«Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն
17:36, October 4, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թվականի սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է «Լոռի» հետուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը:
Դեպքի առթիվ նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, և ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Տ. Թադևոսյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
Վերը նշված քրեական գործի շրջանակներում Նարինե Ավետիսյանը ճանաչվել է տուժող, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժողի ներկայացուցիչներ:
Քրեական գործի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել դատաբժշկական և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ:
2017 թվականի հոկտեմբերի 3-ին տուժողի ներկայացուցիչների կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են միջնորդություններ՝ մի շարք քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ:
Ներկայացված միջնորդությունները բավարարելու կամ մերժելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը դեռևս որոշում չի կայացրել: Գործի հետագա ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: