարին գոնե ուղղություն ցույց տա, հուշի, լավ կլինի՝ մի քիչ սովորեցնի. ջահելություն պետք չի անել: Պաշտպանության գերատեսչություն է, ոչ թե ինքնարտահայտման տեղ»,- ասաց նա:
Սաքունցը տեղեկացրեց, որ զեկույցն ուղարկել է եւ Դատախազություն, եւ ԱԺ պաշտպանության հանձնաժողով, դեռեւս արձագանքներ չկան: