Ռուստամ Ղազարյանի գործով նախնական դատական նիստը հետաձգվեց
16:06, September 5, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներ2015 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Ա. Պետրոսյանի, տեղի ունեցավ <<Ռուստամ Ղազարյանը՝ ընդդեմ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի>> գործով նախնական դատական նիստը:
Դատարան ներկայացված հայցով Ռ. Ղազարյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջել են վերականգնել Ռ. Ղազարյանի խախտված իրավունքները՝ վերացնելով ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ Ռ. Ղազարյանի վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը:
Դատական նիստին ներկա էր միայն Ռ.Ղազարյանի լիազորային ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը: Վկայակոչելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, որի համաձայն՝ փաստաբանի մասնակցությունը պարտադիր է միայն դատական ներկայացուցչության պարբերականության կամ վճարովիության դեպքում, Տ. Սիրադեղյանը նշեց, որ իր կողմից հայցվորի իրավունքների և ազատությունների պաշտպանությունն իրականացվում է անվճար հիմունքներով՝ ներկայացնելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի կողմից տրված համապատասխան տեղեկանք և աշխատանքային պայմանագրի պատճենը:
Նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը հայտնեց, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, իրավունքների պարզաբանման հուշաթերթիկը և դատական նիստի ծանուցագիրը, որոնք Դատարանի կողմից ուղարկվել են հայցվորին, հետ են վերադարձվել՝ անհայտ անձ գրառմամբ, ինչին ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ ստույգ տեղեկություն չունի հայցվորի՝ Դատարան ներկայացված հաշվառման հասցեում բնակվելու մասին:
Պատասխանող կողմը, պատշաճ ծանուցված լինելով նախնական դատական նիստի օրվա և ժամի մասին, բացի նրանից, որ չէր ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը, Դատարան չէր ներկայացրել նաև հայցադիմումի պատասխան:
Դատարանին հայցվորի բնակության հասցեի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ տրամադրելու և Տ. Սիրադեղյանի աշխատանքային պայմանագրի բնօրինակը ներկայացնելու նպատակով դատարանը հետաձգեց նախնական դատական նիստը՝ նշանակելով այն 2015 թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին:
Հիշեցնենք, որ Ռ. Ղազարյանը ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ում հաշվառման է վերցվել իր դեմ հարուցված քրեական գործով կատարված տոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացության հիման վրա՝ առանց համապատասխան հետազոտության ենթարկվելու, իսկ որպես թմրամոլ հաշվառված լինելու մասին Ռ. Ղազարյանը տեղեկացել է մեկ տարի անց՝ նոր վարորդական վկայական ստանալու նպատակով ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում դիմելուց հետո:
Տես նաև՝ http://archive.hcav.am/events/04-08-32514/