ՄԱԿ-ի Կոմիտեն լսեց հայաստանյան կազմակերպություններին
22:55, September 5, 2016 | Այլ, ՆորություններՀաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն փակ ճեպազրույց ունեցավ հայաստանյան կազմակերպությունների հետ։ Կոմիտեի աշխատանքային խումբը լսեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների մտահոգությունները և առաջարկները։
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 2010 թվականին, իսկ դրա իրականացման վերաբերյալ կառավարության ներկայացրած առաջին զեկույցը կոմիտեն կդիտարկի 2017-ին: Մինչ այդ, հասարակական կազմակերպությունների կողմից մշակվել և Կոմիտեին էր ուղարկվել հիմնախնդիրների ցանկը` հարցադրումներ ուղղելով Հայաստանի Հանրապետության Կառավարությանը։ Բացի հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպություններից, նման ցանկ ներկայացրել են նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած փակ ճեպազրույցի նպատակը ևս մեկ անգամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հիմնախնդիրների մասին խոսելու հնարավորություն տալն էր՝ հիմնախնդիրների ցանկը վերջնականացնելու և այն կառավարությանը ներկայացնելու նպատակով։
Ճեպազրույցին Հայաստանը ներկայացնում էին Զարուհի Բաթոյանը («Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» ԻԱՄ), Կարինե Գրիգորյանը («Ագաթ» ՀԿ), Սուսաննա Թադևոսյանը («Հույսի կամուրջ» ՀԿ), Անի Ասատրյանը («Ունիսոն» ՀԿ), Մուշեղ Հովսեփյանը («Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ), Մարիետա Թեմուրյանը և Վարդինե Գրիգորյանը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ), Տաթևիկ Խաչատրյանը (ՄԻՊ գրասենյակ):
Ներկայացվեցին հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաներին, կրթությանը, աշխատանքին, հոգեբանասոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությանը, մատչելիությանը և կոնվենցիայի ներպետական կիրարկման վերաբերյալ հիմնախնդիրները։ Ներկաները խոսեցին նաև օրենսդրական բացերի, կառավարության տարբեր որոշումների մասին, որոնք խտրականություն են պարունակում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ տարբեր ոլորտներում: 20-րոպեանոց ներկայացումներից հետո Կոմիտեի անդամները հարցեր ուղղեցին ՀԿ ներկայացուցիչներին։ Դրանք հիմնականում վերաբերում էին ապաինստիտուցիոնալացմանը, երեխաների շրջանում աղքատության վերացմանը, մատչելիությանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությանը հասարակական և քաղաքական կյանքին։
Այս գործընթացը սկիզբ էր առել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային միության կողմից։ Միության փորձագետները Հայաստան էին ժամանել հուլիսին՝ հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների կարողությունները զարգացնելու։
Կոմիտեի կողմից հիմնախնդիրների ցանկի ներկայացումից երկու ամիս անց` 2016-ի նոյեմբերին, ՀՀ Կառավարությունը պետք է պատասխանի հարցերին: