ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը: Դատապարտում ենք Ռ․ Գրիգորյանի նկատմամբ կատարված բռնությունը
12:56, October 5, 2016 | Հայտարարություններ, Սեփական | Ընտրական իրավունքՎանաձորի ՏԻՄ ընտրություններում Հայկական վերածնունդ կուսակցության ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանը թվով 15 անձանց հետ 2016 թ․ հոկտեմբերի 4-ի երեկոյան ներխուժել է Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցի և դաժան ծեծի ենթարկել եկեղեցու հովիվ, վերապատվելի Ռաֆիկ Գրիգորյանին։
Արկադի Փելեշյանը վերջինիս մեղադրել է ընտրություններում առաջադրված այլ թեկնածուների օգտին աշխատելու մեջ։
Տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում տիրող բացարձակ ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի հերթական դրսևորումն է, որը ևս մեկ անգամ ստվերում է ընտրական գործընթացները՝ Հանրապետությունում։
Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս քաղաքական գործընթացներում քրեական գործելակերպի անթույլատրելիությունը։
Տեղի ունեցածը որակում ենք որպես ահաբեկչություն՝ քաղաքացու և նրա ազատ կամքի արտահայտման դեմ և ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները այս հանցագործությանը կտան համարժեք իրավական գնահատական և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։