Տարոն Սիրադեղյանի գործով Դատարանի վճիռը կբողոքարկվի
17:04, March 3, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. մարտի 2-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, հրապարակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Տարոն Սիրադեղյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատարանի վճիռը: Մասնավորապես, Դատարանը վճռեց բավարարել ՀՀ Ոստիկանության հայցը՝ Տ. Սիրադեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ նշանակելով 50.000 ՀՀ դրամի չափով տուգանք: Միաժամանակ, Դատարանը վճռեց մերժել ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով Տ. Սիրադեղյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումը:
Սույն վճռով Դատարանը գտել է, որ 2014 թ. հունիսի 23-ին կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում Տ. Սիրադեղյանի կողմից դրսևորած վարքագիծը, որն արտահայտվել է ճանապարհի երթևեկելի հատվածը փակելով, հասարակական կարգի խախտման դրսևորում է: Դատարանն օրինական է համարել ոստիկանության ծառայողի պահանջը, որն ուղղված է եղել ճանապարհի երթևեկելի մասն ազատելուն և նշել է, որ այն բխեցվել է նաև հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, և այդ պահանջի չկատարումը Դատարանը դիտարկել է որպես վարչական իրավախախտում:
Այսպիսով, Դատարանը փաստել է, որ տեղի է ունեցել վարչական իրավախախտման դեպքը, որն արտահայտվել է հասարակական կարգի պահպանության պարտականության կատարման ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելով, պարզված է իրավախախտումը Տ. Սիրադեղյանի կողմից կատարված լինելու փաստը, և այդ իրավախախտման կատարման համար նախատեսված է պատասխանատվություն, ուստի Դատարանը որոշել է Տ. Սիրադեղյանին ենթարկել վարչական պատասխանատվության:
Անդրադառնալով սույն գործով ներկայացված հակընդդեմ հայցադիմումին՝ Դատարանը նշել է, որ իրավախախտման կատարման հիմքով ոստիկանության աշխատակիցները Տ. Սիրադեղյանին ձերբակալել են և տեղափոխել ՀՀ Ոստիկանության բաժին ու ընդհանուր առմամբ իրավաչափ է համարել ՀՀ Ոստիկանության գործողությունները, ինչից բխեցրել է, որ տվյալ դեպքում հակընդդեմ հայցվորի ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների ժամանակավոր սահմանափակումն օրինական է և թելադրված է հասարակական կարգի պահպանման և օրինականության վերականգնման անհրաժեշտությամբ:
Պատասխանող և հակընդդեմ հայցվոր կողմը Դատարանի վճիռը սահմանված ժամկետում կբողոքարկի ՀՀ Վարչական վերաքննիչ դատարան:
Տես նաև՝ hcav.am