Կողմ և դեմ. Հայաստանի սահմանադրական բարեփոխումների գործընթացին զուգահեռ ձևավորվում են «այո»-ի և «ոչ»-ի ճամբարներ
13:02, September 3, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններՍահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ քաղաքական դաշտում ձևավորվել են «այո»-ի և «ոչ»-ի ճամբարներ: Փոփոխությունների շուրջ քննարկումների արդյունքում ընդդիմադիր դաշտի որոշ քաղաքական ուժեր հայտնվել են իշխանական ճամբարում, ինչն էլ ընդդիմադիր կոշտ քաղաքական գործիչները համարում են հերթական խաղ իշխանության հետ:
Անցյալ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ նախագահի նստավայրում քննարկել են Սահմանադրության փոփոխությունները: Հրավերն անգամ ընդունել են նախկինում Սահմանադրության փոփոխությանը կտրուկ դեմ արտահայտվողները։ ԲՀԿ ներկայացուցիչները արդեն իսկ հայտարարել են, որ չեն միանալու «ոչ»-ի ճամբարին:
Ավելի ուշ ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպել են Սերժ Սարգսյանի հրավերը մերժած «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամները։ Թե՛ նախագահականում և թե՛ խորհրդարանում քննարկումներ անցկացնելու հրավերները մինչ այժմ մերժել է միայն ՀԱԿ-ը:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, դատապարտելով Սերժ Սարգսյանի հրավերն ընդունած քաղաքական ուժերին, նշել է, որ նրանք ընդամենը քաղաքական դաշտում տիկնիկներ են, որոնց նախագահը խաղացնում է՝ աշխարհի աչքին թոզ փչելու նպատակով։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է սահմանադրական բարեփոխումների քննարկումների շուրջ որոշակի կոնսոլիդացիայի ստեղծումը:
Անցյալ շաբաթ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր. սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա կա:
«Կոնսոլիդացիա չի նշանակում, որ բոլորը պետք է նույն փաստաթղթին «այո» ասեն: Կոնսոլիդացիան այն է, երբ բոլորը պատրաստ են այդ փաստաթուղթը քննարկել, երբ բոլորը պատրաստ են այդ փաստաթղթի վերաբերյալ ծավալել քննարկումներ»,- ասել է Շարմազանովը:
ՀԱԿ խմբակցության անդամները հայտարարել են. խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ փորձելու են տապալել գործընթացը, «ոչ»-ի պայքարը կազմակերպելու համար քննարկումներ են անցկացնում տարբեր ուժերի հետ:
Նախագահ Սարգսյանը Սահմանադրության բարեփոխումների շուրջ հանդիպում է ունեցել նաև Հանրային խորհրդի անդամների հետ: Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ շուտով նույնպես հրավեր են ստանալու նույն խնդրի շուրջ նախագահի հետ քննարկում ծավալելու համար:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է. որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ չի գնա և չի քննարկի հարցը նախագահականում:
«Որպես ՀՀ քաղաքացի ես նրա հետ կարող եմ հանդիպել միայն Հայաստանի դատարաններում, որպես պատասխանատու անձ մարտի մեկի հանցագործության և մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների հիմքով հարուցված տարբեր քրեական գործի շրջանակներում: Նախագահն ինքը խախտել է գործող Սահմանադրությունը մի քանի կետերով` երկու անգամ դառնալով երկրի նախագահ»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Սաքունցը:
Անդրադառնալով նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումներին քաղաքական ուժերի, Հանրային խորհրդի անդամների հետ` Սաքունցը նշում է. ակնհայտ է` վստահություն չունեն և փորձում են սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը տալ լեգիտիմություն, իսկ լեգիտիմացման ապահովման միակ տարբերակը նման կեղծ հարթակների ձևավորումն է:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության ղեկավար Ստեփան Դանիելյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նախագահ Սարգսյանի հետ հանդիպումները ընդամենը շոու են, ոչ ավելին:
«Սա շոու է դրսի համար՝ միջազգային գործընկերներին ցույց տալու համար, որ ամեն ինչ վերահսկվում է, ամբողջ հասարակությունը միահամուռ կերպով մասնակցում է սահմանադրական փոփոխությունների քննարկումներին»,- ասել է Դանիելյանը:
Սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորվել է նաև «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, որը համագործակցում է ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Հիմնադիր խորհրդարանի», «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության և առանձին անհատների հետ:
Աղբյուրը՝ armenianow.com