«Դուբինկաների հետքերը կան, բայց վախենում է խոստովանել, որ իրեն ոստիկանությունում ծեծել են»
18:04, April 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում | Ոստիկանություն«Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ»,- ՀՀ դատախազական համակարգի վերաբերյալ այս թերությունը միակը չէ, որն արձանագրվել է Օմբուդսմենի՝ 2014-ին ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցում:
Փաստաթղթի համաձայն՝ ստացվել են բողոքներ, որ 2014 թվականի ընթացքում ձերբակալված և կալանավորված անձանց պահման մի շարք վայրեր, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) ընդունված անձանց մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, սակայն դրանց առկայության փաստով բազմաթիվ դեպքերում կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում դադարեցնելու մասին որոշումներ՝ պնդումներով, թե այդ վնասվածքները առկա են եղել մինչև ՔՀԿ տեղափոխվելը:
Օմբուդսմենի զեկույցում ամրագրված մյուս մտահոգիչ փաստը հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ Դատախազության կողմից բավարար միջոցներ չձեռնարկելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ չուսումնասիրելու, ինչպես նաև քննությունը անհիմն ձգձգելու խնդիրներին է վերաբերում:
Նշենք, որ համաձայն զեկույցի՝ գործերից մեկի քննությունը ձգձգվել է շուրջ 8 տարի՝ արդյունքում հանգեցնելով գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման: Այսօրինակ նախադեպերից խուսափելու առաջարկվում է մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, այդ թվում` մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով՝ աջակցել հատուկ հանձնաժողովի ձևավորմանը:
Aravot.am-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց՝ կա՞ նման հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն: Նա պատասխանեց. «Նոր մարմնի ստեղծման անհրաժեշտություն չկա: Դրանք այն քրեական գործերն են, որոնց փաստի առիթով հարուցվում են քրեական գործեր՝ հիմնավորումը ազգային թշնամանք է: Մինչդեռ ավելի ճիշտ կլիներ դիտավորյալ սպանության հոդված դնելը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հենց դատախազությունն է: Հանձնաժողովն ի՞նչ է անելու, որը չի կարող անել դատախազությունը: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են պատասխանատու մարմիններ, որոնք էլ պետք է բազմակողմանիություն ու թափանցիկությունն ապահովեն:
Այլ հարց է, որ այդ գործերով ի սկզբանե քննության իրականացումը մինչև վերջ հնարավոր չէ իրականացնել, քանի որ խանգարող հանգամանքներ կան. ասենք ադրբեջանցիներին հարցաքննելը և այլն: Այլ հարց է, որ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ հնարավորություն տրվի զոհված զինծառայողների հարազատներին կյանքի իրավունքի խախտման հիմքով դիմել Եվրադատարան»:
ՔՀԿ-ներում գտնվող անձանց մարմնական վնասվածքների հետ կապված՝ օմբուդսմենի զեկույցում նշված մտահոգությունների հետ պարոն Սաքունցը համամիտ է: Նա հաստատեց. «Իրապես պատշաճ քննություն չի կատարվում և հենց պատասխանատվությունը դատախազությանն է: Այն, որ անձը վայր է ընկել իբր պատահմամբ, այս հանգամանքը չպետք է հիմք հանդիսանա քրեական գործի հարուցումը մերժելու և նախաքննություն չիրականացնելու համար»:
Արթուր Սաքունցի փոխանցմամբ՝ նման նախադեպեր գրանցվում են հատկապես այն պատճառով, որ անձինք խուսափում են առնչվել իրավապահների հետ՝ վախի պատճառով: Նա այսօրինակ դեպքերից մի քանիսն առանձնացրեց. «Անձը հրաժարվում էր ցուցմունք տալուց, ասում, թե գրանտակերներին մենք չենք լիազորում մեր շահերի պաշտպանությունը: Մինչդեռ դատարանը բավարարեց մեր բողոքը և նորից քրեական գործ հարուցվեց: Նրանցից մեկը ազատվել էր, մյուսը դեռ ՔՀԿ-ում էր, բայց մենք տեղեկություններ ունեինք, որ ոստիկանությունում լավ ծեծել էին մեկին, դուբինկաների հետքերը կային, բայց վախենում էր խոստովանել, որ ոստիկանությունում ծեծել են: ՀՔԾ-ն և դատախազությունը պետք է անձի անվտանգության ապահովման համար արդյունավետ երաշխիքներ ապահովեն, ինչը չի արվում: Իրենք չեն կատարում քայլեր, որ անձի մոտ այդ վախը վերանա և վստահություն առաջանա իրավապահ մարմնի նկատմամբ»:
Աղբյուրը՝ www.aravot.am