Մայրը պահանջում է, որ որդու աչքը վնասած ուսուցիչը պատժվի միտումնավոր վնաս պատճառելու համար
13:22, March 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍևանի ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտի մայրը պնդում է, որ որդու աչքն ակնակապիճից դուրս է եկել ուսուցչուհու՝ կախիչով հասցրած հարվածից հետո: Թեպետ աշակերտն ու ծնողը վստահեցնում են, որ ուսուցչուհին միտումնավոր է հարվածել երեխային, այդուհանդերձ, քրեական գործը հարուցվել է՝ առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: Ընտանիքի փաստաբան Ռոբերտ Բեջանյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործը ոչ թե առողջությանը անզգուշորեն, այլ դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու հատկանիշով փոխարինելու պահանջով:
«Նրանք նման մեղադրանք առաջադրելով ավելի շատ պաշտպանական գործառույթ են կատարել հանցանք կատարողի համար», – «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:
Հարազատները չեն զարմանում, որ ուսուցչուհին հենց այս հոդվածով է մեղքն ընդունել: Վստահ են, որ նա կվճարի նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով՝ օրենքով սահմանված գումարն ու գործը դրանով կհամարվի փակված:
Մեկ աչքի տեսողությունից դպրոցում զրկված ու 2-րդ կարգի հաշմանդամ դարձած աշակերտի մայրը՝ Էլմիրա Գևորգյանը պահանջում է, որ քրեական գործը հարուցվի՝ 112 հոդվածի 2-րդ մասով, ինչը 5-10 տարվա ազատազրկում է նախատեսում:
«Ես պահանջում եմ, որ իրան ազատազրկեն ու ես պահանջում եմ, որ ինքը իր ստաժից էլ զրկվի: Իր ամուսինն ասում է՝ մի տարի է մնացել, սա վերջին տարին է, որ թոշակի գնա, ինչի՞ մասին է խոսքը, ո՞նց կարելի է, որ էս միջադեպի համար ստաժից զրկվի մարդը», – փոխանցեց Էլմիրա Գևորգյանը:
«Ազատության» հետ զրույցում, Սևանի ավագ դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը հակադարձում էր, որ ինքը դիտավորյալ չի հարվածել երեխային և մինչև հիմա էլ չի հասկանում, թե ինչպես է սուր ծայրերով մետաղյա ծանր կախիչն ընկել երեխայի վրա ու հանել աչքը:
Տուժող,8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանը թե առերեսման ընթացքում, և թե դրանից առաջ պնդել է, որ դասընկերների ներկայությամբ ուսուցչուհին նախ սպառնացել է իրեն, որ կհարվածի, ինչից հետո կախիչը հրել է իր ուղղությամբ: Սակայն ծնողի պնդմամբ՝ տնօրինության ճնշման ազդեցությամբ, Մեսրոպի դասընկերներն այլ ցուցմունք են տվել:
«Պայմանավորվածություն կա ուսուցչական կոլեկտիվի ու երեխեքի հետ, հիմա գալիս են ու առերեսման ժամանակ ասում են՝ մենք զանգել ենք Մեսրոպին, Մեսրոպն ասել է՝ ես շատ լավ եմ, ինձ մոտ խնդիր չկա ու ուսուցիչն էլ մեղավոր չի, ես եմ մեղավոր եղել, ես եմ արել, ուսուցիչը մեղք չունի: Մեսրոպը շատ նեղված էր, լացում էր, որ լացել չէր կարելի, ինքը էդ ցավից ու նեղվածությունից լացում էր, արյուն էր գալիս», – պատմեց աշակերտի մայրը:
Դեպքի մանրամասներին ծանոթ իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահ է, որ աշակերտների իրարամերժ ցուցմունքները խոսում են այն մասին, որ վարույթն իրականացնող իրավապահ մարմինը համապատասխան պատշաճությամբ չի քննել գործը:
«Արդյունավետ քննության տրամաբանություն չի աշխատել, ոչ թե պետք է միայն պասիվ նստի և լսի, թե իրեն ինչ են ասում, այլ նաև ինքը միջոցներ ձեռք առնի, որ մարդիկ ազատ, անկաշկանդ կարողանային ցուցմունքներ տալ: Միանշանակ է, որ այս քրեական գործով քննչական մարմինը ուղղված է ավելի շատ փոքրացնելու հանցագործության ծավալը», – ասաց իրավապաշտպանը:
Սաքունցը հավելում է՝ գրեթե նույն սցենարով էր զարգանում նաև տարիներ առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի հետևանքով կյանքից զրկված տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը: Այդ պարագայում էլ ծեծկռտուքի մասնակից աշակերտներինդասարանում միայնակ թողած ուսուցչուհու ազդեցիկ հովանավորները նպաստեցին, որ վերջինս առավելագույնս մեղմ պատիժ ստանա: Այդ գործով բոլոր փաստաթղթերն այսօր արդեն Եվրոպական դատարան են հասել: Երկու դեպքում էլ,ըստ իրավապաշտպանի, իրավապահ մարմինները լիարժեք քննություն չեն իրականացրել և փորձել են հնարավորինս մեղմ վերաբերվել ուսուցիչներին:
«Նրանք փորձել են քրեական գործը տանել այնպիսի հունով, որպեսզի նվազագույն պատասխանատվություն կրի: Ավելի շատ հիշեցնում է ուսուցչուհու և քննչական մարմին միջև գործարք», – ընդգծեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ www.azatutyun.am