Քաղաքացիական անհնազանդության իրավունք
15:31, November 3, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Մտքի, խղճի և կրոնի ազատություն, Տեղաշարժի ազատություն | Շանթ Հարությունյան, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն, Քաղաքացիական վերահսկողությունՔաղաքացիական անհնազանդության իրավունք, հավաքների և միավորումների ազատության իրավունք, տեղաշարժի ազատության իրավունք, խոսքի, խղճի, մտքի, կրոնի ազատության իրավունք։ Այսպիսին են այն իրավունքների ոչ ամբողջական ցանկը, որոնք յուրաքանչյուր անհատ, անձ, քաղաքացի ունի անկախ նրա բնակության վայրից, անկախ նրա քաղաքացիությունից, անկախ նրա ազգությունից, սեռից և սեռային կողմնորոշումից, կրթությունից ու սոցիալական վիճակից, անկախ երկրի տիրապետող վարչակազմի բնույթից: Անձն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել, իր կարծիքն ազատ արտահայտել, իր ազատության իրավունքը պաշտպանել և անհրաժեշտության դեպքում անօրինականության դեմ ընդդիմանալ:
Ամբողջ աշխարհում ամեն օր տեղի են ունենում բազմաբնույթ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, մարդիկ դուրս են գալիս փողոց և պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման համար, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ, ոտքի են կանգնում միմյանց իրավունքները պաշտպանելու համար:
Քաղաքացիական բողոքի, անհնազանդության բազմազան, բազմաթիվ և բազմաբնույթ ակցիաներ տեղի են ունենում նաև Հայաստանի Հանրապետությունում:
Վերջին երկու տարվա ընթացքում տեղի են ունեցել և շարունակվում են մի շարք քաղաքացիական անհնազանդության շարժումներ․ «Վճարում ենք 100 դրամ», «Դեմ եմ», ԱՁ-ների հարկման մասին օրենքի դեմ, «Մաշտոցի պուրակ», «Բանակն իրականում», Աֆրիկյանների տուն և այլն: Շատ քաղաքացիներ, որոնց իրավունքները խախտվել են դեռևս շարունակում են պայքարել՝ «Սևազգետ մայրեր», «Դուրս մեր գրպաններից», հղի կանանց նպաստների նոր օրենքի դեմ շարժում, բռնության ենթարկված կանանց իրավուքների պաշտպանության ակցիաներ, ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության դեմ շարժում և վերջապես Շանթ Հարությունյան և ընկերներ՝ «Արժեքների հեղափոխություն»:
Շանթ Հարությունյանը 2013 թ. հոկտեմբերի 31-ին նստացույց սկսեց Երևանի «Ազատության» հրապարակում, իսկ նոյեմբերի 5-ին ձեռնարկել էր «Դիմակների երթ», որը նվիրված էր Գայ Ֆոքսի միջազգային օրվան: Շանթ Հարությունյանն այդ օրը նախաձեռնել էր հեղափոխություն կատարել Հայաստանի Հանրապետությունում՝ իր սկսած շարժումն անվանելով «Արժեքների հեղափոխություն»: Սակայն երթը խափանվեց մի քանի րոպե անց տեղի ունեցած բախումների պատճառով, ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին Շանթ Հարությունյանին, նրա համախոհներին՝թվով 40 հոգու: Հետագայում ձերբակալված անձանց մի մասն ազատ արձակվեց և գործով ներգրավվեց որպես վկա, իսկ տասնչորս ձերբակալվածների՝ Շանթ Հարությունյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Վարդան Վարդանյանին, Միսակ Առաքելյանին, Ալբերտ Մարգարյանին, Անուշավան Գրիգորյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Վահե Մկրտչյանին, Հայկ Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Ալեք Պողոսյանին եւ Սեւակ Մնացականյանին առաջադրվեց մեղադրանք և խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Մինչ այժմ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները գտնվում են կալանքի տակ, նրանց նկատմամբ կիրառվել և դեռևս շարունակում են կիրառվել հոգեբանական ճնշումներ:
2014 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց դատավճիռ, որը ևս մեկ անգամ փաստեց, որ Շանթ Հարությունյանը և ընկերները ենթարկվում են քաղաքական հետապնդման և նրանք ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ են: Քաղաքական հետապնդման ենթարկվեց նույնիսկ Շանթ Հարությունյանի 15-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, ում դատարանը ևս մեղավոր ճանաչեց՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման:
Քաղաքացիական անհնազանդության իրավունքն այն հիմնաքարն է, որը դրվելու է քաղաքացիական հասարակության ձևավորման հիմքում և որը նպաստելու է իրավական պետության ստեղծմանն ու մասնակցային գործընթացների ձևավորմանը:
Կարևորելով վերոհիշյալը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սիրով հրավիրում է բոլոր անհանգստացած քաղաքացիներին «Քաղաքացիական անհնազանդության իրավունք» թեմայով քննարկմանը՝ 2014 թ. նոյեմբերի 5-ին, ժամը 12:00-ին, Անի պլազա հյուրանոցի Դվին սրահում: