Փորձագետը երեխայի մահը անխուսափելի գնահատեց, այնինչ ապրելու հավանականությունը 70% էր
18:47, July 3, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ | Լիա Միսակյան2014 թ. հուլիսի 2-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը, որի ընթացքում շարունակվեց փորձագետ Աննա Չոբանյանի հարցաքննությունը:
Գործով մեղադրող Դ. Կարապետյանի հարցերին ի պատասխան փորձագետը նշեց, որ կատարված բուժումը համապատասխանում է դեկտեմբերի 31-ին արված ախտորոշմանը: Փորձագետը հայտնեց, որ Լիա Միսակյանի մահվան պատճառը եղել է ագրանուցիտոզ հիվանդությունը, որը ծայրահեղ վիճակ է, բացի այդ երեխայի մոտ եղել է լեյկոպենիա, որը լեյկոցիտների ցածր քանակն է արյան մեջ: Լեյկոցիտների 500-ից ցածր քանակը վտանգավոր է կյանքի համար, իսկ Լիա Միսակյանի մոտ եղել է 18: Փորձագետը համաձայնվեց, որ երեխայի մոտ եղել է թարախաֆիբրինային թոքաբորբ և նշեց, որ այն զարգանալու համար բավական է 18 ժամը: Փորձագետ Ա. Չոբանյանը նշեց, որ այդ հիվանդությունը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներով, սակայն առաջացման հիմնական պատճառները երեքն են՝ սուր լեյկոզ, վիրուսային և բակտերիալ ինֆեկցիա, ոչ քիմիոթերապիայի նպատակներով օգտագործված դեղորայք: Մեղադրողի հարցին ի պատասխան փորձագետը հայտնեց, որ թարախային թոքաբորբի հայտնաբերման պահից պետք է կատարվեր անտիբակտերիալ թերապիա, կաթիլային բուժում, իսկ մնացած բուժումը սիմպտոմատիկ է: Ա. Չոբանյանը նշեց, որ վիրուսային ինֆեկցիայից հետո թարախային թոքաբորբ կարող է առաջանալ ինչպես նույն օրը, այնպես էլ 2-3 օրվա ընթացքում: Միաժամանակ, փորձագետը նշեց, որ բուժումը պետք է արվեր 15 օր առաջ, իսկ հիվանդանոց տեղափոխելու պահին արդեն ուշ էր: Մեղադրող Դ. Կարապետյանի այն հարցին, թե արդյոք դեկտեմբերի 31-ին հիվանդանոց ընդունվելու պահին երեխան արդեն դատապարտված էր, փորձագետը դրական պատասխան տվեց, հայտնելով, որ մահվան հավանականությունը 30 տոկոս է: Մեղադրողը փորձեց պարզել, թե ինչ բուժում պետք է նշանակվեր, եթե լինեին արյան անալիզի պատասխանները: Փորձագետ Ա. Չոբանյանը պատասխանեց, որ պետք է նշանակվեր անտիբակտերիալ բուժում և նշեց, որ անալիզի առկայության դեպքում չի կարող միանշանակորեն պնդել, որ բուժման ծավալն ամբողջությամբ համապատասխանել է ախտորոշմանը:
Տուժողի իրավահաջորդ Գ. Միսակյանի հարցերին ի պատասխան փորձագետը հայտնեց, որ մինինգիտի և էնցիֆալիտի նշանների բացակայության դեպքում արյան անալիզ կարող էին անել առավոտյան: Առաջադրված հարցին փորձագետը պատասխանեց, որ նշանակված դեղերը վնասել են երեխային, սակայն դա համարեց թերություն միայն երկրորդ օրվա բժշկուհու գործողություններում, հայտնելով, որ փորձաքննության եզրակացությամբ հանգել են հետևության, որ այդ օրը պետք է վերցվեին արյան անալիզի պատասխանները:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը փորձեց ճշտել, թե երբ է հայտնի եղել Լիա Միսակյանի իմունիտետի ընկճվածության մասին, փորձագետը նշեց, որ այդ մասին հայտնի է եղել հունվարի 2-ին, իսկ այն հարցին, թե մինչ այդ մասին իմանալը կատարված նշանակումները չեն վնասել երեխային, փորձագետը պատասխանեց, որ կաթիլայինը չի վնասել, իսկ մյուս դեղամիջոցները պետք չէին:
Ա. Սաքունցը ճշտեց, թե արդյոք դեկտեմբերի 31-ին կամ հունվարի 1-ին լեյկոպենիան և ագրանուցիտոզը հայտնաբերելուց հետո անհրաժեշտ էր երեխային տեղափոխել վերակենդանացման բաժանմունք: Ա. Չոբանյանը դրական պատասխան տվեց, այնուհետև հավելեց, որ դա ցանկալի էր, բայց, այնուամենայնիվ, հաստատեց, որ Լիա Միսակյանն ունեցել է հատուկ ուշադրության կարիք: Փորձագետի հարցաքննության ընթացքում մեղադրանքի կողմը փորձում էր հասկանալ, թե փորձագիտական եզրակացության հետևությունների որ կետում է գնահատական տրվել դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին ձեռնարկած միջոցառումներին և նշանակված բուժմանը: Դատարանն էլ իր հերթին փորձեց պարզել, թե արդյոք դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին ձեռնարկված գործողությունները եղել են իրավաչափ և համաչափ: Փոորձագետը պնդեց, որ դեկտեմբերի 31-ին ձեռնարկված գործողությունները եղել են համաչափ, իսկ հունվարի 1-ին չեն վերցվել անալիզի պատասխանները, սակայն չկարողացավ նշել, թե դա ում սխալի արդյունքն է: Մեղադրանքի կողմը փորձում էր պարզել, թե ինչի հիման վրա է փորձագետը եզրակացնում, որ երեխայի մոտ եղել է սուր շնչառական վարակ: Ի վերջո, փորձագետը նշեց, որ դեկտեմբերի 31-ին Լիա Միսակյանի մոտ թոքաբորբ չի եղել, այն զարգացել է հետագայում:
Փորձագետի հարցաքննությունը շարունակեց պաշտպանական կողմը, և հարցերի հիմնական մասն ուղղեց ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը: Վերջինիս հարցին ի պատասխան փորձագետ Ա. Չոբանյանը նշեց, որ միջազգային չափորոշիչների համաձայն թոքաբորբի աշխատանիշներ առաջին օրը չեն եղել: Փորձագետն առաջադրված հարցին ի պատասխան հայտնեց, որ ամսի 2-ին կատարված սոնոգրաֆիան էական փոփոխություններ ցույց չի տվել, քանի որ դրանք խորը չեն եղել, իսկ եթե շուտ լինեին, ինչ-որ ձևով կերևային: Պաշտպանը հայտնեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննության մեջ նշվել է, որ թոքերում թարախ է հայտնաբերվել, իսկ բիոքիմիական անալիզը հակառակ պատկեր է ցույց տվել և փորձեց պարզել հակասության պատճառը: Ա. Չոբանյանը նշեց, որ փորձագետի կողմից նշված թարախը կարող է մահացած հյուսվածք լինել և այն անզեն աչքով հնարավոր չէ տարբերակել: Փորձագետը նշեց նաև, որ թոքաբորբի վաղեմությունը հիմնականում հստակ որոշել հնարավոր չէ: Ե. Սարգսյանը փորձեց պարզել, որ եթե նշանակվեր անտիբիոտիկ, արդյոք այն կկանխեր հիվանդության զարգացումը: Փորձագետը հայտնեց, որ անտիբիոտիկը չէր կանխի հիվանդության զարգացումը: Պաշտպանն ավելի հստակեցնելու համար հարցրեց, թե արդյոք հունվարի 1-ին անտիբիոտիկ չտալը պատճառական կապի մեջ է գտնվում մահվան հետ: Ա. Չոբանյանը բացասական պատասխան տվեց, սակայն նշեց, որ անտիբիոտիկ պետք է նշանակվեր: Փորձագետը նշեց, որ երեխայի շնչառական ակտը պետք է լիներ 40-ի բարձր, թոքերում հայտնաբերված 300մլ հեղումը առաջացել է 1 օրվա ընթացքում, իսկ արյան երկրորդ անալիզի պատասխանում նշված վլաստային ձև 3-ը խոսում է ծանր վիճակի մասին:
Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան փորձագետը հայտնեց, որ Առողջապահական միջազգային կազմակերպության չափորոշիչները կիրառելի են հիվանդությունների մեծամասնության համար և սկսնակ բժիշկների համար:
Դատավոր Լ. Ավետիսյանի հարցին ի պատասխան փորձագետը հայտնեց, որ երեխայի օրգանիզն ախտահարվել է անկանխատեսելի սրընթաց զարգացման արդյունքում, որը հանգեցրել է մահվան:
Պաշտպան Գ. Հովհաննիսյանի մեկ այլ դատական գործով զբաղվածության պատճառով սույն գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. օգոստոսի 8-ին, ժամը 11:00-ին: