Իրավապահները դա հանցագործություն չեն համարում
19:54, April 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՆախընտրական շրջանում ընտրակաշառքի բաժանման մասին բազմաթիվ ահազանգերին ու մամուլի հրապարակումներին զուգահեռ իրավապահ մարմիններն ընտրակաշառքի դեպքով որևէ քրեական գործ չեն հարուցել: Համենայնդեպս, այդ մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա: Միայն պաշտոնապես հայտարարվել է, որ կրկնաքվեարկության դեպքերով են քրեական գործեր հարուցվել:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ իրավապահների այս լռությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանություններն ու մասնավորապես իրավապահ մարմիններն ընտրական հանցագործությունները կամ ընտրական գործընթացի խախտումները չեն համարում ծանր ու պետական հանցագործություններ:
Lragir.am-ի հետ զրուցում Սաքունցն ասաց, որ և ապրիլի 1-ին՝ լռության օրը, և քվեարկության օրը ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ զանգվածային տեղեկություններ եղան: Բայց դրանով հանդերձ որևէ քրեական գործ չհարուցվեց, չեղավ տեղեկություն այն մասին, որ իրավապահ մարմիններն արձանագրել են գեթ մեկ ընտրակաշառքի դեպք կամ որևէ անձի կարողացել են հայտնաբերել:«Այսինքն՝ զանգվածային հանցագործություն է տեղի ունենում, և իրավապահ մարմինները մատը մատին չեն տալիս: Նույնը տեղի ունեցավ դպրոցների տնօրենների ու վարչական մարմինների ներգրավմամբ վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահման փաստի դեպքում: Գոյություն ունի փաստ, բայց իրավապահները մատը մատին չտվեցին»,- ասաց նա:
Ըստ Սաքունցի՝ իրավապահ մարմիններն ունեն բավարար չափով ռեսուրսներ և որ ամենակարևորն է, նրանց պարտավորությունն է ցանկացած հանցագործության կանխման, բացահայտման ուղղությումամբ գործողություններ կատարելը: Բայց այսօր արձանագրում ենք, որ նրանք անգործություն են ցուցաբերում: Իսկ պատճառն այն է, որ ընտրախախտումը ծանր հանցագործություն չեն համարում: