Իսկ Հ. Աբրահամյանն ասում էր ՀՀ-ն ՄՄ-ին կանդամակցի կա՛մ Ղարաբաղով, կա՛մ առհասարակ չի անդամակցի
15:05, June 3, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄ«Ամեն ինչ պետք է ճիշտ տեղին և ժամանակին ասվի, եթե բան կա ասելու: Իսկ այն, ինչը չի ասվում տեղին և ժամանակին, ապա ժամկետնանց ու հնացած ապրանքի է նմանվում, որն ուղղակի պիտանի չէ օգտագործման: Այս է պատճառը, որ ստեղծվում է մի իրավիճակ, երբ մեկնաբանության խնդիր այլևս չի լինում և իմաստ էլ չունի»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, թե «ինչ սահմանների մասին ենք խոսում…: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ որևէ տրամաբանական վերլուծության կարիք այս դեպքում չկա. «Սերժ Սարգսյանի քայլերն այլևս տրամաբանական չեն և անհասկանալի է իր վարքագիծն ընդհանրապես»:
Անդրադառնալով այն հարցադրմանը, թե ինչպես ստացվեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն ՄՄ-ին կանդամակցի կա՛մ Ղարաբաղով, կա՛մ առհասարակ չի անդամակցի, իսկ նախագահը հայտարարում է ճիշտ հակառակը` Ա. Սաքունցը պատասխանեց. «Երկուսն էլ մի կուսակցությունից են` մեկը կուսակցության ղեկավարն է, իսկ մյուսը կուսակցության ներկայացուցիչ: Այսինքն, սա խոսում է այն մասին, որ այդ կուսակցությունում չկան քննարկումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի որոշում կայացնել, թե ինչպես վերաբերվել Մաքսային միությանն անդամակցելու հարցին` Ղարաբաղի հետ կապված` հետևություն կարող ենք անել, որ քաոսային վիճակ է իշխող կուսակցության ներսում և ամեն մեկն ինչպես մտածում է, կամ ինչպես ենթադրում է, այդպես էլ տեսակետներ է հայտնում: Ղեկավար քաղաքական մեծամասնոթյունը չունի հստակ դիրքորոշում»:
Ա. Սաքունցը նշեց նաև, որ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի կողմից Եվրոմիության Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընացի կասեցում, ինչը բերեց ինքնիշխանության կորստի. «Սակայն եթե գործընթացը շարունակվեր, դա կլիներ Հայաստանի անկախության երաշխիքներից, այսինքն երբ դու կորցնում ես գործընկերության հնարավությունը, դրանից հետո քննարկել Եվրասիական միության մեջ անդամագրվել-չանդամագրվելու հարցը, էական չէ Կրեմլի համար: Նրանք կարևոր խնդիր էին դրել իրենց առաջ` զրկել Հայաստանին անկախությունից և զրկեցին: Հիմա կմտցնի-չի մտցնի, թե այդպես կախյալ վիճակում էլ կպահի` դրանք բոլորն էլ նույն բովանդակությունն ունեն, այն է` ունենալ կամազուրկ, ինքնուրույնությունից զրկված մի մասսա: Կրեմլը մի աբողջ երկրի զրկեց ինքնուրույնությունից ու որոշումներ կայացնելու հնարավորությունից առհասարակ»:
Աղբյուրը՝ galatv.am