«Մուկուչյանը, եթե հրաժարվի այդ պահանջը կատարելուց, կմնա անգործ». Արթուր Սաքունց
11:12, October 5, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք«Հայաստանում չճնշվող պաշտոնյա չի կարող լինել: Ես շատ կզարմանայի, եթե Տիգրան Մուկուչյանը հրապարակավ ընդուներ, որ իրեն հրահանգում են կամ ճնշում: Իրականում Տիգրան Մուկուչյանի շփումը թեկնածուների, այդ թեկնածուներին առաջադրած կուսակցությունների եւ հանձնաժողովականների հետ է, բայց ակնհայտ է , որ ինքը չի կարող չկատարել իր թեկնածությունը առաջադրողի հրահանգը, ակնհայտ է, որ ճնշումների ենթարկվում են նույնիսկ Սահմանադրական դատարանի ներկայացուցիչները, որի վկայությունն է «Վիքիլիքսով» տարածված տեղեկատվությունը, որ ժամանակին դատարանի անդամներից մեկը հենց ինքն է ճնշումների մասին հայտնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի այսօրվա հայտարարությանը, թե իր նկատմամբ իշխանությունների կողմից ճնշումներ չկան:
Ինչու են իշխանությունները ԿԸՀ նախագահի պաշտոնում կրկին առաջադրում Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը, ըստ պարոն Սաքունցի, որ. «Կարողանա լավ մանիպուլյացիաների տեխնոլոգիա կիրառել, կատարել քաղաքական պահանջը:
Ի դեպ, Մուկուչյանը գուցե եւ չուզենար էլ գնալ այդ պաշտոնի եւ կարող էր նաեւ հրաժարվել, բայց շատ լավ գիտակցում է, որ եթե հրաժարվի այդ պահանջը կատարելուց, ընդհանրապես կմնա անգործ: Պատրա՞ստ է արդյոք անգործության մատնվել, քան թե գնալ այդ խիստ խոցելի կառույցում ղեկավար լինել, արդեն իր ընտրության հարցն է»:
Ըստ պարոն Սաքունցի, ընտրական վարչարարության առումով ԿԸՀ-ն ընտրակեղծիքների հարցում անմիջական պատասխանատվություն ունի, որովհետեւ. «Հաջորդ հարցը սա է, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովներում ինչո՞ւ են տարիներով նույն մարդիկ լինում: Ամբողջ ընտրական կեղծիքների մեխանիզմը տեղամասային ընտրական հանձնաժողովներից բարձրանում է մինչեւ ԿԸՀ, իսկ դրա դեմն առնելու որեւէ քայլ չունենք:
Մենք տարիներ առաջ առաջարկել էինք, որ ԿԸՀ կազմում առաջադրվեին նոր մարդիկ, հանրության շրջանում վստահություն ունեցող մարդիկ, որով կարեւոր երաշխիք կլիներ, որ նշանակված անձինք քաղաքական, տնտեսական եւ այլ առումներով քաղաքական իշխանությունից կախվածություն չեն ունենա:
Բայց Սերժ Սարգսյանը չգնաց նման փոփոխության, որովհետեւ ընդհանրապես մտահոգված չէ ընտրական հաստատությունների նկատմամբ հասարակության անվստահության փաստով»:
Այսօր ԱԺ-ում ընդդիմադիր ուժերի պատգամավորները հարցեր էին ուղղում Տիգրան Մուկուչյանին, պարոն Սաքունցի խոսքով, նրանց տեղը, եթե լիներ, բոլոր հարցադրումները կուղղեր Սերժ Սարգսյանին, որովհետեւ առաջադրողը նա է.
«Ես հարցեր կուղղեի նաեւ ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնց անդամները ընտրական տեղամասային հանձնաժողովներում նախագահներ են, հանձնաժողովականներ ու ներկա են լինում ընտրական տեղամասերում եւ նաեւ իրենց մասնակցությամբ տեղամասերում են ընտրական կեղծիքներ տեղի ունենում կամ այդ տեղամասերում է ընդդիմությունը պարտվում: Բավականին լուրջ մտահոգիչ հարցեր կան, մտահոգվելու հիմքեր ունեն նաեւ ոչ իշխանական ուժերը»: