Թուրքական պատմություններ. Վարդուհու Շչելկունչիկը
10:24, November 3, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻմ թուրքական պատմություններ շարքի վերջին` երրորդ պատմությունն է:
Սա Վարդուհուն հենց տեսավ` խփնվեց: Չէ, չսիրահարվեց, չհրապուրվեց, չգայթակղվեց, չտպավորվեց… կամ էլ էս ամեն ինչը միասին`խփնվեց: Վարդուհուն էլ Վարդուհի մի ասա, մի սարի ծաղիկ ասա` փթթուն, բարեմասնություններն ախորժալի, հայի աչքերը` երեսով մեկ, մեջը Լոռվա միամտություն, շուրթերն ալ կարմիր` մորից բնական: Ու ձգեց, քաշեց, գերեց տղային: Տղան էլ, լենինականցու ասած`թուրուտի: Ժպիտը լայն, աչքերը երեսին չէին կանգնում` հայացքը լույսի արագությամբ մոտակայքում գտնվող բոլոր կանանց շորերը հանում-հագցնում էր, Վարդուհունն էլ հետը:
Հայաստանի՞ց եք, դիմեցին ոտքերը շաղոտ Վարդուհուն ու նրա երկու ընկերուհիներին, որոնք ի տարբերություն Վարդուհու, մերձարեւադարձային խոնավ այգու թաց խոտերից ոտքերը բարձրացրել, դրել էին դիմացի բազկաթոռին: Մենակ Վարդուհին էր ոտքերը շաղի մեջ նստել, որովհետեւ ինքը փեշով էր` ոտքերն իրար բերած, խոնարհ նստած էր: Աղջիկները մինչեւ կհասցնեին արձագանքել, Շչելկունչիկն ու իր ընկեր Անտոնը տեղավորվեցին նրանց սեղանի շուրջը: Թե ինչո՞ւ եմ Վարդուհու վրա խփնվածին Շչելկունչիկ անվանում, հետո կիմանաք, բայց նրա կողքի ընկերոջ անունը դրել եմ Անտոն, որովհետեւ հայրս որպեսզի իրեն հանդիպած անկապ մեկին չվիրավորի, բայց միեւնույն ժամանակ վերաբերմունք ցույց տա, անվանում է Անտոն` իր ռուս հարեւանին, օրինակ, որին կինը պարբերաբար նվաստացնում է եւ առհասարակ, բոլոր նրանց, ովքեր, ըստ իրեն` տղամարդու, այսինքն ասպետի հատկանիշներ չունեն:
Եվ այսպես, ծանոթությունը կայացավ` Վարդուհին ու ընկերուհիները Հայաստանից էին, Անտոնն ու Շչելկունչիկը`մեկը Թուրքիայի ինչ-որ ծովափնյա գյուղից, մյուսն էլ ինչ-որ փոքր քաղաքից: Նրանց միավորում էր 1915-ին Թուրքիայում տեղի ունեցած հայերի ցեղասպանության հարցը, որի մասին հավաքվել էին խոսելու` միմյանց նկատմամբ հարյուրամյա ատելությունն ու թշնամանքը հաղթահարելու նպատակով: Տղաները չափից ավելի ուշադիր ու բարեհամբույր էին` վազում էին սուրճ ու սառը ըմպելիք բերելու, վեր էին ցատկում աթոռ մատուցում ու ամեն ինչ անում, որ հանկարծ օտարություն չզգանք: Մի խոսքով, երեկոն անցավ չափազանց բարյացակամ եւ ուրախ մթնոլորտում, չնայած որ զգացվում էր, որ Շչելկունչիկը Վարդուհու վրա խփնված է արդեն: Անտոնն էլ պակաս ժիրը չէր, չնայած Շչելկունչիկին չէր հասնի, որովհետեւ անգլերենը սարսափելի վիճակում էր, ինքն էլ մի տեսակ անհեթեթ տեսքով` չնայած հասուն տարիքին, մանկական խոպոպիկներով, թմբլիկ ու մանր , խորամանկ աչքերով: Սա էլ իր «հմայքն» էր գործի դրել Վարդուհու ընկերուհիներից մեկի ուղղությամբ, որն անմիջապես էր զգացել սրանց մտքինը, բայց զվարճանում էր տղաների ջանքից ու փորձում հասկացնել, որ շատ չոգեւորվեն: Բայց ի՞նչը կարող է միավորել հային ու թուրքին, եթե ոչ ցեղասպանությունը, ու սրանք աղջիկներից պոկ չէին գալիս ու եթե համարում քնած չէին, մնացած ժամանակ խոսում էին ցեղասպանությունից, ախ ու վախ անում ու նշում, որ ահավոր վատ են իրենց զգում: Ու սրանց սրտացավությունը հետապնդող էր այն աստիճան, որ Վարդուհին ու Շուշանը թաքցրել էին իրենց սենյակների համարները, իսկ մյուս ընկերուհին ոչ, որովհետեւ թարսի պես Շելկունչիկի հետ հարեւան սենյակներում էին տեղավորված: Ու Վարդուհու ընկերուհին պարտիզանի պես մինչեւ վերջին օրն այդպես էլ տեղի չտվեց Շելկունչիկի դիվանագիտական մոտեցումներին, որը հենց իրեն տեսնում էր պատշգամբում, դուրս էր վազում` պատի այն կողմից սուրճ փոխանցում, խոսքի բռնվում, բնականաբար ցեղասպանության թեմայով, ու ձեռի հետ առաջարկում գնալ, Վարդուհուն կանչել, որ «մի քիչ զրուցենք, միայն թե սենյակի համարը ո՞րն է~ր:
Ծանոթության հաջորդ երեկոյան, քննարկումներից հետո, Վարդուհին իր ընկերուհիներով, Շելկունչիկի ու Անտոնի ուղեկցությամբ դուրս եկան հյուրանոց տարածքից ու որոշեցին գնալ տեղանքն ուսումնասիրելու, հատկապես որ խանութից էլ մանր-մունր առեւտրի կարիք էր զգացվել:
Քոջայլի կոչվող տեղանքը, պարզվեց, գյուղ է: Ավան չէ, փոքր քաղաք չէ, գյուղ է որ կա` պաշտոնապես ու առանց քաղաք դառնալու հեռանկարի: Թավ կանաչի մեջ կորած մի դրախտավայր, չնայած որ եղանակը բոլորովին էլ մեր բնությանը չէր համապատասխանում ու տոթից ու խոնավությունից մեկումեջ էինք շնչում: Մինչ Շչելկունչիկը Վարդուհու ականջին նսած, մի երկու քայլ առաջ էին քայլում, ես, որ Վարդուհու վերոնշյալ ընկերուհիներից մեկն էի, աչքերս չորս արած տեղանքն էի զննում` մաքրությունն աչք էր ծակում, բայց քանի որ գյուղ էր, ես համառորեն բակերում ծանոթ տեսարաններ էի որոնում. կցակառույցներ, տձեւ խորդանոցներ, դռների մոտ դարսած փեդ, քար, խոտի դեզ ու եսիմ էլ ինչ պիտանի ապրանք, գյուղացու տան համար: Չկար ու չկար: Մայթերը բարեկարգ, բակերը կոկիկ ու մաքուր, այգիները խնամված, տները հիմնականում երկհարկանի ու շատ գեղեցիկ: Գյուղի բարձր կենսամակարդակն ուղղակի անզեն աչքով էր երեւում: Շատ նման էր մեր Երեւանի էլիտար Վահագնի թաղամասին, պարզապես ուղեփակոցի գերաններ չկային, որոնց տակով այստեղ միայն օձն իր պորտով կարող է անցնել, այնտեղ` ով ասես, ազատ էր, գյուղ էլի: Երեկոյան ժամ էր ու գյուղի ժողովուրդը մզկիթներից տուն էր դառնում, հիմնականում մեծահասակներ: Պահը մեզ փոքր-ինչ լարեց, բայց անցորդները հիմնականում բարեհամբյուր էին, չնայած մի երկու տեղ մի երկու խումբ բիձա մեզ հայացքով սղոցեցին,այդ էլ երեւի այն պատճառով, որ կարճ ու բաց էինք հագնված: Գյուղում բոլոր կանայք հիջաբներով կամ չադրաներով էին:
«Վարդուհի, տեսնո՞ւմ ես, երկնքում աստղ երեւաց, այդ աստղը դու ես, դու իմ աստղն ես: Քո աչքերը ինձ գերել են: Ի՞նչ ես ուզում, ես քեզ համար ամեն ինչ կանեմ»,-լսեցինք Շչելկունչիկի ձայնը, որ խլացավ Վարդուհու կչկչոցից: Ձայն տվեցինք, որ շատ առաջ չընկնեն, քանի որ պիտի մտնեինք խանութ մեր առեւտուրն անելու: Շչելկունչիկը եկավ, որ թարգմանի: Հետո դարձավ ինձ ու ասաց «Խանութի տերն է, հարցնում է` որտեղի՞ց ես: Ասե՞մ»: «Այո, ասում եմ, Հայաստանից եմ, հայ եմ»,-դիմում եմ խանութպանին` թուրքերեն: Փոքրիկ խանութ էր, երկհարկանի տան առաջին հարկում, գյուղի կենտրոնական փողոցի երկայնքով ձգված տների առաջին հարկերում գործող խանութներից մեկը: Սա վաճառասեղանի այն կողմում էր, նստած: Վեր կացավ, վաճառասեղանի վրայով մեկնեց ձեռքը, որ ինձ ձեռքով բարեւի: Հետա ասաց, որ ինքը շատ լավ է վերաբերվում հայերին: Մտածեցի` ի՞նչ խորամանկն են, առեւտուրին մուննաթ, բայց ժպտում եմ: «Ես շատ եմ հարգում ձեր ժողովրդին, ես հայ ընկերներ ունեմ…ես գիտեմ, որ դուք մեզանից շատ եք նեղացած…»,-ասաց ու ինքն էլ է ժպտում մեղավոր: Լավ, ասում եմ, մենք պիտի գնանք, ինչքա՞ն պիտի վճարեմ: Նայեմ` Շչելկունչիկը զմայլված նայում է ճակատիս: Հը, ասում եմ, ինչք՞ան է: «Նա խնդրում է, որ չվճարես, նա նվեր է անում»,-թարգմանում է Շչելկունչիկը: Մտածում եմ` տեր Աստված, սրանք չլինի՞ պայմանավորված են, որոշել են մեզ վրա լավ տպավորություն թողնել: Մի քանի րոպե խանութպանին վճարելու փորձ անելուց հետո շնորհակալություն հայտնեցի նրան նվերի համար, նա նորից ձեռքը մեկնեց ինձ հրաժեշտ տալու ու մենք դուրս եկանք խանութից: Արդեն մթնել էր: Ստամբուլում ու արվարձաններում մութը շատ կտրուկ էր ընկնում ու լույսն էլ կտրուկ բացվում: Շչելկունչիկն էլի Վարդուհու ականջին հաճոյախոսություններ շռայլելով երկու քայլ առաջ ընկավ, աստղերը հաշվելով ու երկինքներում սավառնելով, մենք իրենց հետեւից իրենց մասին կատակներ անելով` քայլում էինք:
Մի տան մոտ բոլորս իրարից անկախ կանգ առանք, կարծես պայմանավորված: Այգին այնքան սիրուն ու կոկիկ էր, տան լույսն ու լիալուսինն էլ հետաքրքիր փոխակերպումներով փայլեցնում էին այգում աճող արեւադարձային ծառերի ծաղիկները: Այգին ինձ այնքան հարազատ էր թվում, սիրտս կանգ էր առել: Մի կերպ զսպում էի արցունքներս: Մինչեւ Շուշանն ու մնացածները հերթով թվարկում էին այգու այն ծառերը, որոնք ծանոթ էին, իմ կուրծքը կարծես ճեղքվեց ու դուր թողեց խուլ հառաչանք.«մեր այգուն է նման, տատիկիս տնկած թզենին էլ կա» ու իմ իսկ ձայնից ես ինքս փշաքաղվեցի: Տատիկս` հորս մայրը, Էրզուրումից էր ու միայն մի անգամ է ինձ պատմել իր մասին ու առաջին հերթին նկարագրել է այգին, բոլոր մանրամասներով` ծառերը, ծաղիկները, տան դիրքն ու վարդի թփերը: Չնայած երեք տարեկան է եղել, բայց հիշում էր, թե ինչպես են իրենց այդ տան բակում մորթել իր վեց եղբայրներին ու հորը, ինչպես են իրեն ու մորը ինչ-որ կանայք քարշ տվել, ինչպես են բռնել գաղթի ճամփան, հետո հասել Թիֆլիս, հետո Ղարաբաղ` Շահումյանի Գաղթուտ գյուղ: Իսկ Գաղթուտում արդեն, նրան են սպանել նույն մեր այգում, էլի այս այգու նման` թզենու, պնդուկի ծառերով ու վարդի թփերով:
Ես ինձ վատ էի զգում Թուրքիայում, հատկապես առանձին պահերի, բայց միեւնույն ժամանակ փորձում էի ինչ-որ բան հասկանալ, ինքս էլ չիմանալով թե ի՞նչ բան ու վատ զգալուն զուգահեռ ինձ ձգում էր այդ, ինձ համար մթին երկիրը: Ինձ սթափեցրեց Շչելկունչիկի ձայնը. «նայիր, պնդուկի ծառ է»: «Էս օքյուզը չգիտի էլ է, որ էսի տխիլն ա»,-կատակում էր Վարդուհին ու մենք կչկչում էինք, հատկապես ես, որ փորձում էի թոթափել ինձ վրա հասած հիշողությունները: Մեր այդ կչկչոցից տան դուռը բացվեց ու հիջաբով մի տիկին մաքուր անգլերենով մեզ բարեւեց: Մենք բարեւն առանք ու խոսքի բռնվեցինք: Հերթով գովեցինք նրա այգին ու բակը: Ես առաջ գնացի ու ասացի, որ շատ նման է մեր տանն ու այգուն: Անմիջապես հետաքրքրվեց, թե որտեղից ենք ու պատասխան ստանալով խնդրեց, որ չգնանք, մի քիչ սպասենք, ու ներս գնաց: Քիչ անց ետ եկավ մի մեծ տոպրակ պնդուկով ու առաջարկեց մեզ` «Վերցրեք, հյուրասիրվեք, խնդրեմ»,-ասաց: Մինչեւ մենք շշկռված` չեմուչում էինք անում, Շչելկունչիկը տոպրակը վերցրեց, տիկնոջը շնորհակալություն հայտնեց թե բա. գնացինք:
Մենք շարունակեցինք մեր ճանապարհը Քոջայիլի փոքրիկ գյուղի կենտրոնական փողոցով դեպի մեր հյուրանոցը: Շչելկունչիկն իր տարերքի մեջ էր ընկել: Սա ամբողջ ճանապարհին` մի երեք կիլոմետր երկարությամբ, հետո էլ հյուրանոցի այգում ատամներով ջարդեց ամբողջ պնդուկն ու հյուրասիրեց Վարդուհուն: Անտոնն էլ մեկ-երկու բուռ Շուշանի համար ջարդեց, բայց նրա ջարդածն ի՞նչ էր Շչելկունչիկի ջարդածի համեմատ: Խեղճ Շչելկունչիկ, հույսը տխիլն էր մնացել: Բայց մինչեւ ուշ երեկո հյուրանոցի այգում մի հսկայական տոպրակ տխիլի վերջը տալուց ու ջրիկանալուց հետո Վարդուհիս վեր կացավ, մեզ բարի գիշեր ասաց ու շորորալով գնաց քնելու: Ես ու Շուշանը սպասեցինք, որ Վարդուհին անհետանա հյուրանոցի դռներում, որ հետո մենք էլ գնանք արդեն: Շչելկունչիկն էլի մնաց շիվար ու ճակատիս էր նայում: Ես արդեն հասկացա թե ի՞նչ պիտի ասի ու երկուսս էլ նույն պահին բարձրաձայնեցինք. «Վարդուհու սենյակի համարը ո՞րն է~ր»:
Գայանե Առուստամյան