ՔԿՀ-ներում կատարվող կասկածելի գնումների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
16:00, October 4, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանի հետ համագործակցությամբ իրականացրել է «Քրեակատարողական հիմնարկներում առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանում» խորագրով ուսումնասիրություն, որի վերաբերյալ 2016 թ. սեպտեմբերի 23-ին Դիտորդական խմբի pmg.am կայքէջում «Կոռուպցիոն ռիսկերը և դրսևորումները քրեակատարողական հիմնարկներում» վերնագրով հրապարակում է արվել:
Հրապարակմամբ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեակատարարողական հիմնարկներին մատակարարվող տավարի շոգեխաշած մսի և հալած յուղի որակին և ծագմանը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տավարի շոգեխաշած միս մատակարարող ընկերությունը դեռևս 2012 թ.-ից դադարեցրել է գործունեությունը, այսինքն՝ մթերքը փաստացի արտադրվել է միս արտադրելու համար համապատասխան փաստաթղթեր չունեցող՝ Երևան քաղաքի Արցախի 57 հասցեում գրանցված Ա/Ձ Հ. Հովսեփյանի կողմից:
Այլ է խնդիրը հալած յուղ մատակարարող «Դանինի» ընկերության հետ: Վերջինս, չնայած նրան, որ չի մասնակցում ՔԿՀ-ի գնումների գործընթացներին, ինչը պետք է հանգեցներ մատակարարվող մթերքի գնի բարձրացմանը, այնուամենայնիվ յուղը մատակարարվում է շուկայականից ցածր գներով, ինչը խորացնում է կասկածները՝ մատակարարվող մթերքի որակի առնչությամբ:
Հրապարակմամբ մատնանշված դեպքերի հիման վրա քրեական գործ հարուցելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ. սեպտեմբերի 28-ին դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ից դեռևս պատասխան չի ստացվել: