Ես մարդ եմ տեսել, որ ձեռքին փաթեթով գումար է եղել. Արթուր Սաքունց
14:08, October 3, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՎանաձորում ընթացող ՏԻՄ ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատ բավական ակտիվ են: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ այս ժամի դրությամբ իրենք ստացել են բազմաթիվ ահազանգեր՝ ընտրախախտումների վերաբերյալ, որոնց մի քանիսի կապակցությամբ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն:
«Հիմնական խախտումներն արձանագրված են զանգվածային կուտակումների տեսքով՝ մեքենաների, մարդկանց: Դրանք մշտական այսպես կոչված հերթապահ նշանակված մարդիկ են, ովքեր կարգավորում են քաղաքացիների հոսքը դեպի ընտրական տեղամաս»,- նշեց Սաքունցը:
Իրավապաշտպանի խոսքով՝ ահազանգեր են ստացվել որոշակի ընտրակաշառքների, խրախուսական միջոցների տրամադրման մասին: «Ես մարդ եմ տեսել, որ ձեռքին մի ամբողջ փաթեթով գումար է եղել, բայց որ հագուկապին նայում ես … Ես դիտորդ եմ, ոստիկանության աշխատակից չեմ, չեմ կարող հարցնել՝ ինչ գումար է, ինչ է, ահազանգում ենք ոստիկանությանը, ասում են՝ փաստեր ներկայացրեք: Կներեք, փաստերը՝ դուք պետք է ներկայացնեք»,- շեշտեց նա: