ՀՀ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստին
14:51, March 3, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն2016 թ. մարտի 2-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Բաղդասարյանի, նշանակված էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով նախնական դատական նիստ:
Դատական նիստին մասնակցում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, որը Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի կողմից լիազորված էր հանդես գալու Կազմակերպության անունից:
Նախագահող դատավոր Կ. Բաղդասարյանը նշեց, որ Դատարանը պատճաշ կարգով ծանուցել է կողմերին դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն պատասխանողի կողմից դատական ծանուցագրի ստացման փաստը հավաստող փոստային հետադարձ հավաստագիրը Դատարանը չի ստացել:
Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ նման պայմաններում անհրաժեշտ է հետաձգել դատական նիստը՝ ապահովելով պատասխանող կողմի պատշաճ ծանուցումը:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի դրույթներով, որոշեց հետաձգել նախնական դատական նիստը՝ այն նշանակելով 2016թ. ապրիլի 6-ին՝ ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի, 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու 341-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործերի վերաբերյալ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, պահանջված տեղեկատվությունը չի տրամադրել: Տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով 2015 թվականի ապրիլի 29-ին ներկայացված վարչական բողոքի վերաբերյալ ևս Կազմակերպությունը պատասխան չի ստացել: