Երբ իրավունքները հավասար են զրոյի. ապրիլյան մարտերի մասնակցի դատավճիռը կանխորոշված էր
11:12, February 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերԵրեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել Խորենացի փողոցում անցած տարված հուլիսյան դեպքերին մասնակցած երեք քաղաքացու՝ Գագիկ Միքայելյանին, Արսեն Մկրտումյանին և Սոսո Մարգարյանին։
Նրանք երեքն էլ նույն մեղադրանքով են դատապարտվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն են կիրառել: Ոստիկանների հանդեպ բռնություն կիրառելու, մասնավորապես, նրանց վրա քար նետելու մեջ մեղադրվող Գագիկ Միքայելյանը մինչև կալանավորվելն աշխատել է 142 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ: Գագիկ Մելիքյանը նաև որպես կամավոր մեկնել է սահման ու մասնակցել ապրիլյան մարտերին:
Գագիկ Միքայելյանի փաստաբան Անի Չատինյանը NewsBook-ի հետ զրույցում ասաց, որ թե հարուցված քրեական գործում, թե առաջադրված մեղադրանքում հանցակազմը բացակայել է:
«Դիմումներն ու բողոքները եղել են հենց այդ շրջանակում: Այսինքն՝ Քրեական օրենսգրքով քարեր նետելը հանցանքի տարր չի պարունակում, առավել ևս, որ այդ քարերը որևէ մեկին վնաս չեն տվել»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ հանցակազմի բացակայության հիմքով գործը կարճելու, ինչպես նաև գրավի միջնորդությունները ապարդյուն էին:
«Յուրաքանչյուր միջնորդություն մերժվում էր: Ցավալին հենց այն էր, որ ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված էր: Հենց այսպիսի ավարտ էր կանխորոշված: Իսկ արագացված դատական կարգով իշխանություններն իրենց ինչ-որ չափով ապահովագրեցին: Նման վարքագծով դրդեցին, որ մարդիկ ընդունեցին իրենց մեղքը: Այս դեպքում արդեն ապացույցներ հետազոտելու և այլ գործողությունների որևէ հնարավորություն չկա: Ուղղակի վիճաբանությունների փուլ է մտնում գործն, ու դատավաճիռ է կայացվում: Իսկ նման դատավաճիռ կայացնելու որևէ հիմք չկար, որովհետև դատարանը բավարար չափով տեղեկություններ ուներ Գագիկ Միքայելյանի անձի բնութագրի, հատկանիշների, նախկինում չդատված լինելու, անչափահաս երեխայի խնամքի և կնոջ առկայության մասին: Դրական բնութագրերը հիմք էին տալիս մտածելու, որ հնարավոր է՝ անձի դեմ կարող էր պատիժ չկիրառվել»,- ասաց Անի Չատինյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ պատերազմին մասնակցելու վերաբերյալ տեղեկություն դատարանն իր ձեռքին ևս ուներ, բայց՝ ապարդյուն:
«Գագիկը, թողնելով աշխատանքը, ընտանիքը, հայրենասիրությունից դրդված՝ գնացել ու պաշտպանել է հայրենքիը: Նա զինվորների կողքին է եղել քառօրյա պատերազմի ժամանակ: Մեկ ամսից ավելի ժամանակով գտնվել էր սահմանին: Բայց այս ամենն էլ Հայաստանում որևէ նշանակություն չունեցավ: Այսինքն՝ վճռի հիմքում նման հայրենասիրական, մարդասիրական հանգամանքները որևէ առնչություն չունեցան: Ցավոք, այս գնահատականը պիտի տամ` իշխանությունների համար մարդու կյանքը, ապրած տարիները, գործողությունները որևէ նշանակություն չունեն»,- նշեց փաստաբանը:
Նա հայտնեց, որ կասեցված չէր նաև աշխատանքային պայմանագիրը:
«Մարդուն ազատության մեջ թողնելու հիմքերը կային, որ նա շարունակի իր բնականոն կյանքը: Թող էլի պատիժ կրի, բայց գոնե պահելով իր երեխային ու կնոջը: Տան միակ աշխատողը նա էր, կինը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Բայց որևէ բան նշանակություն չունեցավ, որովհետև ամեն ինչ դեռ վաղուց էր որոշված: Հուլիսի 17-ից սկսած` այդ անձանց ճակատագիրը կանխորոշված էր, իսկ դատավաճիռները՝ գրված: Այն անձանց մասին է խոսքը, որոնք բերման ենթարկվեցին ոստիկանություն, ովքեր նաև խոշտանգումների ենթարկվեցին կամ անմարդկային վերաբերմունքի արժանացան: Իշխանությունները շատ արագ բացահայտեցին քար նետողերին, գտան նրանց: Իսկ այն անձինք, որոնք մարմնական վնասվածքներ հասցրեցին, որոնք բերման ենթարկելիս ոստիկանության բաժիններում անմարդկային վերաբերմունք դրսևորեցին ցույցի մասնակիցների և առհասարակ ժողովրդի նկատմամբ, իրենք դեռևս բացահայտված չեն»,-շեշտեց նա:
Փաստաբանն ընդգծեց, որ հուլիսից սկսած տասնյակ դեպքեր կան, երբ, չակերտավոր ասած, զանգվածային անկարգության համար մարդիկ դատապարտվեցին. «Բայց բռություններ գործադրելու և իրավունքի նման խախտումները դեռևս չեն բացահայտվել: Չկա որևէ դատապարտված անձ, որը խոշտանգել է, բռնություն է կիրառել, որն ապօրինի ազատությունից զրկել է: Ո՛չ անձ, և ո՛չ էլ հրաման տվողներ կան: Սա խիստ անհամաչափ մոտեցում է: Հենց սկզբից եղել է գործողությունների անհամաչափություն, այժմ էլ դրանք արդեն դատավաճիռների տեսքով են: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Հայաստանում արդարադատություն չկա:
Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանում մարդու իրավունքները հավասար են զրոյի: Որևէ մարմին, որևէ մեկը, որևէ անկախ մարմին չկա, որը պատրաստ է պաշտպանել խախտված իրավունքը: Ավելին՝ այսօր մեր իրականության մեջ դատվում են նրանք, որոնք համարձակվում են խոսքի ազատության իրենց իրավունքը իրացնել: Նման վարքագիծն առավել քան շոշափելի է»:
Գագիկ Միքայելյանի վճիռը պաշտպանական կողմը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարանում:
«Վճիռը կստանանք, ու եթե զգանք, որ Հայաստանում արդարադատություն չի իրականացվում, կփորձենք այն գտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ընդգծեց պաշտպանը: