Լիա Միսակյանի գործով շարունակվում է փորձագետի հարցաքննությունը
17:11, June 6, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ | Լիա Միսակյան2014 թ. հունիսի 5-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը, որի ընթացքում շարունակվեց ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպանի կողմից փորձագետ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը: Սույն դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը չէր ներկայացել: Վերջինս այդ առնչությամբ նախորդ դատական նիստին հայտնել էր, որ բացակայելու է Հայաստանի Հանրապետությունից և չի կարող մասնակցել դատական նիստին:
Հարցաքննության ընթացքում պաշտպան Ե. Սարգսյանը նշեց, որ փորձագետը բազմիցս հայտնել է, որ Առողջապահական միջազգային կազմակերպության չափորոշիչները չպետք է կիրառվեն, և հետաքրքրվեց, թե արդյոք նպատակահարմար չէ, որ գիտական զարգացումների հիման վրա կազմակերպությունը մշակել է նոր ուղեցույցներ: Փորձագետը հայտնեց, որ իրենք փորձաքննության ընթացքում օգտվել են այն նյութերից, որոնք տրվել են դատաբժշկական փորձաքննությամբ և հավելեց, որ բժշկությունը ՀՀ-ում չի ստեղծվել, օգտագործվում է միջազգային փորձը, և գրականություններն ունեն ընդհանրություններ, դրանցում չեն կարող լուրջ փոփոխություններ լինել: Փորձագետը մեջբերում կատարեց նաև նաև հիշյալ կազմակերպության 2007 թ. ուղեցույցից, ըստ որի ուղեցույցը նախատեսված է առաջնային հիվանդանոցների բժիշկների, բուժքույրերի և այլ անձնակազմի համար՝ սահմանափակ ռեսուրսների պայմաններում: Փորձագետը պարզաբանեց, որ ուղեցույցը նախատեսված է շրջանների հիվանդանոցների համար, որտեղ նույնիսկ կարող են բժիշկներ չլինել և չի կարող կիրառվել «Արաբկիր» ԲԿ-ի նման հիվանդանոցում:
Պաշտպանը հետաքրքրվեց, թե արդյոք փորձագետի աշխատանքային պրակտիկայում եղել են այնպիսի դեպքեր, որ իր կողմից տրված եզրակացությունները սխալ լինեն: Փորձագետն ի պատասխան հայտնեց, որ այնքանով, որքանով փորձագիտական եզրակացությունների արդյունքներն իրենց հայտնի չեն լինում, որևիցե անգամ սխալ փորձաքննություն չի եղել: Պաշտպանը վկայակոչեց մեկ այլ գործով փորձագետ Գ. Հարությունյանի մասնակցությամբ տրված փորձագիտական եզրակացությանը, որը հետագայում ամբողջությամբ հերքվել էր մեկ այլ փորձաքննության արդյունքներով, սակայն դատավոր Լ. Ավետիսյանը հանեց հարցը, նշելով, որ դա չի վերաբերում տրված եզրակացությանը: Ի պատասխանը պաշտպանը խնդրեց չհանել հարցը, պատճառաբանելով, որ կարող է քննարկվել փորձագետի ձեռնհասության հարցը: Դատավորը պնդեց, որ ձեռնհասության հարցը կարող է քննարկվել մինչև փորձաքննություն նշանակելը և ոչ թե դատաքննության փուլում: Պաշտպանը նշեց, որ ինքը ներգրավվել է նախաքննության ավարտման փուլում և հնարավորություն չի ունեցել այդ հարցը քննարկման առարկա դարձնել, բացի այդ վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածը, որի համաձայն պաշտպանն օգտվում է իր պաշտպանյալին օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունքից: Դատավորը նշեց, որ դեռևս փորձագիտական եզրակացությունը չի գնահատվել, այն որպես ապացույց օգտագործելու հարցը լուծելու է դատարանը: Փորձագետի ձեռնհասության վերաբերյալ կատարված հայտարարությանն արձագանքեց նաև մեղադրող Դ. Կարապետյանը: Վերջինս հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 249-րդ հոդվածը նախատեսում է, որ միայն փորձագիտական հիմնարկից դուրս կատարվող փորձաքննության դեպքում է լուծվում փորձագետի ձեռնհասության հարցը, իսկ Գ. Հարությունյանը աշխատում է փորձագիտական հիմնարկում, որտեղ բոլորը փորձագետներ են, և ձեռնհասության հարց չի կարող լինել
Պաշտպանը հետաքրքրվեց, թե արդյոք փորձագետը պնդում է, որ 30-32 շնչառական ակտը համարվում է հաճախաշնչություն: Փորձագետը դրական պատասխան տվեց, նշելով, որ ախտանիշները պետք է միասին դիտարկվեն, բացի այդ փորձագետը կարծիք հայտնեց, որ հաշվարկը սխալ է կատարվել, քանի որ տնքոցով շնչառության պայմաններում դժվար է ճիշտ հաշվարկ կատարել: Դատական նիստի ընթացքում ի պատասխան պաշտպան Ե. Սարգսյանի հարցերին, փորձագետը կրկին ներկայացրեց թոքաբորբ հիվանդության հիմնական ախտանիշները, որից հետո պաշտպանը սկսեց հերթով անդրադառնալ այդ ախտանիշներից յուրաքանչյուրին: Դատավորը պահանջեց ձևակերպել հարցեր եզրակացության վերաբերյալ ու դրանք ուղղել փորձագետին: Մեղադրող Դ. Կարապետյանն անհրաժեշտ համարեց հայտնել դատարանին, որ Լիա Միսակյանի ծնողը նկարահանել է երեխային, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է շնչում երեխան: Մեղադրողը նշեց, որ հիշյալ տեսաձայնագրությունը որպես ապացույց գործում չկա, սակայն դրա վերաբերյալ սահմանված փուլում կներկայացվի համապատասխան միջնորդություն:
Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը ներկայացրեց Լիա Միսակյանի ծնողների՝ Գեորգի Միսակյանի և Աշխեն Բաբայանի ցուցմունքը, փորձելով պարզել, որ եթե փոխվեն անամնեստիկ տվյալները, արդյոք կփոխվի նաև փորձագիտական եզրակացությունը: Փորձագետ Գ. Հարությունյանը հայտնեց, որ ցուցմունքները հավանաբար վերցվել են քննիչի կողմից, սակայն ցուցմունքը և հիվանդության պատմագիրը կարող են տարբեր լինել, քանի որ բժիշկը ճշտում է հիվանդության հետ կապված էական նշանակություն ունեցող հանգամանքները:
Այնուհետև պաշտպանը փորձեց պարզել, թե ինչպես են առանց մանրէաբանական հետազոտության Լիա Միսակյանի մոտ ախտորոշել թարախաֆիբրինային նշիկաբորբ: Փորձագետը նշեց, որ կատարվել է նշիկների հյուսվածաբանական հետազոտություն, որն արդեն բավարար էր, բացի այդ նշեց, որ այդ հետազոտությունը կատարվում է մանրադիտակային ապակիների միջոցով, որոնք պահպանվում են: Պաշտպանը հետաքրքվեց, թե ինչպես է որոշվել նշիկաբորբի 7 և ավելի օր վաղեմությունը: Գ. Հարությունյանը նշեց, որ հաշվի են առնվել հյուսվածաբանի նկարագրական տվյալներ, իսկ այլ հարցերի դեպքում, դրանք կարող են պարզել համապատասխան մասնագետից:
Պաշտպան Ե. Սարգսյանը հարցրեց, թե ինչ բուժում պետք է նշանակվեր թարախային նշիկաբորբի դեպքում, որին ի պատասխան փորձագետը նշեց, որ պետք է կատարվեր անտիբիոտիկայի թերապիա: Պաշտպանը հղում կատարեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ձեռնարկի, ըստ որի նշիկաբորբի դեպքում մինչև երեք տարեկան երեխաների դեպքում ցուցված չէ հակաբակտերիալ բուժումը: Փորձագետը մեկ անգամ ևս պնդեց, որ չի կարելի նշիկաբորբը տարանջատել թոքաբորբից, քանի որ պետք է հաշվի առնվեն բոլոր ախտանիշները: Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ պաշտպան Ե. Սարգսյանի կողմից տրված հարցերն արդեն իսկ տրվել են մյուս պաշտպան Գ. Հովհաննիսյանի կողմից, դատավորը մեկ անգամ ևս հորդորեց պաշտպանին սահմանափակել հարցերը և դրանք ուղղել միայն փորձագիտական եզրակացության վերաբերյալ:
Այնուհետև պաշտպանն սկսեց հարցեր ուղղել թարախաֆիբրինային թոքաբորբի վերաբերյալ: Մասնավորապես, Ե. Սարգսանը հետաքրքրվեց, թե ինչպես է ախտորոշվել թարախաֆիբրինային թոքաբորբ, եթե չի կատարվել մանրէաբանական հետազոտություն: Փորձագետն այս դեպքում ևս բավարար համարեց հյուսվածաբանական հետազոտության կատարումը, որի վաղեմությունը նույնպես որոշվել է հյուսվածաբանական հետազոտության հիման վրա:
Պաշտպանը հետաքրքրվեց, թե արդյոք Լիա Միսակյանի ձախ թոքը հետազոտվել է, որին ի պատասխան փորձագետը ուղղորդեց այդ հարցը պարզել առաջնային փորձագետից: Պաշտպանը ճշտեց, թե արդյոք ձախ թոքը նույնպես եղել է ախտահարված: Փորձագետն ընթերցեց եզրակացության մեջ թոքի նկարագրական մասը, որտեղ ձախ թոքի վերաբերյալ տվյալներ չկային: Պաշտպանը փորձեց ճշտել, թե արդյոք դա նշանակում է, որ ձախ թոքում չի եղել թարախաֆիբրինային թոքաբորբ: Փորձագետը նշեց, որ ձախ թոքում չի եղել թարախաֆիբրինային թոքաբորբ, չնայած կարծիք հայտնեց այն մասին, որ եթե աջ թոքն ախտահարված է եղել, պետք է մյուս թոքը ևս ախտահարված լիներ:
Պաշտպանը հայտնեց, որ ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, Լիա Միսակյանի թոքերն ամբողջությամբ զբաղեցրել են պլևրալ խոռոչը, որտեղ առկա է եղել 300 մլ հեղում: Պաշտպանը շտեց, թե արդյոք հեղուկի այդ քանակը բավարար է: Փորձագետը նշեց, որ 300 մլ բավականին շատ է: Պաշտպանը հարցրեց, թե արդյոք այդքան հեղուկի առկայության դեպքում երեխան կարող էր շնչել և առանց տնքոցների: Փորձագետը նշեց, որ պլևրալ խոռոչը կարող է 1,5 լիտր հեղում պարունակել և պնդեց, որ դա չէր ազդի երեխայի շնչառության վրա: Պաշտպանի այն հարցրին, թե արդյոք այդ հեղուկը կարող էր արագ հավաքվել, երբ նախորդ օրն, ըստ ռենտգեն հետազոտության, հեղուկի քանակը եղել է մինիմալ, փորձագետը դրական պատասխան տվեց:
Պաշտպանի հարցին ի պատասխան փորձագետը նշեց, որ արյան փոխներարկման նպատակը պետք է լիներ երեխայի դիմադրողականության բարձրացումը: Պաշտպանական կողմը, մասնավորապես, պաշտպան Գ. Հովհաննիսյանը նշեց, որ իր պաշտպանյալ Լիլիթ Վարդանյանը հնարավորություն չի ունեցել հարցեր ուղղելու փորձագետին, որի պատճառով խնդրեց ևս մի քանի հարց ուղղելու հնարավորություն ընձեռել:
Մեկ այլ գործով դատական նիստ նշանակված լինելու պատճառով սույն գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. հունիս 17-ին, ժամը 11:00-ին: