2018 թ. ապրիլի 17-25-ին տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի մասնակիցների իրավունքների խախտումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումների ընթացքի վերաբերյալ
14:16, May 5, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. ապրիլի 17-25-ը քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն գործադրելու, ինչպես նաև ցուցարարների տեղաշարժը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին 19 հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:
Լրագրողների մասնագիտական գործունեությունը բռնությամբ խոչընդոտելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել, երկուսով էլ, ըստ ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջի, հարուցվել են քրեական գործեր ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն Կազմակերպությանը քրեական գործ հարուցելու մասին պատասխան չեն տրամադրել:
Դրանք վերաբերում են 2018 թ. ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում factor.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի ու նրան օգնության հասած օպերատորի նկատմամբ, ինչպես նաև ապրիլի 21-ին Արտաշատի ճանապարհին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքերին:
Ցույցերին մասնակցությունը խոչընդոտելու վերաբերյալ հանցագործության մասին 3 հաղորդում ենք ներկայացրել, դրանցից ոչ մեկի վերաբերյալ պատասխան չենք ստացել:
Հանցագործության մասին հաղորդումները վերաբերում են Երևանի 152-րդ դպրոցում աշակերտներին փակի տակ պահելուն (http://archive.hcav.am/events/25-04-2018-012/), Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից մարզի գյուղապետերին դասադուլներ թույլ չտալու հրահանգ տալուն https://bit.ly/2I8Jufp, ապրիլի 22-ին Մասիսի քաղաքապետարանի և ոստիկանների կողմից Հովտաշեն և Խաթունարխ գյուղերի բնակիչների՝ դեպի Երևան երթը խոչընդոտելուն:
Խաղաղ ցուցարարներին, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու վերաբերյալ հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացվել:
Ապրիլի 17-ին շուրջ 2 տասնյակ խաղաղ ցուցարարներին ոստիկանական ավտոբուսով, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու մասին հաղորդումն (https://www.facebook.com/azatutyun/videos/1897618636950171) ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն:
Երևանի Ֆրիկի փողոցից 34 TM 967 պետհամարանիշով դեղին գույնի Վազ 2124 մակնիշի ավտոմեքենայով 6 երիտասարդի, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու մասին ահազանգի հիման վրա ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
1 հաղորդում է ներկայացվել 2018 թ. ապրիլի 16-ին ոստիկանների կողմից անվտանգության կանոնների խախտմամբ հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որի հետևանքով 46 անձ բեկորային վնասվածքներ ստացավ:
Մյուս հաղորդումները վերաբերում են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն կիրառելու դեպքերին:
2018 թ. ապրիլի 16-ին Երևանի Հերացի փողոցում ոստիկանների աչքի առաջ ցուցարարներին ծեծելու վերաբերյալ հաղորդումը (http://archive.hcav.am/events/18-04-2018-07/) ծեծող քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու մասով ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն, իսկ ոստիկանների անգործությանն իրավական գնահատական տալու մասով՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Հաղորդում է ներկայացվել նաև ապրիլի 20-ին Երևանի Այվազովսկու փողոցում Toyota Corolla մակնիշի CE. 109C արտասահմանյան պետհամարանիշով ավտոմեքենայից խաղաղ ցուցարարների վրա հարձակված քաղաքացիական անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Եվս մեկ հաղորդում ներկայացվել է ապրիլի 20-ին ցուցարարներին հայհոյելով և սպառնալով ցույցը դադարեցնելու պահանջներ ներկայացրած ոստիկանության փոխգնդապետի գործողությունների վերաբերյալ: Հաղորդումներին կցվել են դեպքերը ներկայացնող տեսանյութեր:
Ինչպես այս, այնպես էլ նույն օրը ավտոերթի մասնակցին Երևանի Ավան թաղամասում դաժանորեն ծեծած (https://youtu.be/vI_k3I4Rsow) քաղաքացիների գործողությունների, ինչպես նաև ցուցարարին Nissan մակնիշի VAR 0001 ավտոմեքենան նստեցնելու փորձ կատարած անձանց գործողությունների վերաբերյալ հաղորդմանը պատասխան չենք ստացել:
Ապրիլի 21-ին Երևանի փողոցներից մեկում ցուցարարի Nissan Tida մակնիշի ավտոմեքենան, իսկ ապրիլի 20-ին՝ BMW մակնիշի ավտոմեքենան վնասած ոստիկանների, ինչպես նաև բերման ենթարկելիս ցուցարար աղջկան վահանով հարվածած ոստիկանի (https://youtu.be/Mho_aQvwpDw) գործողություններին իրավական գնահատական տալու հարցով հաղորդմանը ևս պատասխան չենք ստացել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել նաև ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում ցուցարար երեխաներին ծեծելու վերաբերյալ: Հիշեցնենք՝ ահազանգ էր ստացվել, որ ցուցարարներին ծեծել են գյուղապետի ուղարկած մարդիկ, սակայն ավելի ուշ գյուղապետ Տարոն Քոչարյանը հերքել էր իր կապը տեղի ունեցածի հետ http://archive.hcav.am/events/25-04-2018-98/:
Ապրիլի 22-ին բերման ենթարկվող քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած կարմիրբերետավոր ոստիկանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդմանը ևս պատասխան չենք ստացել https://youtu.be/lUFMwQd-llU:
Բերման ենթարկված անձանց ոստիկանության բաժիններում սահմանված ժամանակից ավել պահելու և նրանց իրավական աջակցություն տրամադրելու համար բաժիններ այցելած փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ 1 հաղորդում է ներկայացվել: Ոստիկանների կողմից անօրինական գործողություններ կատարելու մասով հաղորդումն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, իսկ սահմանված ժամանակից ավելու պահելու մասով՝ ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ. ապրիլի 16-25-ին տեղի ունեցած ցույցերին առնչվող քրեական գործերի, ձերբակալված և կալանավորված անձանց թվի, առաջադրված մեղադրանքների վերաբերյալ հարցումներ է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ քննչական ծառայություն և ՀՀ Ոստիկանություն:
2018 թ. ապրիլի 27-ին ուղարկված հարցումներին դեռևս պատասխան չենք ստացել: